Մեկնաբանություն

01.09.2020 01:13


Փաշինյանը ՊՊԾ գնդի կամ ԱԺ-ի մոտ արձան կտեղադրի՞ (տեսանյութ)

Փաշինյանը ՊՊԾ գնդի կամ ԱԺ-ի մոտ արձան կտեղադրի՞ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ կոմպլեքսներ ունի։ Դրանցից մեկը 2008թ․ մարտի 1–ով է պայմանավորված։ Ինքն առնվազն ենթագիտակցական մակարդակում գիտի, որ սեփական մեղավորությունն ունի 10 զոհերի համար։ Դա է պատճառը, որ բյուջեի հաշվին զոհերի հարազատներին փող է հատկացնում, համ էլ ձեռքի հետ օգտագործում դրանցից ոմանց ներքաղաքական նպատակներով։

Բացի պետբյուջեի հաշվին սեփական հարցերը լուծելուց, Նիկոլը նաև որոշել է արձան տեղադրել մարտի 1–ի թեմայով։ Արձանը կտեղադրվի մոտավորապես այնտեղ, որտեղից ինքը կոչ էր անում հավաքվածներին զինվել ու գնալ բախումների ոստիկանության հետ։ Նա կոչ էր անում դիրքերից չնահանջել ու ոչնչացնել, իր իսկ ձևակերպմամբ, «ղարաբաղցի տականքներին»։

Նիկոլ Փաշինյանի գործողությունների և Լևոն Տեր–Պետրոսյանի «մարաղ» մտնելու արդյունքում ունեցանք 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ՝ հիմնականում ոստիկանության շարքերից, ու խայտառակված Հայաստան։

Ֆորմալ առումով բախումները և ոստիկանության վրա հարձակումները ընտրությունների արդյունքների համար էին, բայց իրականում վեճի առարկան Արցախն էր։ Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ չի հրաժարվել տխրահռչակ փուլային տարբերակից ու Հայաստանի զարգացումը չի տեսնում առանց զիջումների։ Ահա այդ թեզը պաշտպանելու համար էր Նիկոլը կոչ անում լուծել «ղարաբաղցիների» հարցերը։

2008թ․ մարտի 1–ին, ըստ այդմ, յուրօրինակ հայ–ադրբեջանական բախումներ էին Երևանի կենտրոնում։ Քիրվայական կոդը պարտվեց, ու դա է պատճառը, որ Նիկոլն իշխանության գալուն պես սկսեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը։ Դա ոչ միայն անձնական վրեժ էր, այլ 1998–ին կիսատ մնացած և 2008–ին ռևանշի չհասած ծրագրի իրագործման կարևոր մաս։ Թե ինչով է ավարտվելու հայաստանակենտրոն ու քիրվայակենտրոն ուժերի բախումը, պարզ կդառնա շատ շուտով։

Ինչ մնում է Երևանի քաղաքապետարանի մոտ «Մարտի 1»–ի արձան տեղադրելուն, ապա այդ նույն տրամաբանությամբ Նիկոլը պետք է արձան տեղադրի ՊՊԾ գնդի մոտ, քանզի փաստացի նույն բանն են արել «ծռերը» 2016–ին, ինչ նիկոլենք 2008–ին, այն է՝ փորձել են բռնի ուժով և ոստիկանության վրա հարձակվելով իշխանության գալ։

Եթե «մարտի 1»–ի թեմայով արձան է տեղադրվում Երևանի կենտրոնում, ապա ԱԺ շենքի մոտ արձան ունենալու իրավունք է ստանում նաև Նաիրի Հունանյանը, քանզի նա էլ էր հայտարարում, որ պետք է ազատվել տականքներից և դրա համար զենքի ուժ էր կիրառում։

1999–ի հոկտեմբերի 27–ը, 2008թ․ մարտի 1–ը և 2016–ի ՊՊԾ գնդի գրավումը ձևով տարբերվող գործողություններ են, բայց բովանդակային առումով դրանք նույն բանն են։ Դրանք դրսից ուղղորդվող կամ առնվազն անուղղակիորեն խրախուսվող մեկ ընդհանուր գործողության առանձին օղակներ են՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի անվտանգության։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը