Մեկնաբանություն

31.08.2020 23:26


Սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մրմռում, պարո՛ն Փաշինյան

Սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մրմռում, պարո՛ն Փաշինյան

Մի քանի օր մտածելուց հետո` կիրակի օրը, Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի նախօրեին, «ռազմավարական» պետական գործերից ազատ ժամանակ, Փաշինյանն իր ընտանեկան թերթի միջոցով իր արևին`«հակադարձել» է տնտեսական մեկնաբանների և վերլուծաբանների հետ զրույցի ժամանակ երկրորդ նախագահի բարձրաձայնած տեսակետներին. իբր հեգնել է, թե բա` «Փաստորեն, տնտեսությունն էլ է Քոչարյանը հիմնել»։

Սա ասում է մեկը, ով 2 տարի է` կաշվից դուրս է գալիս` «պողոսացված մասսային» հասցնելու մի «պարզ» ճշմարտություն. որ ինքը «ալֆան է ու օմեգան»` ամեն ինչի սկիզբը և վերջը. իրենից առաջ էս երկրում ոչինչ չի եղել, բացի «համատարած ապօրինություններից, ալան-թալանից ու կոռուպցիայից»։ Իսկ եթե ինչ-որ բան, այնուամենայնիվ, եղել էլ է, սխալ է եղել` պետք է քանդուքարափ անել, ջնջել և ամեն ինչ զրոյից սկսել։

Մեկը, ով բոլորի, նույնիսկ սեփական զոմբիների ու ֆեյքերի «զահլան» տարել է իր ֆեյսբուքյան մենախոսություններով` «լայվերով» որոնց անունը դրել է «երկխոսություն հպարտ քաղաքացու հետ», տնտեսություն լուսաբանող լրագրողների հետ նախկին նախագահի երկխոսությունը «մոնոլոգ» է համարում` «տնտեսական մեկնաբանների ֆոնին Ռոբերտ Քոչարյանի արտասանած երկարաշունչ մենախոսություն»։ Կարծես ի՛նքը չի, մնում-մնում, հինգուկես-վեց ժամ գլուխներս արդուկում իր խառնիփնթոր, մակերեսային, շատ դեպքերում ստահոդ, անլուրջ, անբովանդակ երկարաբանություններով և կրկնաբանություններով խճողված կցկտուր «մեկնաբանություններով», պեչենու «բաղերն» ընկնում` խուսափելով ուղիղ պատասխանից։

Մի տեղ մի 150 մետր ասֆալտ է գցում, մի մանկապարտեզ «ցրցամ» տալիս կամ վերանորոգում, աշխարհով մեկ է անում, դարձնում դրոշ ու թափահարում` խոսքեր չխնայելով իր «քաջագործությունների» համար. է՛լ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ»... է՛լ «աննախադեպ»... է՛լ «ռազմավարական»... է՛լ «հեռանկարային»... Իսկ Քոչարյանին իր կարճ խելքով «ծաղրում» է, թե բա` կարելի է կարծել, «Հայաստանի այսօրվա տնտեսության համար անձամբ իրեն ենք պարտական, Հայաստանում ինչ կա-չկա՝ իր ջանքերի շնորհիվ է ստեղծվել»։

«Գեշ» սովորության համաձայն` նաև ձեռի հետ զրպարտում է. «Ֆրանսիական «ՊեռնոՌիկար» ընկերությունն, օրինակ (որը կոնյակի գործարանի համար վճարել էր շատ ավելի քիչ, քան արժեր միայն պահեստներում առկա կոնյակի հումքը), իր երկարատև թախանձանքներից հետո է համաձայնվել այդ գործարքին, ու իրեն էլ ոչ այնքան կոնյակի որակն է հետաքրքրել, որքան «վերամշակող և գյուղացի» հարաբերությունների մշակույթի ներդրումը»։

Հարցնող լինի` եթե ընտանեկան թերթի տիրաժավորած այդ ժամկետանց շահարկումն «իսկականի հետ ճիշտ» է` կան փաստեր, որ ներդրողները հերթ էին կանգնել կոնյակի գործարանը կոնյակով լի «թանկարժեք տակառիկներով» հանդերձ ոչ թե 30 միլիոնով, այլ` «միլիարդներով» սեփականաշնորհելու համար, Քոչարյանը չի տվել` «էժանով» ծախել է ֆրանսիացիներին, բա ինչի՞ մի գործ էլ էդ մասով կարել չի տալիս. ձեռքը քարի տա՞կ է` ԱԱԾ-ում ու ՀՔԾ-ում իր կադրերը չե՞ն փորում-փորփրում «անցյալի մութ էջերը», կեղտ ման գալիս նախկինների, հատկապես իր «մղձավանջային երազ» Քոչարյանի վրա։

Ինչո՞ւ է էժանագին մանիպուլյացիաներ անում, թե բա` «դե իհարկե, եթե Քոչարյանը չլիներ` այդ մշակույթը չէր ձևավորվելու, կոնյակ արտադրողները ծեծելով խլելու էին գյուղացիների աճեցրած խաղողը, հետո էլ գյուղացիները նրանց ծեծելով ստանալու էին իրենց փողերը։ Բայց խոսքը միայն կոնյակի մասին չէ։ Պարզվում է` որակյալ գինու համար էլ ենք անձամբ Քոչարյանին պարտական, ինքն է խնդրել, որ Հայաստանում լավ գինի արտադրվի։ Ինքը չլիներ` գինեգործության առնվազն 3000 տարվա ավանդույթներ ունեցող հայ ժողովուրդը չէր «ֆայմելու», որ կարելի է նաեւ որակյալ գինի արտադրել, ու ահավոր մրցակցություն էր լինելու, թե ով ավելի վատը կարտադրի»։

Փաստեր ունես` դի՛ր սեղանին, չունես` հանգի՛ստ նստի տեղդ

Է՞լ ինչ է «պարզել» մեր հերոսը Քոչարյանի մեկուկես ժամ տևած «երկարաշունչ մենախոսությունից»։

Պարզել է, որ «Գեղարդ ու Զվարթնոց ստեղծած հայ ժողովուրդը շինարարության մշակույթն էլ է սովորել Քոչարյանի ու նրա հրավիրած «Ռենկո» ընկերության շնորհիվ, որովհետեւ «շինարարները կողքից նայում-սովորում էին», Հայգազարդի «փտած խողովակաշարը» «նաղդել է» Ռուսաստանի վրա, որի արդյունքում Հայաստանն այսօր 90 տոկոսով գազիֆիկացված է (ինքը չլիներ՝ մինչեւ հիմա աթար էինք վառելու), խոշոր ներդրողներն էլ «նրա խաթեր համաձայնվել են գալ Հայաստան ու ահավոր ծանր պայմաններում վնասով աշխատել», «Հայաստանի եղած-չեղածը չտեսնված առատաձեռնությամբ աջ ու ձախ բաժանել է «ինձ էլ ինչ տաք՝ տաք» սկզբունքով», ու «չտեսնված բարձունքների հասցրել Հայաստանի տնտեսությունը»։

Ինքը 2019թ. Հայաստանի պատմության մեջ «առաջին» անգամ «աննախադեպ»` 7,6 տոկոս տնտեսական աճ է գրանցել խաղատնային բիզնեսի, հանքերի «աննախադեպ» ինտենսիվ շահագործման, «ավտոմեքենաների ներկրում» օպերացիայի «արդյունքում»` դա «չտեսնված, չլսված բարձունք» է մեր տնտեսության համար։ Իսկ ահա`Քոչարյանի օրոք առնվազն 2000թ.-ից հետո ամեն տարի գրանցված մինչև 13 տոկոս երկնիշ աճը, որի համար, այո, պարտական ենք նույն կոնյակի և գինիների արտադրության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտների հիրավի աննախադեպ վերելքին, հե՛չ բան է` ծաղրուծանակի առարկա, ուրի՛շ ոչինչ։ Ավելին`հանցագործություն է, որի համար պետք է պատժել։

«Իսկ երախտամոռ հայ ժողովուրդն արցախյան պատերազմի միակ հերոսին ու Հայաստանի տնտեսությունը զրոյից ստեղծողին արձան կանգնեցնելու փոխարեն մեղադրում է Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար»,-«մուտիտի» և «կռուտիտի» կանոններին հավատարիմ`շարունակում է հանգստյան օրերին «լրագրող» աշխատող նախկին խմբագրապետը։ Ուզում է ասել` ոչ թե ինքն է խոշորացույցն առած`«կրիմինալ» փնտրում Քոչարյանի 10 տարվա նախագահական գործունեության մեջ, այլ` «երախտամոռ հայ ժողովուրդը»։

Եվ, իհարկե, ոչ թե ինքը, այլ «հայ ժողովուրդն» է, ի դեմս իրեն`հարց տալիս. «Այդ ինչպե՞ս եղավ, որ իր որդին 22 տարեկանում արդեն դոլարային մուլտիմիլիոնատեր էր, իսկ իր գերդաստանը Հայաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում է, հետաքրքրվում է, թե ինչո՞ւ Հայաստանից հեռացավ «Լինսի» հիմնադրամը, քանի՞ հազար ընտանիք զրկվեց տնից՝ Հյուսիսային պողոտայի պատճառով, ու ինչպե՞ս ստացվեց, որ կառուցապատողները հիմնականում իր մերձավոր շրջապատից էին»...

Բա չասե՞ս` եթե ունես անհերքելի ապացույցներ, որ Քոչարյանն ու իր ընտանիքը ապօրինի են հարստացել և հայտնվել «Հայաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում», «Լինսի» հիմնադրամի միջոցները «անխնա» վատնվել են, ու հիմնադրամը հենց այդ պատճառով է «հեռացել» Հայաստանից, Հյուսիսային պողոտայի բնակիչներն էլ հենց Քոչարյանի և իր «մերձավոր շրջապատի» չարաշահումների հետևանքով են «զրկվել» իրենց հողաշեն տներից, ինչի՞ հետամուտ չես լինում այդ «փաստերին», մենք էլ իմանանք` «ինչպես է դա եղել»։

Ո՞վ է մեղավոր, որ մերկապարանոց մեղադրանքներից, բամբասանքներից, ասեկոսեներից այն կողմ չես անցնում, մինչդեռ Քոչարյանի` «բաց ճակատով, տեսախցիկների առջև» արած հայտարարությունը, թե «ներկա իշխանությունները 120 միլիոն դոլար պարգևավճարների տեսքով ուղղակի բացահայտ կոռուպցիայով են զբաղված», անհերքելի իրողություն է, որ որևէ մեկը չի վիճարկել ու չի վիճարկում։ Պարզ պատճառով` փաստերի հետ չես վիճի։

Մտավախությունը, թե`Քոչարյանը կամ մեկ ուրիշը «հնարավոր է նույնիսկ առաջիկայում դատի տա իշխանություններին», այդ տեսակետից լիովին արդարացված է։ Ե՞րբ դա կլինի, «նախապես արտասահմանից պրոֆեսիոնալ իրավաբաններ հրավիրելո՞վ», շաբաթական «5-6 միլիոն դոլարով լավ իրավաբաններ գտնելո՞վ», թե՞ մամուլում բազմիցս հրապարակված պաշտոնական տվյալները դնելով իրավապահների սեղանին` կապրենք, կտեսնենք...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը