Լրահոս

31.08.2020 18:27


«Զապ Լենինականսկի»-ին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

«Զապ Լենինականսկի»-ին մեղադրանք է առաջադրվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը», 2020թ. փետրվարի 22-ից սկսած ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու, մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տալով հանձնարարություններ:

Մասնավորապես, վերջինս, տեղեկանալով, որ ոմն Սայաթ անունով անձը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «քրեական հեղինակություն» համարվող մեկ այլ անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից 2020թ. հուլիսի 11-ին տեղափոխվել և պահվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքում, վերջիններիս միջև գումարային հարցերի շուրջ առաջացած վեճը անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է այդ վեճը լուծելու մասին իր «որոշումը»՝ դադարեցնել պարզաբանումները ոմն Սայաթի հետ և վերջինիս բաց թողնել՝ հետագայում նշված խնդիրը լուծելու նպատակով, փոխանցել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձին: Ինքնությունը չպարզված անձը, 2020թ. հուլիսի 12-ին կապ հաստատելով վերջինիս հետ, նրան է փոխանցել «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, վերոնշյալ անձը, կրելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման վարքագծի կանոնները, 2020թ. հուլիսի 12-ին կապ է հաստատել իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նշված անդամի հետ և հրահանգել է ոմն Սայաթին տեղափոխել իր մոտ:

Նշված խմբավորման անդամը կատարել է հանձնարարությունը և նույն օրը ոմն Սայաթին տեղափոխել աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող վերոնշյալ անձի մոտ: Վերջինս, կատարելով «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի» հանձնարարությունը, ոմն Սայաթի հետ տեղի ունեցած խոսակցությունից հետո բաց է թողել նրան և այդ մասին հայտնել գործով ինքնությունը չպարզված անձին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը) 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը