Մեկնաբանություն

31.08.2020 16:17


Քոչարյանը ճիշտ է, Տեր-Պետրոսյանը սխալվեց, իսկ Փաշինյանը կոմպլեքսավորվել է․ «Քոչարյանական ժամանակներ»

Քոչարյանը ճիշտ է, Տեր-Պետրոսյանը սխալվեց, իսկ Փաշինյանը կոմպլեքսավորվել է․ «Քոչարյանական ժամանակներ»

Այսօր ՀՀ 2–րդ նախագահի ծննդյան օրն է։ Ոմանք նրա մոլի կողմնակիցներն են, ոմանք՝ մոլի հակառակորդները։ Կա անտարբերների փոքր շերտ և հանրության մի մեծ շերտ, որը դուրս է եկել թմբիրից, բացել աչքերը և հայտնվել ոչ թե Քոչարյանի երկրպագուների ու ատողների դաշտում, այլ փորձում է գնահատել, վերագնահատել, համեմատել ու մտածել։

Ռ․ Քոչարյանի հետ կապված շատ են առասպելները՝ իրական ու մտացածին, դրական ու բացասական, կյանքից վերցրած ու «պետպատվերով»։

Քոչարյանական ժամանակներ

«Քոչարյանական ժամանակներ» ձևակերպումը մեզանում տարբեր հնչերանգներ ունի՝ դրականից մինչև բացասական։

Քննադատները Քոչարյանի նախագահության շրջանը, այսինքն՝ «Քոչարյանական ժամանակները», ներկայացնում են սև գույներով, իսկ կողմնակիցները՝ հակառակը։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, այլ հարթության մեջ է ու այլ գույներով։

Փաստն այն է, որ Քոչարյանը եզակի պատմական դեմք է՝ ընդունենք, թե չընդունենք։ Երկար ժամանակ պետականություն չունեցող հայ ժողովրդին հաջողվեց 20–րդ դարում երկու պետություն ստեղծել՝ ճանաչված ու չճանաչված։ Քոչարյանը երկուսն էլ ղեկավարել է։ Նման բան հազիվ թե կարողանա կրկնել մեկ այլ գործիչ։ Ճակատագիրն է այդպես դասավորվել։

Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում, բոլոր սխալներն ու ճակատագրական վրիպումները ներառյալ, Քոչարյանի մոտ պլյուսներն անհամեմատ շատ են, քան մինուսները։

Քոչարյանը ճիշտ դուրս եկավ, իսկ Տեր–Պետրոսյանը սխալվեց

Քոչարյանը Արցախն ու Հայաստանը ղեկավարել է ճգնաժամային իրավիճակներում։ Մի դեպքում պատերազմ էր, մյուս դեպքում՝ պատերազմի ու խաղաղության դիլեմայի հանգուցալուծում պահանջող ներքաղաքական կռիվ։

Քոչարյանը ՀՀ նախագահ դարձավ իր նախորդից ստացած ծանր ժառանգությամբ և պիտակավորմամբ՝ «պատերազմի կուսակցություն»։

1998–2008թթ․ ապացուցվեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ու իր կողմնակիցները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, սխալ էին և են, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ–ն ու մյուսները՝ ճիշտ։ Ճիշտ էին, քանզի կյանքը ցույց տվեց, որ Հայաստանն ու Արցախը կարելի է զարգացնել՝ առանց Արցախի հարցում թրքամետ զիջումների։

1995–ի ու 1996–ի համապետական ընտրությունները կեղծած, սահմանադրական կարգը տապալած ու ներքին լեգիտիմությունը արտաքին զիջումներով փրկել փորձող Տեր–Պետրոսյանը 1997–ին պնդում էր, իսկ նրա թիմակից փաշինյանները՝ քարոզում, որ հնարավոր չէ ՀՀ բյուջեն մեծացնել, որ հնարավոր չէ ՀՆԱ–ն մեծացնել, որ հնարավոր չէ մարդկանց կենսամակարդակը փոխել, որ հնարավոր չէ առանց զիջումների պատերազմից խուսափել, որ հնարավոր չէ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս թողնելու համաձայնություն ստանալ Բաքվից, որ հնարավոր չէ․․․

Թվերն ու փաստերն ապացուցեին, որ քիրվայականները, ինչպես միշտ, սխալվում են։ 1998–2008թթ․ ՀՀ ՀՆԱ–ն մոտ 2 միլիարդ դոլարից դարձավ 12 միլիարդ դոլարի չափ։ Մարդկանց կյանքի որակը փոխվեց 5 անգամ։ Պետական բյուջեն 300 միլիոն դոլարից դարձավ մոտ 2,5 միլիարդ դոլար։ Օտարերկրյա ուղղակի ներդրումներով Հայաստանն այդ շրջանում ամենամեծ աճն արձանագրեց։ Երեք տարի շարունակ ունեցանք ներգաղթ։ Պետական պարտքն ամենափոքրն էր՝ ՀՆԱ–ի 13 տոկոսի չափ։ Աղքատությունը հասավ հետանկախական շրջանի պատմական մինիմումին։ Զարգացավ տեղական արտադրությունը, ահագին ապրանքներ ներմուծման փոխարեն տեղում էին արտադրվում ու արտահանվում։

Քոչարյանական ժամանակներն ամենախաղաղն էին հետանկախական ողջ շրջանում։

Ինչ վերաբերում է «Սերգո ջանին» լավ ապրեցնելու համար Ղարաբաղում զիջումների գնալու անխուսափելիությանը և Ղարաբաղի կարգավիճակին, ապա գործնականում ապացուցվեց, որ Ադրբեջանին կարելի է ստիպել համակերպվել Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լինելու հեռանկարին ու Արցախի միջազգային ճանաչմանը։ Դա ամրագրվեց 2007–ին։

«Քոչարյանական ժամանակների» հիմնական բացթողումը տնտեսական կյանքից քաղաքական բարեփոխումների հետ մնալն էր։ Ուշադրությունից դուրս էին մնացել քաղաքացիական հասարակության հարցերը։ Ի վերջո այդ ամենը հանգեցրեց այն բանին, որ քաղաքական գերեզմանոցից վերադարձավ Լևոն Տեր–Պետրոսյանը և կարողացավ 2008 սարքել Հայաստանի գլխին։

Նիկոլ Փաշինյանն ուզում է նմանվել Քոչարյանին, բայց չի կարողանում ճակատից մաքրել լևոնական կնիքը

Նիկոլ Փաշինյանը, ով «Քոչարյանական ժամանակների» հիմնական քննադատներից է եղել ու 2008–ին պայքարում էր, որպեսզի Լևոն Տեր–Պետրոսյանը վերադառնա իշխանության ու կյանքի կոչի «Քանի դեռ Արցախի հարցում զիջումների չենք գնացել, լավ չենք ապրելու» թեզը, հիմա գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փորձում է նմանվել Քոչարյանին՝ մտնելով երկիր կառուցողի իմիջի մեջ։

Նիկոլը նաև կոմպլեքսավորվում է իր նախկին շրջապատից ու այդ իսկ պատճառով պարպերաբար «կծմծում» է ՀՀ 1–ին նախագահին, որպեսզի տարանջատվի, բայց միևնույն է 2008–ի մարտի 1–ից չի կարող փախչել։

Եվ այսպես, արձանագրենք, որ պատերազմի ու խաղաղության վեճում Քոչարյանը ճիշտ է, Տեր–Պետրոսյանը սխալվեց, իսկ Փաշինյանը կոմպլեքսավորվել է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան կապակցությամբ նրան շնորհավորել է մեր ռազմավարական դանակից երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը։

Պաշտոնական շնորհավորական ուղերձից բացի նաև հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի և Քոչարյանի միջև։ Սա ուշագրավ լուր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է, ինչ չի հաջողվում գոնե հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։ Նա Մինսկում հանդիպել է ՌԴ վարչապետին, այն էլ՝ այլ միջոցառման շրջանակներում։

Փաստորեն, Կրեմլը Երևանի հետ կոնտակտի մեջ է մտնում երեք խողովակով՝ մեկն ուղղակի, իսկ մյուս երկուսը՝ միջնորդավորված։ Տավուշյան մարտերից հետո պաշտոնական Մոսկվան իր համապատասխան կառույցների միջոցով Երևանի հետ կապի մեջ է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, իսկ Պուտինն ուղղակի շփում է ունեցել միայն Քոչարյանի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը