Կարծիք

30.08.2020 09:39


Պարենային անվտանգության հարց լուծող գյուղն այսօր մնացել է առանց պետական հոգածության

Պարենային անվտանգության հարց լուծող գյուղն այսօր մնացել է առանց պետական հոգածության

Ամսից ավելի Հայաստանի մարզերում մեր իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական գյուղատնտեսությունը մատնված է բնության և նախախնամության հույսին: Գյուղը, որը լուծում է սոցիալական, պարենային անվտանգության պահպանման խնդիր, այսօր պետության կողմից չի ստանում անհրաժեշտ աջակցություն:

Հատկապես սուր և հրատապ լուծում պահանջող երեք խնդիրները հետևյալն են.

1. ոռոգման և խմելու ջրի խնդիր

2. գործազրկության շարունակական խնդիր

3. բերքի մթերման խնդիր։

Առաջինը` ոռոգման ջրի պակասը, ամենաակտուալն է, քանի որ վարկերի և պարտքերի տակ կքած գյուղացու կազմակերպած գյուղատնտեսական ամբողջ աշխատանքը հավասարվում է զրոյի` չորանալով արևի ճառագայթների տակ: Դե իսկ երաշտային տարվա դեպքում երազել անգամ նորմալ բերքի մասին անհնար է:

Խնդիրն առավել ցայտուն է հատկապես Արարատի մարզում, որի բնակիչները ամեն տարի բողոքի ակցիաներ են անում մայրաքաղաքում՝ կառավարությունից պահանջելով օգնություն և հոգածություն բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվում:

Մինչդեռ Արարատի մարզը ավանդաբար հանդիսացել և այժմ էլ հանդիսանում է Հայաստանի Հանարպետության պարենամթերքի անվտանգության ապահովող մարզը, այն պարզապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Օժտված լինելով եզակի որակի սևահողերով, բերրի ցանքատարածքներով` այն այսօր մատնված է չորանալու, ինչն աստիճանաբար հանգեցնելու է սննդի պակասի, և մենք ստիպված կլինենք դրսից միրգ ու բանջարեղեն ներկրել: Մենք, որ պատերազմող երկիր ենք, գոնե պարենամթերքի խնդիր չպետք է ունենանք: Այսօր բանը հասել է նրան, որ բանակի համար՝ այդքան փառաբանված, այդքան գովազդված <<բարեփոխումների>> կենտրոն բանակի համար Հայաստանը կարտոֆիլ է ներմուծում Բելառուսից, այն էլ՝ ցածրորակ ու էժան:

Կոտայքի, Արագածոտնի և Արմաիրի մարզերում գյուղատնտեսական խնդիրների առկախված վիճակն էլ ավելի է մեծացրել գործազրկությունը, և հազարավոր մարդիկ սպասում են կորոնավիրուսի համաճարակի ավարտին՝ երկրից մեկնելու համար:

Իրականում ի՞նչ է պետք անել՝ գյուղացուն լսել: Հասկանալ նրա խնդիրը, թե ո՛ր հարցերում է պետք ամբողջական, ո՛ր հարցերում՝ մասնակի աջակցություն, սուբսիդավորում, վարկային պարտավորությունների մեղմացում:

Իրականում գյուղացին ֆանտաստիկ բաներ չի պահանջում, նա բավականին անտարբեր է նաև նորարարական տեխնիկայի հանդեպ: Բայց անվանել գյուղացուն փնթի, ծույլ կամ անկազմակերպ, ինչպես դա անում է վարչապետ Փաշինյանը, ուղղակի անթույլատրելի է: Դա գալիս է հողի մշակի նկատմամբ հարգանքի բացակայությունից և բնականաբար, պետական ղեկավարման փորձի բացակայությունից:

Մի բան պարզ է՝ եթե գյուղատնտեսության ոլորտը ոտքի չկանգնեցվի, տուժելու է պարենային անվտանգությունը՝ իր բոլոր բացասական խորը հետևանքներով:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը