Մեկնաբանություն

29.08.2020 17:25


Այլևս չեն կրելու դիմակ, չեն փրկելու կյանքեր

Այլևս չեն կրելու դիմակ, չեն փրկելու կյանքեր

Հանրապետությանս, ը՜-մմ, պարետ Տիգրան Ավինյանն ավելի սրամիտ բան չի մտածել, քան իր նոր որոշումները հակաուտոպիստ Օրուելի՝ մեր իրավիճակում խիստ արդիական գրքերից արտագրելն է: Դե, գիտեք՝ բոլորը հավասար են, բայց ՈՄԱՆՔ ավելի հավասար են, քան՝ մյուսները...

Ըստ էության, հենց այս միտքն է արտացոլել ՀՀ պարետը իր վերջին որոշման մեջ, այն տարբերությամբ, որ հստակեցրել է, թե հատկապես ովքեր են «ավելի հավասար»: Ահավասիկ, որոշումը սահմանել է, որ դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, ԱԺ, ՍԴ, ԲԴԽ նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ՝ ելույթ ունեցողների, ուղերձ հղողների և միջոցառման անմիջական մասնակիցների համար՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի:

Ամենայն Հայոց կաթողիկոսին միանգամից առանձնացնենք պարետի որոշման մեջ հիշատակված ղեկավար անձնակազմից: Առանց այն էլ, այս իշխանության ձեռքը Հայ Առաքելական եկեղեցին՝ Վեհափառի գլխավորությամբ, «կրակն է ընկել», ուստի՝ դիմակով, թե առանց դիմակի, փորձությունների ու դրանք հաղթահարելու վրա է կենտրոնացած:

Մենք կենտրոնանանք պարետի որոշման «աշխարհիկ» հատվածի վրա՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, ՍԴ դեռ անհայտ նախագահի, ԲԴԽ նախագահի: Բայց կարծես մեկին մոռացանք: Հա՜, կներեք, Արմեն Սարգսյան՝ փաստաթղթերով՝ ՀՀ նախագահ:

Թվարկված բարձրաստիճանները ելույթ-ուղերձ ունենալիս անդիմակ կարող են լինել: Միջոցառման անմիջական մասնակիցներն էլ: Չնայած, անհասկանալի է, թե ովքե՞ր են «միջոցառման անմիջական մասնակիցները»: Թերևս խորհրդակցությունների մասնակիցների մասին է խոսքը:

Բայց այդ դետալներն այնքան էլ էական չեն: Էականը որոշումն է, որը ոչ թե սոսկ ծիծաղելի է, այլ՝ անեկդոտային: «Ամսվա լավագույն անեկդոտ» անվանակարգում արդեն այսօր կարելի է գլխավոր մրցանակը՝ «Ոսկեդիմակ դդում» անվարան շնորհել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Ավելի սրամիտ բան, եթե Իլֆն ու Պետրովը, Պարոնյանն ու Օտյանը, Մարկ Տվենն ու Հաշեկը միասին տքնեին, միևնույն է, չէին հորինի:

Առանցքայինը այդ որոշման, կներեք արտահայտության համար, տրամաբանությունն է: Որոշ հակահեղափոխական, նենգամիտ, չարակամ, չար ու նախանձ (և այլն) անձինք, օրինակ, ասում են, թե նման բան, այսինքն՝ տրամաբանություն, այնտեղ չկա: Բայց դա այդպես չէ:

Պարետի այս անզուգական որոշման մեջ տրամաբանություն կա, այն էլ՝ միանգամից մի քանի հատ:

Նախ, սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և այլ պաշտոնատար անձինք այլևս դիմակով «կյանքեր չեն փրկում»: Այսինքն, իրենք դիմակ կրեն, թե չկրեն, «կյանքեր չեն փրկում»: Չի ստացվում իրենց դեպքում, հասկանալի՞ է: Իսկ ում հասկանալի չէ, կարող է կորոնավիրուսով վարակվածների և կորոնավիրուսից մահացածների հայրենական տխուր վիճակագրությանը ծանոթանալ:

Երկրորդ. նման որոշումը կարող է մեկնաբանվել նաև այն տեսանկյունից, որ առանձին վերցրած «արարողակարգային միջոցառումների» կամ, ասենք, վարչապետական խորհրդակցությունների ժամանակ կորոնավիրուսը չեզոքացվում է կամ էլ՝ առանձնապես կարևոր չէ՝ ներկաները կվարակվե՞ն, թե՞ ոչ: Ամեն պարագայում, պետք է գնահատել վարչապետ Փաշինյանի և մյուս պաշտոնյաների անձնուրաց քայլը. տեսեք, որոշման մեջ նկարագրված իրավիճակի համաձայն, նրանք, առանց դիմակի մնալով, վտանգում են իրենց առողջությունը: Սակայն ինչպիսի՜ հայրական հոգատարություն առ հպատակները. չէ՞ որ հյուրերին, հանդիսականներին, լրագրողներին և մյուս՝ ոչ անմիջական մասնակիցներին պարտադրվում է կրել դիմակներ: Իսկ դուք ասում եք, թե կառավարությունը մարդկանց մասին չի մտածում:

Կա նաև երրորդ վարկածը: Շատ հնարավոր է, որ վարչապետ Փաշինյանը իր առողջապահության արձակուրդյալ նախարարի հետ կարողացել է «վարժեցնել» կորոնավիրուսը: Ի վերջո, եթե այդպես չլիներ, Նիկոլ Փաշինյանը վարակվելու մասին հայտարարելուց հազիվ մեկ շաբաթ անց կապաքինվե՞ր: Հա, «վարժեցրել», վիրուսը դարձրել են լրիվ ձեռնասուն, և հիմա այն, դե, վիրուսն, էլի, ոչ միայն գրագետ է, այլև տարածվում է միայն վարժեցնողների նախանշած երթուղիներով, ի լրումն, այն արդեն կարողանում է նույնականացնել հնարավոր վարակվողներին, և ըստ հատուկ հրահանգի, շրջանցում է վարչապետին, կառավարության անդամներին և որոշման մեջ հիշատակված բարձրաստիճաններին:

Հաջորդ քայլն այն է լինելու, որ վիրուսը կարողանալու է տարբերակել «յուրային-օտար» սխեմայով ու շրջանցել «Իմ քայլի» պատգամավորներին: Ուստի պարետի հաջորդ որոշմամբ, նրանք ևս կարող են այլևս դիմակ չկրել: Հետագա կատարելագորման ընթացքում վիրուսը «սովորելու» է շրջանցել «դմփ-դմփ-հու» վանկարկած հազարավոր հայրենակիցներին, հետո՝ վուվուզել փչողներին, այնուհետև՝ փողոց փակածներին:

Իսկ հետո վիրուսը կատաղեցվելու է և թիրախավորված ուղարկվելու է բոլոր «սևերի» վրա:

Դե ինչ, մաղթենք ՀՀ պարետին նորանոր նվաճումներ և ստեղծագործական մտքի ժայթքումներ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը