Մեկնաբանություն

29.08.2020 01:00


«Տնտեսական հեղափոխության» բրԵՆԴից երևի միայն «END»-ն է մնացել

«Տնտեսական հեղափոխության» բրԵՆԴից երևի միայն «END»-ն է մնացել

Չի լքում զգացողությունը, որ մեր երկրի տնտեսությունը մի տեսակ ինքնահոս-իներցիոն ընթացքի մեջ է՝ ընդգծված անկման կորագծով: Որքան էլ որ օրվա իշխանությունը փորձի քարոզչական պատկեր ստեղծել, թե ամեն ինչ վարդագույն է՝ կիսելային ափերով կաթնագետերով, դա այդպես չէ: Եվ դա այդպես չէ յուրաքանչյուրի համար, ով ամեն օր խանութ է մտնում օրվա սնունդն ու բանջարեղենը գնելու համար, ով ապրում է իրական կյանքում, իրական խնդիրներով, այլ ոչ թե ինչ-որ պարգևավճարված պաշտոնյաների գծած քարոզչական սխեմաներում:

Չկան ներդրումներ, չկա տնտեսական ակտիվություն, չկան նախաձեռնություններ: Ամենից վատը անորոշությունն է:

Իհարկե, կլինեն հակադարձողներ, թե՝ «արտակարգ դրություն» է, կորոնավիրուսային վիճակ, այս, այն: Բայց նախ, մինչև կորոնավիրուսի ի հայտ գալն էլ ներդրումային տեղատարափ չէր: Եվ հետո, կարծեմ, հենց այս իշխանությունն ու կոնկրետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ կորոնավիրուսը նոր ու լայն հնարավորություններ է ստեղծում...

Գուցե արդեն ստեղծե՞լ է այդ հնարավորությունը: Եթե միայն հիշյալ հայտարարությունն անելիս Նիկոլ Փաշինյանը նկատի չուներ հարյուր հազարից էլ ավելի մարդկանց տուգանելու և այդ տուգանքներով բյուջեում նախարարական պարգևավճարների գումար ապահովելու հնարավորությունը:

Մյուս կողմից, որքան ավելի են սևանում երկրի ու հասարակության գլխին կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրների ամպերը, այնքան ավելի ու ավելի վարդագունագեղանում են իշխանության կամ իշխանամերձ քարոզչական շրջանակների գծած հեռանկարները: Մեկ ինչ-որ 15 միլիարդանոց նոր ու կախարդական քաղաք կառուցելուց են խոսում, մեկ ինչ-որ 30 միլիարդանոց «սուպեր-պուպեր» ներդրումային հեռանկարների: Կարճ ասած, որքան իրական վիճակն ավելի է նեղում, կառավարության տնտեսական ծրագրերն ու հասարակությանն ունեցած ասելիքը ավելի «նյու-վասյուկիական» երանգներ են ստանում:

Ի տարբերություն և ի հակադրություն դրա, մի քանի առաջատար տնտեսական մեկնաբանների հետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զրույցը, որ հրապարակվեց երկու օր առաջ, ոչ միայն հետաքրքրական ու բազմակողմանի էր շոշափված տնտեսական թեմաների, իրական և հաջողված փորձի կոնկրետ օրինակների մանրամասների, հիմնավորված դիտողությունների առումով, այլև կարևոր էր հնչած գնահատականների, դրանցից հետևություններ անելու հրատապության տեսանկյունից:

Ինչն է հետաքրքիր. չնայած օրվա իշխանության կողմից իր հանդեպ դրսևորած անընդունելի վերաբերունքին, քաղաքական հետապնդմանն ու այս երկու տարվա մեջ դրսևորված մյուս «թավշյա» անշնորհքություններին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին հանդարտ, այսպես ասենք՝ մեծի ու փուրձառուի վաստակած դիրքից է արտահայտվում:

Եթե, օրինակ, հիմա երկրում նորմալ ու համարժեք իշխանություն լիներ, այլ ոչ թե չարությունից ու ատելությունից փրփրող, հիստերիկ արձագանքներով աչքի ընկած ղեկավարություն, ապա գոնե կլսեին, թե ինչ է ասում, անուղղակիորեն ինչ խորհուրդներ է տալիս երկրորդ նախագահը: Իսկ լսել արժե, թեկուզ այն շատ պարզ պատճառով, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ միակ ղեկավարն է, ում ոչ միայն հաջողվել է երկրի տնտեսությունը «հանգած» վիճակից ոտքի կանգնեցնել, այլև դնել կայուն զարգացման գծի վրա՝ հասնելով երկրի ՀՆԱ-ի բազմապատիկ ավելացման, ժողովրդի կյանքի որակի ակնբախ փոփոխությունների, որքան էլ որ ոմանք այսօր, նաև հանուն «նոր տերերին» սիրաշահելու, ձևացնեն, թե ոչինչ չեն հիշում, ոչինչ չեն տեսել, ոչինչ չի եղել...

Բայց այս իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ավելի շուտ կնախաճաշի սեփական փողկապով, քան կլսի կամ գոնե կփորձի հասկանալ, թե ինչ է ասում նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ու ոչ միայն երկրորդ նախագահը: Ուրիշներն էլ են ասում:

Բրենդների մասին: Ռոբերտ Քոչարյանը լավ հիշեցրեց երկու տարի առաջ արած իր դիտողությունը (տողերիս հեղինակի հետ հարցազրույցում էր), որ հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար: Իրոք, հեղափոխության դրոշը թափահարելով ներդրումներ չես ներգրավի:

Բայց ի՞նչ արեց այս իշխանությունը: Ճիշտ է, սկսեց ավելի ու ավելի ինտենսիվ հայտարարել ոչ միայն «տնտեսական հեղափոխության», այլև նորանոր այլևայլ հեղափոխությունների մասին: Եվ՝ ի՞նչ: Ոչինչ: Ներդրողները լռվել-մնացել են մետրոյի «Աջափնյակ» կայարանում և սպասում են գնացքի ժամանելուն...

Ո՞ւր են բազմամիլիարդանոց ներդրումները, ո՞ւր են Սփյուռքից զանգվածային ներգաղթն ու տնտեսական հնարավորությունների օգտագործումը, ո՞ւր է, առհասարակ տնտեսությունը: Այդ ո՞ւր է «թռչում» տնտեսությունը, որ միայն կառավարությանն ու վարչապետին են տեսանելի, մեկ էլ իր անտեղի պարգևավճարվող չինովնիկներին:

Առհասարակ, անհասկանալի է, թե ինչ տնտեսական քաղաքականություն է վարում այս կառավարությունը: Ի՞նչ է ուզում, ինչի՞ է ուզում հասնել ու հասցնել երկիրը, բացի բոլորի դեմքին տուգանային դիմակ հագցնելուց:

Ուժեղ «տնտեսական հեղափոխություն» է, ոչինչ չես ասի: Այդ բրԵՆԴից արդեն երևի միայն «END»-ն է մնացել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը