Կարծիք

28.08.2020 11:36


Նեմեց հեռացի՞ր

Նեմեց հեռացի՞ր

Չորսժամյա անընդմեջ ինքնակամ կտտանքի ենթարկվելուց հետո վստահաբար կարող եմ պնդել, որ հայկական ակումբային ֆուտբոլն իր ամենատխուր ժամանակահատվածն է ապրում: Դիլետանտները, պոպուլիստները, ժուլիկները սպանեցին ֆուտբոլը:

Մի քանի օր առաջ ծանր տպավորություն ստացանք «Արարատ Արմենիայի» խաղից, երեկ սարսափեցրին «Նոան» եւ «Ալաշկերտը», «Շիրակն» էլ պարտվել է 3:0:
Կատարողական վարպետության պակասին գումարվում է մտքի պակասը եւ ստացվում է այն, ինչ ունենք հայակական ֆուտբոլում:

Նախկինում ֆուտբոլային անհաջողությունների դեպքում «Հայկական ժամանակ»-ում հայտնվում էր հետեւյալ վերնագիրը՝ «Նեմեց հեռացիր»: Նեմեցը հեռացավ: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ակնհայտ ապօրինություններով, որի մասին գրեցին, բարձրաձայնեցին շատերը, ֆեդերացիայի ձեր սրտի նախագահ կարգեցիք մեկնաբան Արմեն Մելիքբեկյանին: Ու ի՞նչ: Ստացանք պայմանավորված խաղերի շարան՝ ղումար: Ստիպված ընդհատվեց Առաջին խմբի առաջնությունը, ակումբային թիմերի մակարդակը կտրուկ ընկել է, հավասարվել բակային ֆուտբոլին ու հարց. ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում թիմերը գրեթե ամբողջությամբ կոմպլեկտավորել դրսից բերված թույլիկ խաղացողներով: Օրինակ, «Նոան» եւ «Արարատ-Արմենիան» դաշտ են դուրս գալիս առանց հայաստանցի ֆուտբոլիստների:

Հավաքականում էլ ավելի խայտառակ վիճակ է: Հսկայական գումարներ է վճարվում իսպանացի մասնագետին ոչինչ չանելու համար: Հասաք նրան, որ լավագույն ֆուտբոլիստ Մխիթարյանը հավաքականում խաղալու ուժ չի գտնում (ում մորն այդքան վիրավորեն, իսկ նա հանգիստ գա ու հավաքականում խաղա), փոխարենը ազգային հավաքական են հրավիրվում կասկածելի մակարդակի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Հայաստանի շատ թույլ առաջնությունում:

Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է, որ մի օր թերթերից մեկը գրի՝ «Նեմեց վերադարձիր»:

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս խորագրի վերջին նյութերը