Մեկնաբանություն

28.08.2020 10:54


Ո՞րն է, բաբո, Արմեն Սարգսյանի հայրենիք

Ո՞րն է, բաբո, Արմեն Սարգսյանի հայրենիք

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատել է։ Այնքան է աշխատել, որ հանգիստի մեկնելու կարիք է առաջացել։ Դա նշանակում է, որ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանին որևէ հակասահմանադրական ու հակապետական օրենքի ընդունման հարցում գործընկեր պետք չի լինելու, այլապես Ա․ Սարգսյանը կմնար ու կաշխատեր, այլ ոչ թե կմեկներ արտերկիր, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցկացնելու է իր վաստակած հանգստի մի մասը։

Ուշագրավն այդ հաղորդագրության մեջ «արձակուրդի մի մասն արտերկրում» ձևակերպումն է։

Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը երբեմն–երբեմն է լինում Հայաստանում։ Նա պետական բարձր պաշտոն ունեցող ներգնա խոպանչի է՝ բարձր աշխատավարձով, սպասարկման ծախսերով ու զրոյական պատասխանատվությամբ։ Եթե կորոնավարակը և չվերթային սահմանափակումները չլինեին, ապա Արմեն Սարգսյանը ստիպված չէր լինի այդքան երկար մնալ Հայաստանում։ Ու երբ գրվում է, որ արձակուրդի մի մասը նա անցկացնելու է արտերկրում, պետք է հստակեցնել, թե նրա համար ո՞րն է հայրենիք համարվում, իսկ որը՝ արտերկիր։

Իրականությունն այն է, որ Հայաստանը Արմեն Սարգսյանի համար տրանզիտային երկիր է։ Դա է պատճառը, որ իր ընտանիքի ոչ բոլոր անդամներ են տեղափոխվել Հայաստան ապրելու և դարձել ՀՀ քաղաքացի։ Ինքը ՀՀ քաղաքացի է եղել այն դեպքում, երբ պաշտոնի ակնկալիք է եղել։ Միայն։

Եթե «քյար» չի եղել, Սարգսյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։ Ի դեպ, ՀՀ նախագահի համար պահանջվող քաղաքացիության անհրաժեշտ ժամկետի բարաթը, բացի Նիկոլ Փաշինյանից ոչ մեկին այդպես էլ ցույց չտվեց Արմեն Սարգսյանը։ Ըստ ամենայի՝ Փաշինյանին էլ ցույց չի տվել՝ դրա բացակայության պատճառով։ Բայց փոխարենն այլ բան է նա ցույց տվել «ժողովրդի» վարչապետին, ինչից հետո տեղի է ունեցել փոխշահավետ գործարք։ Այդ գործարքի հակասահմանադրական արդյունքները մենք պարբերաբար տեսնում ենք։ Դա՛ է այն գինը, որն Արմեն Սարգսյանը վճարում է՝ ՀՀ նախագահի կարգավիճակով իր մասնավոր բիզնես–շահերն առաջ մղելու, ճանաչողական այցով մերթ ընդ մերթ Հայաստանում գտնվելու և արտերկրում, ավելի ճիշտ՝ իր իրական հայրենիքում հանգիստն անցկացնելու դիմաց։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը