Մեկնաբանություն

28.08.2020 09:35


Հրատապ ռեժիմով «կրիա» նախագիծ ու կառավարման փնթիություն

Հրատապ ռեժիմով «կրիա» նախագիծ ու կառավարման փնթիություն

Դեռևս վաղ բրոնզի դարից հայտնի է, որ եթե Լուսնի սկավառակը կիսված է՝ հատված մասով դեպի վեր ուղղված, ապա Հայաստանի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը բորբոքվելու է: Հազարամյակներով փորձարկված նախանշանն այս անգամ էլ ճիշտ դուրս եկավ:

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին բորբոքվելու համար առանձնապես շատ պատճառներ պետք չեն, բայց այս դեպքում ո՞վ լիներ, որ չբորբոքվեր: Դատեք ինքներդ: Կառավարույթան նիստում ՄԻՊ Արման Թաթոյանը դժգոհեց, որ մոտ 20 էջանոց նախագծային մի փաթեթ իրենք ստացել են ընդամենը 1 օր առաջ, այսինքն, 24 ժամից էլ պակաս ժամանակ են ունեցել դրա վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ ներկայացնելու համար:

Նիկոլ Փաշինյանի ինտենսիվ հարցուփորձից պարզվեց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանն այնքան էլ կապ չունի այդ թերացման հետ: Համենայն դեպս, նա հայտարարեց, որ որևէ նախագիծ գերատեսչություններ ուղարկելու և շրջանառելու գործառույթ չունի: Կարճ ասած, դա ոչ թե աշխատակազմի գործն է, այլ այն նախարարության, որը նշված նախագիծը նախաձեռնել է:

Հարցահանդիմանախառն հայացքներն ուղղվեցին դեպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, քանի որ այս պարագայում «այն նախարարությունն» իր գլխավորած գերատեսչությունն էր կարծես:

Նա էլ, թե՝ նախագիծը չի ուղարկվել «կարծիքի», որովհետև... մինչև վերջին պահը պարզ չի եղել. իրե՞նց նախարարությունը պիտի զեկուցողը լինի, թե՞ այլ: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ առողջապահության նախարարության հետ հրատապ ռեժիմով աշխատել են նախագծի վրա:

Կարճ ասած, Ռուստամ Բադասյանն էլ՝ վարչապետական զայրույթի բռնկման էպիկենտրոնում չհայտնվելու համար ամբողջ մեղքը կարծես թե բարդեց արձակուրդային ճամպրուկների վրա նստած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վրա:

Դե, հիմա Թորոսյանին շատերն են մեղադրում ու շատ բաների մեջ, այնպես որ, մի մեղադրանք ավելի, մի մեղադրանք պակաս, շատ բան չի փոխվում:

Իսկ ընդհանուր տպավորությունն այն է, որ կարծես մանկապարտեզ լինի...

-Վաչիկ, ինչո՞ւ շիլան թափեցիր հատակին:

-Դա ես չէի, Խաչիկն էր...

Իսկ մենք դեռ տարակուսում էինք, որ ՍԴ դատավորի մի թեկնածու առաջադրելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու և նոր որոշում ընդունելու փոխարեն, ինչպես են մի նոր որոշում ընդունել, որով ընդամենը նախորդ որոշման մեջ թեկնածուի անուն-ազգանունն են խմբագրել:

Ի դեպ, հրատապի մասին: Շատ հետաքրքիր է ստացվում, քանզի Ռուստամ Բադասյանի ասածից հետևում է, որ մի երկու ամիս հրատապ ռեժիմով նախագիծ են քննարկել:

Գիտեք, ես կարծես կարող եմ անսխալ կռահել այդ նախագծի անվանումը: Այն կոչվում է հրատապ ռեժիմով «կրիա» նախագիծ:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ կառավարման փնթիություն, թափթփվածություն, անկազմակերպվածություն և անպատասխանատվություն: Ճիշտ է, կոնկրետ այս՝ առանձին վերցրած դեպքում դա առանձնապես չի անդրադառնում երկրի սոցիալական ու տնտեսական վիճակի վրա, բայց նստվածք թողնում է: Այն իմաստով՝ նստվածք, որ եթե նման պարզ, զուտ աշխատանքային հարցերն այս կառավարության ներկայացուցիչները այս եղանակով ու մոտեցումներով են կարգավորում, ապա ի՞նչ կարելի է սպասել մյուս՝ արդեն ժողովրդի ու պետության կյանքի վրա ուղղակիորեն ազդող որոշումների դեպքում:

Հա, Նիկոլ Փաշինյանը բորբոքվեց, բարկացավ, ու թե՝ կգնաք, կքննարկեք մինչև ստորագրման բերելը, մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, բոլոր առաջարկները քննարկվել է, ստորագրման չբերեք...

Դե, վարչապետների դեպքում կառավարման պրոֆիլակտիկայի համար վնաս չէ մեկ-մեկ զայրանալը, բռունցքը սեղանին խփելը, բոյարներին կարգի հրավիրելը: Ի լրումն ամենի, դա նաև ժողովրդական լայն զանգվածների վրա է երբեմն-երբեմն ազդում, թե՝ տեսա՜ք, ի՜նչ արեց Փաշինյանը...

Տեսանք: Կառավարման համակարգում տիրում է փնթիություն ու անկազմակերպվածություն: Մի բառ էլ կա, բայց այն արդեն բոլորդ կռահեցիք, ուստի ավելորդ է այստեղ նշել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը