Լրահոս

27.08.2020 22:15


Լոռու տեսուչը փողով վարորդական վկայական է տվել Շիրակի մարզի բնակիչներին. 15 մեղադրյալ կա

Լոռու տեսուչը փողով վարորդական վկայական է տվել Շիրակի մարզի բնակիչներին. 15 մեղադրյալ կա

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա. Գրիգորյանին:

Քրեական գործով պարզվել է, որ 2020 թվականի փետրվարին ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանը պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմ, Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գրիգորյանի հետ` կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ս. Գրիգորյանն իր ծանոթներին և այլ անձանց տեղեկացրել է կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, որից հետո Շիրակի մարզի մի խումբ բնակիչներ անձամբ կամ միջնորդավորված կերպով, այդ թվում` Անիի ավտոդպրոցի տնօրեն Դ. Դարբինյանի միջոցով, 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում, կաշառքի դիմաց վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս. Գրիգորյանին, որը նրանցից ստացել է ընդհանուր 1.920.000 ՀՀ դրամ, որից 1.020.000 ՀՀ դրամը փոխանցել է ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին:

Ստանալով կաշառքի գումարները, տեսուչ Գրիգորյանն առանց վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիների տեսական ու գործնական գիտելիքները ստուգելու գրել է, թե նրանք ճիշտ են հանձնել քննությունը:

Արդյունքում ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ չունեցող անձինք կաշառքի դիմաց ստացել են «B», «B, C» կարգերի վարորդական վկայականներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՃՈ տեսուչ Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ս. Գրիգորյանին էլ խարդախության մեղադրանք է առաջադրվել։

Կաշառքի միջնորդության, կաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու միջնորդության և կաշառք տալու փորձի համար մեղադրանք է առաջադրվել ևս 13 անձանց:

Վարույթն իրականացնող մարմինը, Ս. Գրիգորյանի և մնացած անձանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար համարելով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին՝ վերջիններիս տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը