Կարծիք

27.08.2020 11:06


ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐՍ ՏԳԵՏ Է․ բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԲ ՆԱԽԱՐԱՐՍ ՏԳԵՏ Է․ բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարոն վարչապետ․
ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կազմակերպած համապետական ծնողական ժողովի ընթացքում իրեն թույլ տվեց այնպիսի արտահայտություններ, որոնք խայտառակում են ոչ միայն պետական բարձր պաշտոնյայի, այլև գիտական կոչում ունեցող մտավորականի անունն ու համբավը։ Փորձելով հիմարություններ և ախմախություններ անվանել իր և իր գլխավորած նախարարության հասցեին հնչող քննադատությունները և դրանք վերագրել իր քաղաքականության դեմ արշավ սկսած խավարամիտներին, գիտությունների թեկնածուի կոչում ունեցող անձը արտաբերեց մի այնպիսի հասկացություն, որը վկայում է Արայիկ Հարությունյանի կատարելապես անգրագետ լինելու մասին։ Թե ինչպես է նրան հաջողվել Մոսկվայում ձեռք բերել պատմական գիտությունների թեկնածուի կոչումը, մեզ հայտնի չէ։ Բայց մենք լավ գիտենք, որ ոչ միայն գիտությունների թեկնածուն, այլև սովորական ուսանողը պարտավոր են իրարից տարբերել ՝ լուսավորական և լուսավորչական հասկացությունները, որոնցից երկրորդը գործածվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գաղափարաբանությունը բնորոշելու համար։ Իր նախաձեռնած բարեփոխումները բնութագրելու համար Ձեր գլխավորած կառավարության սուպերնախարարը հայտարարեց՝ «Սա ՀՀ-ի համար լուսավորչական նոր շարժում է, որովհետև տասնամյակներ շարունակ այս փոփոխությունների դեմ պայքարողները մեզ տարել են դեպի խավար, հիմա խավարից ինչ-որ ձայներ են փորձում հանել, մենք խավարամիտներին կթողնենք խավարի մեջ»:
Հարգելի պարոն վարչապետ։ Խնդրում եմ տեղյակ պահեք Ձեր անգրագետ նախարարին, որ լուսավորություն հասկացությունը և այն բնութագրող լուսավորականությունը՝ որպես 17-18- րդ դարերի գաղափարաքաղաքական շարժում, որևէ կապ չունեն Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գաղափարաբանության՝ լուսավորչականության հետ, որի դեմ ի դեպ՝ նույն Արայիկ Հարությունյանը բավականին հետևողական պայքար է սկսել։ Եթե նման արտայտությամբ նա ցանկանում է վերադառնալ հարազատ եկեղեցու գիրկը, ապա ինչո՞ւ է իր ընդդիմախոսներին բնորոշում որպես խավարամիտներ։ Իսկ եթե ոչ, ապա հերթական անգամ կարելի է արձանագրել, որ Արայիկ Հարությունյանը պարզապես անգրագետ է։
Քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ Ձեր գլխավորած կառավարության բարձր պաշտոնյաներն իրենց թույլ են տալիս նման անգրագետ արտահայտություններ, ստիպված եմ արձագանքել այս արգահատելի իրողությանը, որն ինքնին կասկածի տակ է դնում բարեփոխումներ իրականացնելու Ձեր կառավարության ինտելեկտուալ հնարավորությունները և վերջում էլ Ձեզ հիշեցնել մեծն Կանտի հեղինակած Լուսավորության կարգախոսը՝ խիզախություն ունեցիր օգտվելու սեփական բանականությունից։
Եկել է ժամանակը, որպեսզի Դուք նույնպես խիզախություն դրսևորեք և օգտվելով սեփական բանականությունից՝ ազատվեք կրթության ու գիտության ոլորտում իսկապես որ խիստ անհրաժեշտ ու գերհասունացած բարեփոխումների գաղափարը վարկաբեկող Արայիկ Հարությունյանից։
Հարգանքով՝ Գևորգ Խուդինյան
Պատմագիտության դոկտոր, Վէմ հանդեսի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը