Լրահոս

25.08.2020 16:14


Հայաստանի ողջ տարածքում կստեղծվի աշխարհազոր, որը ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում կմասնակցի երկրի պաշտպանությանը. ՊՆ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Հայաստանի ողջ տարածքում կստեղծվի աշխարհազոր, որը ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում կմասնակցի երկրի պաշտպանությանը. ՊՆ օրինագիծը ներկայացվել է հանրային քննարկման

ՀՀ Պաշտպանության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Ըստ e-draft.am-ում ներկայացված օրենքի նախագծի՝ սահմանվում են Երևան քաղաքում և մարզերում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի համաձայն՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Որի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը.

2) հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

Աշխարհազորի կիրառումը ներառում է՝

1) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը.

2) պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ.

3) մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը.

4) մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը.

5) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

Ըստ օրենքի նախագծի՝ աշխարհազորայինի հավաքագրման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է: Պայմանագիր չի կարող կնքվել այն քաղաքացու հետ՝

1) ով ենթակա է պարտադիր զինվորական ծառայության.

2) ով հանդիսանում է զինծառայող կամ փրկարար ծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող,

3) որը պատիժ է կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Այս խորագրի վերջին նյութերը