Մեկնաբանություն

25.08.2020 17:15


«Թավիշ» Սորոսիչը, Գասպարի Խայտառակիչը, Ալեն Փրկիչը, Վիրուսիչը, Խավարիչը և Ցիռկ Կրկեսիչը

«Թավիշ» Սորոսիչը, Գասպարի Խայտառակիչը, Ալեն Փրկիչը, Վիրուսիչը, Խավարիչը և Ցիռկ Կրկեսիչը

Այդպիսի մի կայսրություն է եղել ժուկով-ժամանակով: Այնտեղ սիրում էին ասել՝ «Հաց և տեսարաններ»: Կառավարման զիլ մեթոդ էր...

Ժամանակակից Հայաստանն, իհարկե, կայսրություն չէ: Բայց «կառավարման մեթոդը» շատ չի տարբերվում: Հացի գործը զոռ է: Ուստի «թավշապետական» իշխանությունն ամբողջ շեշտը դնում է «տեսարանների» վրա: Ստացվում է՝ տեսարաններ և տեսարաններ: Այնքան շատ տեսարաններ, որ դրանց մի մասը «հացուջրի», իսկ շատ զոռելու դեպքում էլ՝ «հացուպանրի» տեղ անցնի: Եվ ժողովուրդն ուրա՜խ է: Մարդիկ գործնականում չեն հասցնում մի զվարճությունը մարսել, մյուս երկուն են սկսվում:

Հայտնի չէ, թե երեկ՝ օգոստոսի 24-ին աստղերն ու մոլորակները հատկապես ի՛նչ կոնֆիգուրացիայով էին դասավորվել, բայց ինչ-որ գերբնական, չեմ վախենա այդ բառը գործածելուց՝ մետաֆիզիկական բան, այնուամենայնիվ կար:

Դատեք ինքներդ: Երկրի լիբերալ-բոլշևիկյան իշխող խումբը՝ ՔՊ-ն կուսակցաժողով էր հրավիրել: Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջն էր ապաակտիվացրել, բայց դրանք դեռ ծաղկածիլերն էին:

ՔՊ գրասենյակի մատույցներում հայտնվել էր ոչ անհայտ Վարդգես Գասպարին: Ու, որքան էլ դա շատերին տարօրինակ թվա, չէր պառկել, այլ միանգամայն կանգնած դիրքով ՔՊ գրասենյակի պատին Ա4 ձևաչափի թուղթ էր փակցրել՝ ՔՊ կարկառուն ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, բարդ իրավիճակներում գլխով գործող Ալեն Սիմոնյանի դեմ ու նրա լուսանկարով, թե... «Նոր Հայաստանում պետության հիմքերը խարխլող առաջին բարձրաստիճան պաշտոնյան»:

Հանրության զանգվածային զվարճանքը չնայած չէր պակասում, բայց Գասպարին ավելի ճոխացրեց: Ճիշտ է, նա մի փոքր «սրբագրած» հայտարարություն էր արել: Մասնավորապես, անտեղի բարձր գնահատական էր տվել Ալեն Սիմոնյանին, թե՝ «պետության հիմքերը խարխլող առաջին բարձրաստիճան պաշտոնյան»: Ակնհայտ չափազանցություն է, քանզի այդ տիտղոսը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և նա մրցակցությունից դուրս է այդ հարցում: Իրականում «պետության հիմքերը խարխլելու» առումով Գասպարին կարող էր իր «թղթի» վրա փակցնել «թավշյա պոլիտբյուրոյի» ամբողջ կազմի լուսանկարները՝ կառավարության բոլոր անդամների ու «Իմ քայլը» անզուգական խմբակցության բոլոր պատգամավորների դիմապատկերներով: Դե, երևի թղթի վրա նրանց բոլորի պատկերները լավ չէին տեղավորվում, դրա համար էլ Ալեն Սիմոնյանն էր պատկերվել:

Ու չնայած շատերը ենթադրեցին, որ Ալեն Սիմոնյանը «ծանր հրատեանու»՝ Վարդգես Գասպարի նշանառության տակ է հայտնվել Սորոս պապիկի հասցեին ավել-պակաս արտահայտվելու պատճառով, թե՝ «Սորոսն ո՞ւմ շունն է...», բայց ինքը՝ Գասպարին իր ակցիան նվիրել էր Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա փողոցում նախահարձակ լինելու խայտառակ միջադեպին:

Ամեն դեպքում, Սորոսի գրանտամատը ինքնըստինքյան խառը կլիներ: Իզուր չէ, որ փաշինյանական իշխանության սորոսական ֆրակցիան վրա է տվել «քայլիստներին»: Թե բա՝ «բադասխան եք տալու», ո՞նց թե «Սորոսն ո՞ւմ շունն է...»:

Եվ իսկապես, դա ի՞նչ հարց է, էլի՝ «ո՞ւմ շունն է...»: Ինչի՞, չգիտե՞ք, թե՝ ո՛ւմ: Գնացեք Անկարա, Էրդողանի մոտ և հարցրեք: Այ քեզ՝ բա՜ն...

Բայց Ալեն Սիմոնյանը հրաշալի ելք գտավ իր գլխին կուտակվող ներկուսակցական ամպերը ցրելու համար: Այսինքն, ավելի ճիշտ կլինի ասել՝ «ելքը» գտավ Ալեն Սիմոնյանին:

Բանն այն է, որ օգոստոսի 24-ի երեկոյան, մեկ էլ չէ, այլ միանգամից երկու քաղաքացի որոշել էին ապաակտիվացնել իրենց կյանքի էջերը, կարճ ասած՝ Հաղթանակի կամրջից ցած նետվելով՝ ինքնասպան լինել: Սակայն բեթմենական զգացողությամբ օժտված Ալեն Սիմոնյանը հենց այդ ժամանակ հայտնվել է սուիցիդալ կամրջի վրա և, ըստ միանգամայն պաշտոնական հաղորդագրության, «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը»:

Այ, այդպես: Դե թող բոլոր գասպարիները, լարիսաները նախանձավառ լինեն, առհասարակ, չուզողների աչքը դուրս գա...

Դե, մինչ իր կուսակցական ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայանում է որպես առհասարակ՝ Փրկիչ, Ալեն Սիմոնյանը փորձում է մասնավոր Փրկչի դերը: Չէ, կեցցե, այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահը, կեցցե՛: Ամեն մեկին ու ամեն օր չէ հաջողվում ինքնասպան լինել ցանկացողի կյանք փրկել, իսկ միանգամից երկուսին փրկելն ընդհանրապես այն դեպքերից է, որոնց հիման վրա հետո «Բոլիվուդում» կինոներ են նկարում:

Ի դեպ, հանրության ուշադրությունը գրավել էր այն, որ ինքնասպան լինել ցանկացող, այսինքն՝ իրենց կյանքին վերջ տալու որոշում կայացրած անձինք... դիմակներով էին: Չէ, հետաքրքիր է, էլի, մարդն ուզում է կյանքին վերջ տալ, բայց դիմակ է դրել, որ այդ մի քանի վայրկյանում կորոնավիրուսով չվարակվի: Ասում են, «էն աշխարհում» էլ են կորոնավիրուսով վարակվածներին երկշաբաթյա կարանտինի ենթարկում:

Դիմակավորված ինքնասպանվելու մղումը սակայն ունի շատ պարզ բացատրություն: Անկախ այն բանից, որ մարդը որոշել է իր կյանքին վերջ տալ, ինչն իր իրավունքն է, առհասարակ, նա ցանկանում է գոնե դիմակ կրելով այլ կյանքեր փրկել: Լավ, ինչևէ:

Այ, նայում ես այս ամենին՝ «Թավիշ» Սորոսիչ, Գասպարի Խայտառակիչ, Ալեն Փրկիչ, Փրկիչ Սելֆիչ, Վիրուսիչ, Խավարիչ... Իսկը՝ Ցիռկ Կրկեսիչ իրավիճակ է:

Ու չնայած այդքան ծաղրածուների առկայությանը, ծիծաղի տեղ ողբալդ է գալիս:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը