Մեկնաբանություն

25.08.2020 00:25


Բա որ խոփը էլի քարին դեմ առավ, ո՞նց են տակից դուրս գալու

Բա որ խոփը էլի քարին դեմ առավ, ո՞նց են տակից դուրս գալու

Այն, որ Փաշինյանի տարերքը քանդելն է` կարևոր չէ, թե ինչ` գործող սահմանադրական ինստիտուտները, պատմական, մշակութային ավանդույթները, կրոնական, օրենսդրական «հին» կամ «հնացած կարծրատիպերը», և այլն (ազգային անվտանգության «նոր» հայեցակարգին նվիրված իր «ուղերձում» անգամ հայկական ինքնությունը կեղծ կատեգորիա հռչակեց`հայի տեսակի մասին ավանդական պատկերացումները հեղափոխելու հայտ ներկայացնելով), պարզ էր ի սկզբանե։

Բայց որ ձեռքի տակ ընկած ամեն ինչ կազմալուծել-կազմաքանդելու մարմաջը մի գեղեցիկ օր կարող էր հասցնել Սահմանադրական դատարանը իսպառ ոչնչացնելու` բնաջնջելու մտասևեռման, դժվար էր պատկերացնել։

Ինչո՞ւ Նիկոլ Հեղափոխիչն այնուամենայնիվ որոշեց գնալ այդ ճանապարհով, ի՞նչ «հիմնավոր» պատճառ ուներ դրա համար։

Սահմանադրական դատարանի հանդեպ «անձնական խոր անբարյացակամության» («Միմինոյի» հերոսը կասեր` сильная личная неприязнь) հիմնական պատճառներից մեկը, որից էլ, ըստ էության, սկսվեց և օր օրի ահագնացավ Փաշինյան-Սահմանադրական դատարան առճակատման պատմությունը, այն էր, որ ՍԴ-ն չանցավ Նիկոլի թրի տակով` չդարձավ նրա խամաճիկը։

Որքան էլ «անսպասելի» էր, պարզվեց` ՍԴ դատավորներն այնքան արժանապատվություն և պետական մտածողություն ունեն, որ չեն ուզում Նիկոլի մոտ մանկլավիկություն անել` ի վերուստ իջեցված որոշումները դակող մարմին աշխատել, և ոչ մի կերպ չեն տեղավորվում «հեղափոխության բերած» սուպերվարչահրամայապետական ամբողջատիրության խաղի կանոնների մեջ։ Այսինքն, որոշումներն ինքնուրույն են ընդունում` Սահմանադրության և օրենքների, ոչ թե սահմանադրական արդարադատության, ընդհանրապես արդարադատության վերաբերյալ նիկոլա-սորոսա-հհշական պատկերացումների շրջանակներում։

Բարձր դատարանի «անհնազանդության» առաջին ծիծեռնակը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի բերումով «Նիկոլի և կամպանիայի» քիմքին ոչ հաճո որոշումների ընդունումն էր. առաջին լուրջ «ազդանշանը», որ ՍԴ-ի հետ ինչ-որ բան այնպես չէ։

Նիկոլ ամենակարողը հասկացավ, որ իր կողմից «բուդկի պես» սեփականաշնորհված Հայաստանում` «նոր Հայաստանում», կա առանձին վերցրած մեկ անկախ մարմին, որի վրա իր ուժը չի պատում` որին չի կարող հրամայել, ցուցումներ տալ, անհեթեթ պահանջներ ներկայացնել, ինչպես իր անմիջական ենթակայության տակ գտնվող մարմիններին։ Օրինակ, ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, որոնց պատին էր դեմ տալիս, թե` շտապ տեղորոշե՛ք ու վնասազերծեք «սևազգեստ մարդկանց», գտե՛ք սատանային ու նրա հետ համագործակցող շրջանակներին, հետո էլ, տեղը բերելով, որ «միսիան անիրակականալի» է` հասկանալի պատճառով, մեղադրում էր դավաճանության, իր դեմ աշխատելու, «հեղափոխությանը» կազմակերպված դիմադրություն ցույց տալու մեջ։

Իսկ «ամենասարսափելին» այն էր, որ ինքը` «ժողովրդի 80 տոկոսի վստահությունը վայելող» ազգընտիր վարչահրամայապետը, սահմանադրական ոչ մի լծակ չունի ՍԴ դատավորներին գործից ազատելու։ Չի կարող մատ թափ տալ վրաները, անկյուն կանգնեցնել, ու ասել` հենց հիմա դիմում գրի, ազատվի աշխատանքից, ինչպես մաքսատան աշխատողին։ Սահմանադրությունը «սխալ» է` թույլ չի տալիս ձեռնոցի պես փոխել ՍԴ դատավորներին, ինչպես ԱԱԾ պետին, ոստիկանապետին և իր կրնկի տակ գտնվող մյուս հին ու նոր «թավշյա» պաշտոնյաներին։

Եվ ուրեմն` պետք է փոխել Սահմանադրությունը և սահմանադրական կարգը` «Սերժի կոստյումը», որ մինչև Քոչարյանին ներկայացված մեղադրանքի իրավաչափության հարցով ՄԻԵԴ-ին ու Վենետիկին դիմելու պատմական պահը լա՛վ էլ «նստում էր» Փաշինյանի վրա, հարմարեցնել «նոր պայմաններին»։ Այն է` քանդել սահմանադրական արդարադատության ինստիտուտը. Սահմանադրական դատարանը Վճռաբեկի հետ «միավորելու» անվան տակ ազատվել ՍԴ-ից, որ թերևս մեր ամենակայացած պետական կառույցն է Բանակից հետո։ Այլ կերպ ասած, աչքը հանել աչքացավից ազատվելու համար, անունը դնել` «դատական բարեփոխում»։

Իսկ «ամենաինտրիգայինն» այստեղ այն է, որ նոր Սահմանադրության մշակումը «ռուլիտ» է անում ոչ այլ ոք, քան մասնագիտությամբ ֆիզիկոս`ամեն ինչի մասնագետ բազմափեշակ Դանիել Իոաննիսյանը։ Բաց հասարակության գրանտները տզրուկի պես «ծծող» սորոսահպատակ սույն կերպարն ի՞նչ կապ ունի իրավագիտության, առավել ևս սահմանադրագիտության հետ, ինչո՞վ է վաստակել այդ իրավունքը` Նիկոլը կիմանա, մե՛կ էլ ինքը։

Մյուս կողմից, լավն էլ գուցե հենց դա է։ Իոնաննիսյանը, եթե չեք մոռացել, 2018-ին «հեղափոխական» նույն էնտուզիազմով լծվել էր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին` «ռուլիտ» էր անում ԸՕ փոխությունները նախապատրաստող կառավարական հանձնաժողովը։ Եվ ի՞նչ` թևքերը քշտած աշխատեց առավոտից իրիկուն, աշխատեց, աշխատեց, բայց այդ ամբողջ տքնաջան աշխատանքը ջուրն ընկավ։ Այն ժամանակ արդեն «հեղափոխված», բայց դեռևս «չապահանրապետականացված» խորհրդարանը վիժեցրեց քվեարկությունը, և նախագիծը չընդունվեց։

Եթե շաբաթն ուրբաթից շուտ չգա` բանը հասնի սահմանադրական հանրաքվեի, մեծ է հավանականությունը, որ այս անգամ էլ ժողովո՛ւրդը ջուրը կգցի կատարված «տիտանական աշխատանքը»` չի՛ գնա ու չի քվեարկի այդ անպետքության օգտին, և հարցը ինքն իրեն կլուծվի։

Դեռ ժամանակ կա ժողովրդին բացատրելու, որ Նիկոլն իրեն ուղղակի ձեռ է առնում` օգտագործում է որպես սահմանադրական հեղաշրջման մեկանգամյա օգտագործման բութ գործիք, որ օգտագործելուց հետո դեն են շպրտում...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը