Մեկնաբանություն

24.08.2020 15:00


Բարեփոխո՞ւմ, ո՛չ, չարախառնում. եթե ոչինչ չի ստացվում, ամեն ինչ խառնեք իրար

Բարեփոխո՞ւմ, ո՛չ, չարախառնում. եթե ոչինչ չի ստացվում, ամեն ինչ խառնեք իրար

Օրվա իշխանությունը` Փաշինյանի գլխավորությամբ, անում է ամեն ինչ, որպեսզի հաջորդ իշխանությունը ավելորդ աշխատանքի ահռելի ծավալ ունենա: Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին է: Իսկ որ հաջորդ իշխանությունը, ինչ ուժ կամ գործիչ էլ այն գլխավորի, բավականին ջանքեր ու ժամանակ է ծախսելու պետության սահմանադրական կարգն ու դրվածքը վերականգնելու և «հեղափոխականների» քանդարարության հետևանքները վերացնելու վրա, արդեն իսկ ակնհայտ է:

Մի այդպիսի հին կատակ կար՝ կառավարիչների վերաբերյալ: Ասվում էր, որ եթե չգիտես, թե ի՛նչ անես, բարեփոխումներ սկսիր: Հիմա մերն է, ավելի ճիշտ՝ փաշինյանական իշխանությանը: Սահմանադրական փարեփոխումներ են նախաձեռնել, բայց որ խորքը նայում ես կամ այդ «բարեփոխման» հնարավոր դետալները հանրայնացվում են, կռահում ես, որ իրականում խոսքը չարախառնության, այլ ոչ թե բարեփոխման մասին է:

Շաբաթ օրով, օգոստոսի 22-ին «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը» քննարկել է բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը, մասնավորապես, Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգ: Դրանցից մեկը Ռուստամ Բադասյանի գլխավորած նախարարությունն է մշակել, մյուսը՝ հիշյալ հանձնաժողովի իրավաբան գիտնականները: Ի վերջո, 15 հանձնաժողովականներից 8-ի «կողմ» ձայներով ընդունվել է այն կետը, որ դատարանները, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանը և Վճռաբեկը միավորվեն, դառնան Գերագույն դատարան: Այսինքն, հանրության քննարկմանը, որպես «սահմանադրական բարեփոխման» դրույթներից մեկը հրամցվելու է այս «մոդելը»:

Հատկանշական է, որ ըստ էության իշխանական հանձնաժողովում իսկ նշված մոտեցումն ընդամենը 1 ձայն առավելությամբ է անցել:

Եթե շատ չխորանանք մանրամասնությունների մեջ, ապա առանց երկար-բարակ անելու, որոշվել է կապկել ԱՄՆ մոդելը, որտեղ հենց Գերագույն դատարանն է նաև սահմանադրականի գործառույթ իրականացնում: Թե մե՞զ ինչու է այդքան անհրաժեշտ կուրորեն «քոփի-փասթ» անել ԱՄՆ-ի՝ մի երկու հարյուր տարի իրենց իրողություններին համապատասխան հղկած կամ ստացած մոդելը, սատանան գիտե, մեկ էլ Սորոսը:

Իրավաբաններ շատ կան, չեն թողնի այս հարցն առանց մեկնաբանության: Մանավանդ, որ հարցը մասնագիտական է ու խիստ վիճելի:

Բայց «ուղեկից» հանգամանքներն ու նրբերանգներն էլ պակաս հետաքրքրական չեն:

Սկզբունքորեն, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է այն, որ բավականին երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը կենտրոնացել է Սահմանադրական դատարանը իր կոշիկի տակ ճխլելու վրա: Դրանից բան դուրս չեկավ: Թե՛ գաղափարական, թե՛ գործնական առումով Նիկոլ Փաշինյանը խայտառակ պարտություն կրեց այդ պայքարում: Այնպես, որ ուղղակիորեն հարկադրված էր իր կապրիզը իրականացնել միմիայն օրենքի ավելի կոպիտ խախտումների դիմելու գնով:

Բայց դա էլ դեռ վերջը չէ: Տեսնելով, որ ոչ մի կերպ չի հաջողվում վերջնականապես ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանության ու պետականության կարևոր հիմնասյուներից Սահմանադրական դատարանը՝ «հեղափոխականները», կռահելի է, որ՝ ոչ առանց օտարերկրյա հրահանգավորման, «ելք» են գտել. ավելի ու ավելի խառնել ամեն ինչ, կոնկրետ՝ միավորել Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանները, ձևավորել Գերագույն դատարան: Կարճ ասած՝ արանքից հանել Սահմանադրական դատարանը: Թե ի՞նչ շփոթ կառաջանա հետագայում, դա իրենց առանձնապես չի էլ հուզում:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասենք, նախկին Վճռաբեկի դատավորները ԱԺ օրենքի կամ միջպետական պայմանագրի կամ միջազգային որևէ կոնվենցիայի միանալու սահմանադրականության հարց են քննելու, իսկ սահմանադրական իրավունքի մասնագետները, որևէ քրեական գործի կամ թեկուզ՝ քաղաքացիական վեճի վճռաբեկ բողո՞ք:

Չնայած, դա ո՞ւմ է հետաքրքիր: Կարևորը, որ համացանցային լրահոսը աղբանոցի վերածող իշխանամետ «կայքեր» առաջ գան ու «ռասկռուտկա» արվեն և այնպիսի «ցնցող» վերնագրեր հորինեն, որոնցից ակնհայտ է դառնում, որ դրանք հաշվարկված են միաբջիջ ու զուտ գրգիռներով առաջնորդվող կենսաբանական օրգանիզմների համար: Չշեղվենք բուն թեմայից:

Իսկ բուն թեմայի մեջ ամենից գեղեցիկն ու անզուգականն այն հանգամանքն է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով զբաղվող մասնագիտական հանձնաժողովում (իսկ այնտեղ իսկապես կան մասնագետներ, իրավաբաններ) առանցքային ֆիգուրներից մեկը Դանիել Իոաննիսյանն է՝ չնայած ֆորմալ առումով այս անգամ հանձնաժողովի նախագահ չէ: Այնքան հայտնի կերպար, որ իմաստ չունի լրացուցիչ անգամ ժամանակ ու տարածք ծախսել ասելու համար, թե՝ Դանիել Իոաննիսյանը Հայաստանում հատկապես ում շահերն է ներկայացնում կամ որ հիմնադրամից է նրա կազմակերպությունը տարիներ շարունակ ֆինանսավորվել: Գիտեն բոլորը:

Դե, գումարեք այստեղ նաև արդարադատության երիտնախարար Բադասյանին, ու պատկերը կամբողջանա:

Հարցեր կա՞ն: Հարցեր չկա՛ն:

Ամեն ինչ պարզից էլ պարզ է:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը