Մեկնաբանություն

21.08.2020 11:16


Արագաչափերից մինչև «ասֆալտի գործ»

Արագաչափերից մինչև «ասֆալտի գործ»

Նիկոլ Փաշինյանն ասֆալտի գործ է անում։ Ավելի ճիշտ՝ մեկն անում է, հազարը գովազդում։ Լավ է անում։ Դատարկաբանությունից, դեմագոգիայից, հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելուց հաստատ ավելի լավ է ասֆալտ փռելը։ Հարցը, սակայն, ասֆալտը չէ, այլ «ժողովրդի» վարչապետի մտածելակերպը և գործելակերպը։

Դատելով ամենից՝ Ն․ Փաշինյանը «միաբջիջ» է կամ էլ ինքը գիտի, որ իր երկրպագուններն են «միաբջիջ» և միայն մեկ բան են կարողանում ընկալել։

Նիկոլը միայն մեկ բանի վրա է կարողանում կենտրոնանալ կամ կենտրոնացնել։

Երբ Գյումրիից գալիս էր Երևան, որպեսզի հաճախորդական գինը բարձրացնի (այդ փուլում նա դեռ չգիտեր, որ վարչապետ է դառնալու, իսկ եթե իմանար էլ, ռիսկ չէր անի հայտարարել, քանզի Երևանում 10 մարդ չէր հավաքվի նրա վարչապետության օգտին), զբաղված էր բացառապես արագաչափերը «սկոչավատ» անելով, իսկ եթե «սկոչ» չէր լինում, ապա թիմակցուհիների ներքնաշորն էր օգտագործում։

Հեղափոխության օրերին էլ մեկ բանով էր զբաղված՝ գոռում էր հայտնի նախադասությունն ու այն կրկնում անընդհատ։

Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը խոսում էր տնտեսական հեղափոխությունից և կոչ անում սեփական գլուխներում հաղթահարել աղքատությունը։

Սկզբում նա ասում էր, որ քանի դեռ հին ավտոմեքենաների «կուզովները» չեն հավաքվել, երկիրը երկիր չի դառնա (հետո պարզվեց, որ դրանք հավաքում ու բիզնես է անում)։

Ինչ մնում է տնտեսական հեղափոխությանը, ապա դրա գործիք հռչակվեց․․․ ՀԴՄ կտրոնը (չհաշված մոշ հավաքելը և ոչխար պահելը)։ Նիկոլը ՀԴՄ–ի հետ էր կապում ամեն ինչ և ՀԴՄ–ակոխ քարոզչություն անում։ ՀԴՄ–ական հեղափոխությունը վերածվեց մառազմի նրա Արցախ մեկնելու ճանապարհին։

Հետո ՀԴՄ–ի մասին մոռացան՝ տնտեսական հեղափոխությունից անցնելով հակահամաճարակային հեղափոխության, որի միակ գործիքը դարձավ․․․ դիմակը։ Նիկոլական «դիմակահանդեսը» դեռ շարունակվում է, բայց կամաց–կամաց իր տեղն է զիջում ասֆալտին։

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ թևերը քշտած գործ է անում։ Ասֆլատ է փռում։ Փռելը փռում է, բայց ավելի շատ լաշփա է փռում ֆեյսբուքներում ու հեռուստատեսությունում՝ ինքնագովազդի տեսքով։ Դե քանի այլ անելիք չկա ու այլ բան չկա ցույց տալու, կարելի է ասֆալտ փռել, այն է՝ զբաղվել ասֆալտային պոպուլիզմով։ Մինչդեռ մեր երկիրը լուրջ քանակի և որակի ներդրումների կարիք ունի։ Ներդրումներ, որոնք Փաշինյանի վարչապետության օրոք չեն եղել ու չեն լինելու։ Թեև ներդրումների մասով նա լրիվ հակառակ խոստումն էր տվել։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը