Մեկնաբանություն

20.08.2020 23:50


Դասականը կասեր` չե՛մ հա-վա-տում

Դասականը կասեր` չե՛մ հա-վա-տում

Զվարճալի է հետևել իմքայլական «ախպերության» սորոսական ու սորոսամերձ` պայմանականորեն ասած, քաղպայմանագրային թևերի առճակատման ոչ այն է` ինքնաբուխ, ոչ այն է` ցուցադրական դրսևորումներին, որոնց, ոչ այն է` հավատաս, ոչ այն է` չհավատաս։

Շատերի կարծիքով` դա «դրսի» համար նախատեսված վատ բեմականացված թատերական ներկայացում է, որի նպատակներից մեկը, օրինակ, Ռուսաստանի աչքին թոզ փչելն է. Մարգարիտա Սիմոնյանի և այլոց միջոցով Ռուսաստանից եկած ազդակներն, ի վերջո, տեղ են հասել` ձևացնում են, թե տարաձայնություններ ունեն սորոսականների հետ, որ ռուսները շատ չնեղվեն դաշնակից պետության իշխանության չափից ավելի սորոսացվածությունից։

Կա նաև տեսակետ, թե խաղարկելով այդ «տարաձայնությունները` իշխանության փայատերերից մեկը, ծանծաղմիտ փոխխոսնակ Ալենь-ի գլխավորությամբ, փորձում է մյուսին (սորոսահպատակ հանրույթին) քավության նոխազ դարձնել կորոնավարակի պայմաններում թաքուն կամ բացահայտ ընդունված, ընթացքի մեջ կամ դեռևս սաղմնային վիճակում գտնվող աղմկահարույց հակազգային նախաձեռնությունների` Եկեղեցու, հայոց լեզվի, հայ գրականության, հայկական ինքնության հետ թեկուզ հարևանցի կապ ունեցող ամեն ինչի դեմ սկսված «խաչակրաց արշավի» համար։

Այսպես թե այնպես, սցենարի հեղինակները երկու դեպքում էլ չարաչար սխալվում են իրենց հաշվարկներում։

Առյուծի սիրտ կերած փոխխոսնակը, ո՛չ դես, ո՛չ դեն` համարձակվել է անհարգալից արտահայտվել ոչ թե, ասենք` նախկին նախագահներից մեկի, «նախորդ հանցավոր ռեժիմի» կամ որևէ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի այս կամ այն ներկայացուցչի հասցեին (դա սովորական բան է` երկրորդ կամ նույնիսկ առաջին «մասնագիտություն է դարձել «Իմ քայլի» գրոհայինների համար), այլ գրանտակերների պաշտամունքի առարկա, ֆինանսական ապահովվածության և բարեկեցության կենարար աղբյուր Ջորջ Սորոսի մասին. ասել է` կորոնավիրուսը... կներեք, Սորոսը ո՞ւմ շունն է, որ կարողանա ազդել իշխանության և իշխանության որոշումների վրա։

Բայց հո ասելո՞վ չէ։ Անկախ նրանից, թե ում դեմ է սուր ճոճում, ինչու և ինչպես, որքանով անկեղծ է Սորոսի «պորտը տեղը դնելու» մղումներում, փաստը մնում է փաստ, որ Սորոսը եղել է և մնում է իշխանության փայատերերից մեկը, որ իշխանական բուրգում իր ներկայացվածությանը ոչ համարժեք`վճռորոշ դերակատարում ունի իշխանության բոլոր հակահայ, ապազգային նախաձեռնություններում, կադրային քաղաքականության մեջ և այլն։

Ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանության «քաղպայմանագրային» թևը որևէ ծրագիր, հստակ ուղեգիծ, քաղաքականություն չունի, չի ունեցել, վախենանք` չի էլ ունենա։ Ինչպես Նիկոլը կասեր` իսպառ զերծ է «իզմերից» (միակ «երջանիկ» բացառությունն անսահման ցինիզմն է)։ Մինչդեռ Սորոսի հայաստանյան տեղապահները շատ լավ գիտեն` ինչ են ուզում և ինչու, ուր են ցանկանում տանել երկիրը. 20 տարի շարունակ աշխատել են անխոնջ մշակի պես, նախապատրաստել այն պարարտ հողը, որի վրա «Նիկոլի սուռոգատությամբ» եկել են իշխանության և փորձում են կերտել «նոր» Հայաստանի հակազգային ներքին քաղաքականությունը և հակառուսական արտաքին վեկտորը։

Սորոսական գրանտակերները շարունակում են առանցքային պաշտոններ զբաղեցնել իշխանական «թավշյա» հիերարխիայում, թելադրում են դատաիրավական «բարեփոխումները», արդարադատության համակարգի «նոր» մոդելը, մշակում են Հայաստանի «նոր» Սահմանադրությունը, կրթամշակութային ծրագրերը, անվտանգության ռազմավարությունը, արտաքին քաղաքականության հայեցակարգը և այդպես շարունակ։

Սա շատ լավ տեսնում են թե՛ Մոսկվայում, թե՛ այստեղ` Հայաստանում։ Չհաշված անգրագետ պողոսներին, հակ-հհշական մուտիլվշչիկներին ու սրանց հավասարեցված «շահագրգիռ» անձանց։

Սա է իրականությունը։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, «լիրիկա» է` «մուտիտի ու կռուտիտի» ժանրից...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը