Մեկնաբանություն

20.08.2020 16:15


Գլուխը՝ քարը, թե պետական պարտքը չի ավելանում, կարևորը պրեմիաներն են

Գլուխը՝ քարը, թե պետական պարտքը չի ավելանում, կարևորը պրեմիաներն են

Մինչ պատկառելի տարիքի մի կին հազիվ է զսպում Նիկոլ Փաշինյանի ոտքերը պաչելու մղումը, և մինչ այդ «ժողովրդական սիրո» ցուցադրական դրսևորման օբյեկտն զբաղված է «հեղափոխության բերքահավաքով», հայտնի դարձավ, որ երկրի պետական պարտքն ավելացել է: Շատ չէ, այնպես, երկու տարվա մեջ հազիվ մի 1 միլիարդ 300 միլիոն դոլարի կարգի:

Եթե թվային տվյալներն ավելի կոնկրետ նշենք, ապա Հայաստանի պետական պարտքը (ներառում է արտաքին պարտքը և ներքին պարտքը) ավելացել է 618 միլիոն դոլարով և հուլիսի 31-ի դրությամբ կազմում է գրեթե 8 միլիարդ դոլար, եթե ավելի ճշգրիտ՝ 7 միլիարդ 939 միլիոն և 500 հազար դոլար: Նշենք, որ, օրինակ 2018 թվականի հունվարի դրությամբ այդ ցուցանիշը 6,7 միլիարդի կարգի էր: Ամենից պարզ մաթեմատիկական գործողությամբ կարելի է շատ հեշտ հաշվել, որ վերջին երկու տարում, այսինքն՝ Նիկոլ «թավշապետ» Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, Հայաստանի պետական պարտքն, ընդհանուր առմամբ, ավելացել է մոտ 1,3 միլիարդ դոլարով:

Ի դեպ, հատկանշական է, որ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 321 միլիոն դոլար: Վերջին 7 ամսվա մեջ էլ՝ ավելի քան կես միլիարդով կամ, ինչպես ասվեց՝ 618 միլիոն դոլարով այն ավելացել է:

Դե, փառք Աստծո, որ կորոնավիրուսային արտակարգության շրջանում Հայաստանում գոնե ինչ-որ բան աճել է: Գլուխը՝ քարը, որ դա պետական պարքն է, կարևորը, որ նախարարներն ու մյուս իշխանավոր «ստախանովականները» անշեղորեն պարգևավճարներ, նույն ինքը՝ պրեմիաներ են ստանում: Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի ձեռառնողական մոտեցման, ժողովուրդը պիտի ուրախանա, ցնծա և առհասարակ, հպարտանա, որ իր կառավարության նախարարները պրեմիաներ են ստանում:

Չգիտեմ, բայց երբ նայում եմ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, դրա գործունեության հետևանքներին ու մեկ-մեկ էլ ունկնդրում վարչապետի ասածները, չի լքում զգացողությունը, որ սա ինչ-որ նոր հեռուստաշոու է, որտեղ սինթեզված են կիսաբաց լուսամուտներն ու օդից փողը...

Եվ, քանի որ մեծահասակները թվեր շատ են սիրում, հավելենք նաև, որ վերը հիշատակված գրեթե 8 միլիարդ դոլարից մոտ 7,5 միլիարդ դոլարը կառավարության պարտքն է, որից մոտ 5,6 միլիարդը՝ արտաքին պարտք, իսկ 478,6 միլիոն դոլարը՝ ԿԲ-ի արտաքին պարտքն է:

Հա, դժնդակ ու անագորույն «բռնապետական ռեժիմի պայմաններում» ընդդիմություն աշխատելու ժամանակաշրջանում ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ իր թիմակիցները շատ էին սիրում պարտքը դիտարկել ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ: Ասենք, որ Հայաստանի պետական պարտքը կազմում է անցյալ տարվա ՀՆԱ-ի 58,1 տոկոսը: Դա, անկախ ամեն ինչից, բարձր ցուցանիշ է, բայց՝ միանգամայն բացասական, այսինքն՝ վատ իմաստով:

Բացի զուտ տնտեսականից, պարտքի հարցը նաև բարոյաքաղաքական «երես» ունի: Չէ, հասկանալի է, որ փաշինյանական իշխանության դեպքում և պայմաններում բարոյականությունից խոսելը ոչ միայն անախրոնիզմ է թվում, այլև ծիծաղելի, այնքան, որ մեծ են այս նորիշխանավորների անպատկառության և ցինիզմի ծավալները, բայց, այնուամենայնիվ:

Բանն այն է, որ երկրի պետական պարտքը ավելանում է մի գործչի վարչապետության շրջանում, ով նախքան այդ ամեն հարմար առիթով, տո թեկուզ առանց նման առիթի՝ ինչ ասես որ չէր ասում նախորդներին՝ պետական պարտքի, արտաքին պարտքի, դրա ավելացման վերաբերյալ: Գրեթե ամեն եռամսյակը մեկ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էին հիշում ու գուժում Հայաստանի կործանումը, տնտեսական կրախը և այլն, և այդպես շարունակ:

Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ ընդամենը 1 տարի առաջ, հեևիհեև հասել էր ստեղնաշարի մոտ ու պարծեցել, թե՝ 2015-ից ի վեր առաջին անգամ արտաքին պարտքի նվազման միտում է արձանագրվում:

Բայց լավ, անցյալը դեռ մի կողմ:

Այդ ինչպե՞ս է լինում, որ կառավարությունը, որն ըստ Փաշինյանի փողի խնդիր չունի, պարտք է ավելացնում:

Այդ ինչպե՞ս է լինում, որ իշխանությունը, որը գլուխ է գովում ԱԱԾ-ի ու ՀՔԾ-ի միջոցով տասնյակ ու տասնյակ միլիարդ դրամներ պետությանը վերադարձնելու հարցում, ահա այդ կառավարությունը պարտք է ավելացնում, այն էլ, գրեթե տարին 600 միլիոն դոլար «արագությամբ»:

Ո՞ւր են գնում այդ բոլոր միջոցները, եթե պարտք է ավելանում: Ի՞նչ է, եղած-չեղածը դրել են ասֆալտ փռելու գործի մե՞ջ, որով այդքան սիրում են գլուխ գովել:

Չնայած, հիմա դա ո՞ւմ է հետաքրքիր, չէ՞, որ պարտքն ավելանում է: Կարևորը, որ ժողովուրդն ուրախությունից իր տեղը չի գտնում, ինչպես երբեք չտեսած ասֆալտի, այնպես էլ նախարարների ու «թավշիշխանավորների» դրակոնային պարգևավճարների պատճառով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը