Մեկնաբանություն

20.08.2020 00:52


Տեր Աստված, փրկի՛ր մեզ այսպիսի «գլխավոր բանակցողից»

Տեր Աստված, փրկի՛ր մեզ այսպիսի «գլխավոր բանակցողից»

Նիկոլի Բի-բի-սիին տված շա՜տ «ծանր» հարցազրույցը շատ է քննադատվել։ Երկու այդքան էլ դեռ կքննադատվի։ Բայց կա մի բան, որի համար մեր գլխավոր վայ-բանակցողին ինչքան էլ քննադատենք, քիչ է...

Ինչպես իր արտգործնախարարն էր իր ժամանակին լռելյայն համաձայնել Արցախի հարցին բացառապես ադրբեջանական պատուհանից նայող Սակուրի նավթահոտ «դիտարկմանը», թե մենք` հայերս, ռազմական հանցագործներ ենք, մարդու իրավունքների նկատմամբ աններելի ոտնձգություն ենք գործել` պաշտպանելով հայրենիքը Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված խաղաղ ցույցերին սումգայիթյան եղեռնագործությամբ, Բաքվի, Կիրովաբադի ջարդերով, հայաբնակ այլ բնակավայրերում իրականացված էթնիկ զտումներով, վերջում էլ`ռազմական արկածախնդրությամբ պատասխանած թշնամուն, այնպես էլ ինքը` քաղաքական հակառակորդների վրա աջուձախ սուր ճոճող «դուխով» վարչահրամայապետը։

Մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնված պնդերես հարցին, թե բա` չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել «տեղի ունեցածի» համար, «այո՞, թե՞ ոչ», այլ պատասխան չգտավ, քան այն, որ «ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է։ Այդ իսկ պատճառով մենք ասում ենք` եկեք մերժենք և հրաժարվենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ուժի կիրառման ցանկացած սպառնալիքից։ Ցանկացած խաղաղություն փոխզիջում է, և Հայաստանը միշտ պատրաստ է եղել և պատրաստ է փոխզիջման»։

Ու հազարերորդ անգամ կրկնեց իր հանրահայտ`բոլորին ձանձրացրած, բազմիցս ծեծված, չարչրկված, «կիրթ և քաղաքավարի» Ալիևի կողմից հազար անգամ չորով մերժված կեղծ խաղաղասիրական թեզը։ Այն է`ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, որը ասում է, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Իսկ ամենաանհեթեթն այն է, որ ընդդիմախոսների կարծր գնահատականին արժանացած, օրը մի քանի անգամ անհերքելի փաստերով ու փաստարկներով «ոչնչացված» այդ ծիծաղելի «գաղափարը» ներկայացնում է որպես 30-ամյա վաղեմության չլուծվող թնջուկի «լուծման բանաձև»` այդպես էլ չբացելով փակագծերը. ո՞րն է, ի վերջո, այդ զարմանահրաշ նորարարական լուծումը, որ մինչև հիմա ոչ մեկի մտքով չէր անցել։ Միայն ինքը` որպես «նորօրյա» Հիսուս, կարող էր տեսնել այն, ինչը տեսանելի չէ հասարակ մահկանացուներիս, լուսավորել կույրերիս ու ճիշտ ճանապարհի վրա դնել։

Լավ, մի՞թե այդքան դժվար է հասկանալ, որ, նախ` չկա այդպիսի լուծում, և ուրեմն` մենք դատապարտված ենք բանակցել բանակցելու համար. մի բան, որ 20 տարի շարունակ արել են իր կողմից «մերժված» երկրորդ և երրորդ նախագահները։ Երկրորդ` այն, ինչի մասին երկու տարի է հարթմնի երազում է, այլ բան չէ, քան փոխզիջում ասածի «այբուբենը»։

Հայաստանի որևէ ղեկավար երբևէ գոնե բարձրաձայն չի ասել, թե դեմ է խնդրի փոխզիջումային կարգավորմանը, չի պնդել, թե հարցը պետք է լուծվի բացառապես հայկական կողմի համար ընդունելի տարբերակով։ Չէր էլ կարող նման բան ասել, քանզի դա կնշանակեր շրխկացնել դուռը և դուրս գալ բանակցային գործընթացից` հրաշալի իմանալով, որ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։

Կարելի էր, չէ՞, գոնե «սեփական» արտգործնախարարի դառը փորձից դասեր քաղել, պատրաստ ներկայանալ այդ, այսպես կոչված, հարցազրույցին, ոչ թե գլուխը կախ լսել հարցազրույցավարի «մեղադրական եզրակացությունները»։ Ներողություն խնդրելու «պահանջին» ի պատասխան էլ` «պեչենու բաղերն» ընկնել, խուսափելով ուղիղ պատասխանից և ստեղծել տպավորություն, թե ինչ-որ տեղ` «հոգու խորքում», ընդունում է «մեղադրանքը», բայց համառում է` չի ուզում խոստովանել։

Ավելի լավ նվեր «կիրթ և կառուցողական» Ալիևին ու իր ժողովրդին, համաձայնեք, հնարավոր չէր մատուցել։

Մնում է պարզել` հասկանալո՞վ է դա անում (սորոսական հանրույթի գծած «արժանապատիվ կապիտուլյացիայի» սցենարի շրջանակներում, էլի), թե՞ անձեռնահասության, անտեղյակության, ապիկարության, դիվանագիտությունից, հատկապես Արցախի հարցից «օտ ի դո ոտաբոբիկ» լինելու պատճառով։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը