Մեկնաբանություն

19.08.2020 10:00


«Հեղափոխության բերքահավաքի» ճտերն աշնան են հաշվում

«Հեղափոխության բերքահավաքի» ճտերն աշնան են հաշվում

Փաշինյանը, ոնց հասկանում եմ, շատ զարմացած է, որ իր իշխանության գալուց հետո, հատկապես կորոնավարակային ճգնաժամի պայմաններում, կյանքը հայոց աշխարհում վերջնականապես չի մեռել` մարդիկ շարունակում են ապրել և աշխատել. ինչ-որ տեղ ճանապարհի մի հատված են ասֆալտապատում կամ նորոգում, մանկապարտեզ կառուցում, լուսավորություն, ջրահեռացման համակարգ անցկացնում և այլն։

Սևանա լճի ավազանով «պտույտ մը» գործելով` անակնկալի է եկել կատարված «հսկայածավալ աշխատանքներից», ու շտապել է «կիսվել» զոմբիների հետ` ֆեյսբուքյան իր էջում հիացմունքով գրել է. «Գեղաշենը երբեւէ մանկապարտեզ չի ունեցել։ Այժմ կառուցվում է 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզ։ Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման եւ ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները», «Սուբվենցիոն ծրագրով գազիֆիկացվելու են (ուշադրություն դարձրեք` դեռ չեն գազիֆիկացվել.-Լ.Պ.) Գեղաշենի մշակույթի կենտրոնը եւ երաժշտական դպրոցը, տեղադրվելու է (կտեղադրվի, թե չէ` հարց է-Լ․Պ․) ջեռուցման համակարգ»։

Ավելին, պարզվում է, նույն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում (վարչահրամայապետն, ըստ ամենայնի, նոր է իմացել Կարեն Կարապետյանից ժառանգած «սուբվենցիոն ռազմավարության» մասին` անընդհատ կրկնում է, որ չմոռանա) «Կամարիսում ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը» (ինչքան է կառավարության մասնաբաժինն այդ ծրագրում` չգիտենք), Կոտայքի մարզի Արամուս համայնքում «40 տարվա ընթացքում առաջին անգամ մանկապարտեզ է կառուցվում 150 երեխաների համար», վերականգնվում է «սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը», «Վարդենիսից Շորժա ճանապարհի մի հատված ասֆալտապատվել է. պատմության մեջ երբեք ասֆալտապատված չի եղել, հիմա փայլուն ճանապարհ ա կառուցվել մինչև Ծափաթաղ»։

Ծափաթաղից Ջիլ տանող 180 մետրանոց մի հատված դեռ քանդված է` ասֆալտապատման «ծրագիրն» անորոշ ժամանակով հետաձգվել է («քոռանա վիրուսը»`արել է իր սև գործը), բայց մոտ կամ հեռու ապագայում կծածկվի «գրունտով»։ Փաշինյանի գնահատմամբ` «սրանով Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացման ռազմավարական հիմք ա դրվել». հույս կա, որ ժամանակի իքս պահին «այստեղ շատ լուրջ ներդրումային ծրագրեր կիրականացվեն»։ Երևի շիշ բռնողը` էն, որ տժժում էր իրեն պատկանող ափամերձ սրճարանում` առանց դիմակի շրխկան «փարթի» էր անում կամ ուրիշ մեկը` Փաշինյանի «ինտիմ» շրջապատից, «տժժալու» տեղ են ման գալիս, որ իրենցով անեն։

Արդեն կատարված և ենթադրաբար կատարվելիք առարկայական «տպավորիչ ծրագրերի» ցանկն այսքանով սպառվում է, բայց Փաշինյանին դա չի մտահոգում։ Հակառակը, թև է տալիս`«լավատեսություն» է ներշնչում, որ կորոնավիրուսով «ընդհատված» տնտեսական «թռիչքը», որի հիմնական բաղադրիչներից մեկը, եթե հիշում եք, դրսից ներմուծված էժան ավտոմեքենաներն էին, որ փորձանք են դարձել` «թթվել» են ներմուծողների վրա, մյուսը աննախադեպ թափով շահագործվող, ավելի ճիշտ, հարստահարվող ընդերքը, երրորդը` խաղատնային բիզնեսը, կշարունակվի ու «հեղափոխական» նոր սխրանքներ կգործի։

«Բազմաթիվ բնակավայրերում», որոնց անունը գաղտնի է պահում (որ աչքով չտանք) սեփական աչքով է տեսել «գյուղական փողոցներ, որոնք նախկինում երբեք պատմության մեջ ասֆալտապատ չեն եղել, և ասֆալտապատվում են, ձեռք են բերում ջրահեռացման համակարգեր, որ երբեք գոյություն չեն ունեցել», փողոցային լուսավորություն, որ «նախկինում երբեք գոյություն չի ունեցել», «մանկապարտեզներ, որոնք զրոյից են կառուցվում կամ վերանորոգվում են»։

Ի՞նչ է սա, եթե ոչ իսկական «հեղափոխության բերքահավաք», որի մասին մեր բազմաչարչար ժողովուրդը, հատկապես վերջին 20 տարվա «համատարած ալան-թալանից» հետո, երազել իսկ չէր կարող. «Հարցը, թե արդյոք սրա համա՞ր էր տեղի ունեցել հեղափոխությունը, այո, սրա՛ համար ա տեղի ունեցել հեղափոխությունը, որովհետև էսօր գյուղերում կոնկրետ քաղաքակրթական հեղափոխություն ա տեղի ունենում»։ Մարդիկ, որ առաջ «շրջում էին կալոշներով, կներեք, սապոգներով, էսօր էդ մարդիկ իրենց տնից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտներով ճանապարհներ են տեսնում ջրահեռացման համակարգերով, լուսավորության համակարգերով։ Հայաստանի հանրապետությունը դառնում ա մի մեծ շինհրապարակ»։

«Պրոցեսը սկսվել ա»`որ ասում էր հին աշխարհը քանդենք, դարձնենք մի մե՜ծ շինհրապարակ, ու ավերակների վրա կառուցենք նոր աշխարհ, կամաց-կամաց, գրեթե աննկատելի, դառնում է իրականություն, միայն թե` առանց հին աշխարհը քանդելու։

Դրա համար էլ ասել է և պնդում է`կառավարության անդամները, մարզպետները, պատգամավորները, դրանց հավասարեցված անձինք պետք է գյուռ-գյուռ պարգևատրվեն, իսկ ժողովուրդը`նայի ու ուրախանա։ Иначе никак: Եթե ամիսը մեկ աշխատավարձի չափ պարգևավճար չստանան, գործը առաջ չի գնա, ու... մնաք բարով, փշրանքներ, որ Նիկոլի արևով երդվող («ոտները պաչող») հպարտ քաղաքացին ստանում է այսուայնտեղ երբեմն ձեռի հետ իրականացվող «հսկայածավալ շինարարական աշխատանքների» տեսքով, որոնց ծավալը, նկատենք, այս տարվա առաջին կիսամյակում (երբ դրվում էին «հեղափոխության բերքահավաքի» հիմքերը), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 տոկոսով կրճատվել է։

Դե, իսկ Նիկոլի թվից առաջ, հատկապես «քոչարյանական ժամանակներում» գրանցված շինարարական բումը` Սովետի լենուբոլ տարիներին սկսված, բայց տրամաբանական ավարտին չհասած Դավիթաշենի կամրջի շահագործումը, Արփա-Սևան թունելի հիմնանորոգումը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, Աղետի գոտու վերականգնման իրոք որ հսկայածավալ ծրագրերը, «պատմության մեջ երբեք գոյություն չունեցած» ժամանակակից տրանսպորտային հանգույցները, էստակադաները` հե՛չ։ Մայրաքաղաքում և մարզերում իրականացված լայնամասշտաբ ճանապարհաշինական, ասֆալտապատման, փողոցների և հրապարակների բարեկարգման աշխատանքների, մշակութային օջախների հիմնանորոգման մասին արդեն չենք խոսում։

Ո՞վ է հիշում` ինչ է եղել Նիկոլի թվից առաջ և ինչպես։ Եթե նույնիսկ հիշում են, չեն խոսում այդ մասին։ Եթե խոսում են` միայն դատելու ու դատապարտելու համար։

Ավելին` դրա համար պատժում են «հեղափոխական օրենքների» ողջ խստությամբ...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը