Քաղաքական

18.08.2020 15:39


Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների անոնս են անում (տեսանյութ)

Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների անոնս են անում (տեսանյութ)

«Անվտանգության գործոն» և «Տողերի արանքում» հաղորդումների համատեղ եթերում Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությանն ու Հայաստանի համար օրեցօր աճող մարտահրավերներին:

«Թուրքիան վերջին շրջանում տարածաշրջանում ագրեսիվացել է՝ ներգրավվելով նաև բազմաթիվ ռազմական նախագծերի մեջ և ինտերվենցիաներ անելով տարբեր ուղղություններով»,-նշել է Արման Սաղաթելյանը:

«Թուրքիան տարիներ շարունակ տարբեր մակարդակներով սատարել է Ադրբեջանին, սակայն այն, ինչ մենք տեսնում ենք վերջին 1-2 տարիների ընթացքում, էական փոփոխություն է իր մեջ պարունակում Թուրքիայի ագրեսիվության՝ թե՛ հռետորաբանության, թե՛ քայլերի տեսանկյունից»,-ընդգծել է Կարեն Բեքարյանը:

Նշվել է, որ մենք գործ ունենք մեր հանդեպ ագրեսիվ տրամադրված Թուրքիայի հետ: Եվ այդ ագրեսիվությունը ոչ թե սահմանափակվում է հայտարարություններով, խոսքերով, այլ նաև բացահայտ գործողություններ և օր-օրի աճող մարտահրավերներ է պարունակում իր մեջ:

Ադրբեջանի և Թուրքիայի աճող ռազմատենչ հռետորաբանության համատեքստում զրուցակիցներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Էրդողանն ընդունեց Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարարին և պաշտպանության նախարարին, ինչին երեք օրվա տարբերությամբ հետևեց Թուրքիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Բաքու՝ պատվիրակության կազմում էին Թուրքիայի պաշտպանության նախարարը, շտաբի պետը, ռազմաօդային, ռազմածովային, ցամաքային զորքերի հրամանատարները և այլն: Նրանք միաժամանակ լքել էին երկրի տարածքը, եկել էին Բաքու այն պարագայում, երբ Թուրքիան բազմաթիվ կոնֆլիկտների մեջ է ներգրավված:

«Եթե մենք կոչենք իրերն իրենց անունով, Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական գործողությունների անոնս են անում: Եվ այս պարագայում որքանո՞վ ենք մենք իրավիճակին ադեկվատ գործում. սա շատ էական հարց է»,-նշել է Բեքարյանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ եթե նույնիսկ Անկարայի և Բաքվի այս հռետորաբանությունն ու գործողությունները շանտաժի նպատակ են հետապնդում, ստուգում են արձագանքները հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ ունեն, սա ինքնին արդեն շատ մեծ մարտահրավեր է:

Հայաստանը պետք է տարբեր մակարդակներով ակտիվ աշխատանք տանի ձևավորվող «հակաթուրքական ալյանսի» երկրների հետ: Սաղաթելյանը նշել է, որ թե՛ հույների, թե՛ կիպրացիների հետ համագործակցությունը, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, միշտ շատ արդյունավետ է եղել: Բարեկամական են հարաբերությունները նաև Եգիպտոսի հետ, համագործակցության լայն հնարավորություններ կան ԱՄԷ-ի հետ, սա հնարավորություն է այլ ասպեկտիվ մոտենալու Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին:

Ընդգծվել է Ռուսաստանի հետ թիրախային և խորը աշխատելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մրցակցային էին, շահերի բազմաթիվ բախումներով, բայց Մոսկվան և Անկարան պարբերաբար կարողանում են արձանագրել շահերի հատման և համատեղ գործելու փաթեթներ տարաբնույթ խնդիրների շուրջ: Երկուսն էլ շահագրգռված են տարածաշրջանային խնդիրները համատեղ լուծել: Շահերի բախումը լոկալիզացվում է խնդիրներից յուրաքանչյուրի մեջ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ մենք ամեն օր գտնվում ենք աճող մարտահրավերների մեջ, սակայն պետական մարմինների տեսանելի և ոչ տեսանելի աշխատանքը որևէ կերպ համազոր չէ այդ ամենին:

Մանրամասները` տեսանյութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը