Մեկնաբանություն

17.08.2020 10:45


Բելառուսում բացահայտվեցին «թավշյա» հեղափոխության մոդերատորները

Բելառուսում բացահայտվեցին «թավշյա» հեղափոխության մոդերատորները

«Սառը» պատերազմն ավարտվել է, բայց արևմտյան երկրներն ԱՄՆ–ի գլխավորությամբ շարունակում են սեղմել օղակը ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի շուրջ։ Թիրախում միութենական նախկին հանրապետություններն են։ Փորձ է արվում դրանք հերթով պոկել Կրեմլի ազդեցության գոտուց, իսկ հետո դարձնել հակառուսական «պոլիգոններ»։

ՌԴ–ի դեմ կռիվ տվողներին բացարձակապես չի հետաքրքրում, որ հակառուսական «պոլիգոններում» հետագայում սկսվում է քայքայիչ գործընթաց, արձանագրվում է տարածքային կորուստ, տնտեսական անկում և այլն։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։

Հետխորհրդային տարածքում տեղի ունեցող բոլոր հեղափոխությունները բացահայտորեն կամ թաքնված ձևով նախապատրաստվել, ուղղորդվել և կառավարվել են Արևմուտքի կողմից՝ նպատակ ունենալով հակառուսական վեկտոր ձևավորել։

Եթե Վրաստանում, Ուկրաինայում և հիմա արդեն Բելառուսում Արևմուտքն այդ երկրների ներքին գործերին միջամտում և հեղափոխական գործընթացներ է գեներացնում բացահայտորեն ու իր տարածաշրջանային օպերատորների միջոցով (Բելառուսում Լեհաստանը և Լիտվան հրապարակավ միջամտում են ներքաղաքական կյանքին ու չեն էլ թաքցնում, որ իրենք են եփել բելառուսական «բորշչը»), ապա Հայաստանում ինչպես 2008–ին, այնպես էլ 2018–ին ամեն ինչ տեղի է ունեցել քողարկված ձևով, քանզի մեր երկիրն առանձնահատկություն ունի։ Այդ առանձնահատկությունն էքզիստենցիալ բնույթ ունի։

Բանն այն է, որ գունավոր հեղափոխությունները բերում են տարածքային կորուստների, բայց չեն հանգեցնում տվյալ պետության ոչնչացմանը։ «Գունավոր» պետությունը թուլանում է, փաստացի կորցնում ինքնիշխանությունը և վերածվում Արևմուտքի ու ՌԴ–ի միջև առկա «սանիտարական գոտու», բայց ֆորմալ առումով պաշտպանում է պետականությունը։ Մեր դեպքում նման բան հնարավոր չէ։

Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կկորցնենք նաև Հայաստանը։ Բացի այդ՝ եթե մենք դառնանք հակառուսական «պոլիգոն», ապա դրանով ուղղակի ճանապարհ կբացենք Թուրքիայի համար, այսինքն՝ կրկին կկորցնենք պետականությունը։ Այս ամենը շատ լավ հասկանում էին հեղափոխության դրսի մոդերատորները և այդ իսկ պատճառով գործում էին քողարկված ձևով, թեև Լևոն Տեր–Պետրոսյանի դեպքում մի փոքր ցցվել էին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ 1–ին նախագահը երդվյալ և համոզված քիրվայական է ու կարիք չկա նրան ուղղորդելու՝ ինքն ինչ պետք է կանի, եթե կրկին նախագահ դառնա։

Եվ այսպես, Հայաստանում հեղափոխության մոդերատորների քողարկված ձևով գործելու գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Արևմուտքի տարածաշրջանային օպերատորը Թուրքիան է։ Եթե Թուրքիայի ականջները բացահայտ ձևով երևան հայաստանյան հեղափոխականների հետևում, ապա այն անմիջապես ռեակցիա կառաջացնի հայ ժողովրդի մոտ։

2008–ի իրադարձությունները ցույց տվեցին, որ բացահայտ քիրվայությունը չի աշխատում, բայց քայքայիչ գործունեության որոշակի պարարտ հող կա։

Սերժ Սարգսյանի իշխանությունը որոշեց Արևմուտքին հանգստացնել և վերցնել ընդդիմության դրոշը՝ նախաձեռնելով «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, հետո՝ եվրաասոցացման գործընթացները, սակայն երկու դեպքում էլ կարմիր գծերը չանցան, բայց արդեն պարարտ հող էր ստեղծվել «թավշյա» հեղափոխության համար։

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո թուրքական 5–րդ շարասյունը սկսել է բացահայտ գործել։ Պատճառն այն է, որ «թավշյա» հեղափոխությունը դրսի փայատեր ունի՝ ի դեմս սորոսաթուրքական շրջանակների։

Միակ հարցը, որն առայժմ վեճի առարկա է, հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը սորոսաթուրքական շրջանակների հետ նախապե՞ս ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իշխանության եկած գործիչ է, թե՞ պարզապես օգտագործվել է դրանց կողմից՝ չիմանալով, թե ինչ է սպասում իրեն։ Մենք առայժմ հակված ենք երկրորդ տարբերակին։ Վերջանական պատասխանը միայն «հերձումից» հետո կունենանք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը