Լրահոս

17.08.2020 09:22


Գյումրին սիրելու նուրբ արվեստը, կամ ինչպես Դերենիկը գնեց Դերենիկի տունը (լուսանկար)

Գյումրին սիրելու նուրբ արվեստը, կամ ինչպես Դերենիկը գնեց Դերենիկի տունը (լուսանկար)

Գյումրիում պահպանված հին տներից յուրաքանչյուրն իր յուրօրինակ պատմությունն ունի: Հենց այդ պատմությունն ու պատմության հանդեպ սերն էլ 39-ամյա պատմաբան Դերենիկ Մալխասյանին ստիպեցին վաճառել Գյումրու նորակառույց թաղամասում գտնվող բնակարանն ու գնել «45» փողոցում գտնվող խարխուլ տունը:

Երբ 121 տարեկան տան կտուրը վերանորոգելիս պատմաբան–միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան Դերենիկը Սարիղամիշի փայտից պատրաստված դուռ գտավ՝ վրան ալեքսանդրապոլյան շրջանի կողպեք, իսկ կողպեքի մեջ` ցարական շրջանի՝ 1911թ–ի 1 կոպեկանոց, ևս մեկ անգամ համոզվեց՝ չի սխալվել. տունը կառուցելու ժամանակ կոպեկը հաջողության համար էին դռների մեջ գցում: Այսպիսով դռանը պահ տված կոպեկն ավելի քան 1 դար անց հասավ նոր տանտիրոջը:

Замок двери дома царского периода (1911 год).
Копейка из  замка двери дома царского периода (1911 год).
Տունը կառուցվել է 1889 թվականին, բայց փաստաթղթերում նշված է, որ շինարարությունը հաստատվել է 1899 թվականին: Շինթույլտվությունը տրվել է Ալեքսանդրապոլի առաջին ընտրովի քաղաքապետ Գեղամ Տեր-Պետրոսյանի կողմից: Շինությունը գտնվում է նախկին հունական թաղամասում: Հետաքրքիր զուգադիպությամբ առաջին տանտիրոջ անունը ևս Դերենիկ է եղել. տունը պատկանել է Ալեքսանդրապոլի ավագին (քաղաքագլուխ)` Դերենիկ Խաժակյանին, որն Ալեքսանդրապոլի հոգևոր առաջնորդ Ստեփանոս եպիսկոպոս Խաժակյանի թոռն է եղել:

«Դերենիկ Խաժակյանն իր օգնականի հետ ավելի քան 30 տարի Ալեքսանդրապոլում ու ողջ գավառում զբաղվել է բնակիչների անձնագրավորման հարցերով: Խաժակյանները բավական հայտնի են եղել: Սա Խաժակյանների միակ տունը չէ, նրանք տուն են ունեցել նաև «Սլաբոտկա» թաղամասում»,-Sputnik Արմենիային պատմեց Դերենիկը:

Дереник Хажакян, старейшина в Александрополе, умер в 1925 году
Ի տարբերություն Գյումրիում կառուցված շատ տների` այս մեկը հարուստ չէ քանդակներով, բայց բավականին հարմարավետ է: Դերենիկը փորձելու է վերանորոգման ժամանակ պահպանել հին էլեմենտները` փայտե պատուհանափեղկերը, փայտե առաստաղն ու դռները, պատի վառարանները:

Նոր տանտերը պատմեց, որ հարազատները բնակարանը վաճառելու ու կիսավեր տունը գնելու տարբերակին դեմ չեն եղել:

«Թեև հիմա մարդիկ ավելի շատ ձգտում են հնից նոր տուն տեղափոխվել, բայց հարազատներս դեմ չգնացին իմ որոշմանը, իսկ կինս բավականին լոյալ էր: Մինչ այդ այնքան էի խոսել Ալեքսանդրապոլի տների մասին, որ միանգամից համաձայնեց: Նպատակս քաղաքային մշակույթով հին մոդելային տուն ստեղծելն է»,-ասաց Դերենիկն ու ավելացրեց, որ մասնագիտությունն է «ստիպել» այս տունը գնել:

Երբ սկսել է ալեքսանդրապոլյան այդ շերտը «պեղել», հասկացել է, որ այն, ցավոք, այն շատ դեպքերում մոռացված է: Դերենիկի խոսքով` յուրաքանչյուր քաղաքի համար հին թաղամասերը պետք է հպարտություն լինեն, մինչդեռ մեզ մոտ մոռացության են մատնված:

Старый дом Дереника Хажакяна в Гюмри
«Լավ է` վերջին տարիներին ալեքսանդրապոլյան այդ դարաշրջանի մասին շատ խոսելիս մարդկանց մոտ արդեն ձևավորվում է հարգանքի ու խնամքով պահպանելու ընկալումը: Ես որոշեցի իմ անձնական օրինակով այդ հարգանքը ցուցաբերել»,-ասաց նա:
Историк и политический обозреватель Дереник Малхасян
Տունը պատահաբար է ընտրվել. հին թաղամասերում մի քանի տներ տեսնելուց հետո որոշումը կանգ է առել այս տան վրա: «Սկզբում տպավորությունը սարսափելի էր՝ հին տուն, որը պահպանել էր հին շերտի վրա 50-60 թվականների վերանորոգումը: Մի քանի անգամ ցանկացել եմ այս տունը գնել ու հետո հետ եմ կանգնել այդ մտքից: Մի անգամ հարևանուհու հետ խոսելու ընթացքում, որի սկեսուրը եղել է Դերենիկ Խաժակյանի հարսը, պարզեցի տան պատմությունը և վերջնականապես որոշեցի հենց սա գնել»,-անկեղծացավ Դերենիկը:

Դերենիկ Մալխասյանի գնած տունը

Դերենիկ Մալխասյանի գնած տունը

Դերենիկ Մալխասյանի գնած տունը

Դերենիկ Մալխասյանի գնած տունը

Տունը ժամանակին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, բայց երբ ստալինյան ժամանակաշրջանում Դերենիկ Խաժակյանի որդուն աքսորել են, նրա կինը տան մյուս մասը 2 պարկ ցորենի դիմաց վաճառել է այլ ընտանիքի:

Տան վերանորոգման աշխատանքներն այս պահին շարունակվում են: Նախագծային տեսքը պահպանվելու է: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել տարեվերջին: Դերենիկը վստահեցնում է՝ արդյունքում կունենան 19-րդ դարի ավարտն ու 20-րդ դարի սկիզբը ներկայացնող ալեքսանդրապոլյան քաղաքային տան օրինակ:

Այս խորագրի վերջին նյութերը