Մեկնաբանություն

14.08.2020 21:35


Իսկապես որ՝ «ծանր զրույց»... Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, «Բի-Բի-Սի»-ի եթերում

Իսկապես որ՝ «ծանր զրույց»... Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, «Բի-Բի-Սի»-ի եթերում

Ի տարբերություն սոցցանցերում անմիջապես տարածված սուր և բացասական գնահատականների, անգլերենի մեր ամենից վստահելի փորձագետը նշեց, որ BBC-ի «HARDtalk» հաղորդաշարին (վարող՝ Սթիվեն Սակուր) տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տանելի անգլերեն էր խոսում:

«Փաշինյանի անգլերենն անհամեմատ ավելի բարվոք վիճակում է, քան ռուսերենի իմացությունը,-ասաց փորձագետը, ապա հավելեց,-Չհաշված մի քանի քերականական սխալները, արտասանական սխալները, բառակրկնության ոչ եթերային խոսելաոճն ու սաստիկ ակցենտը, Նիկոլ Փաշինյանը տանելի էր խոսում, ավելին՝ անգլերենի նորմալ բառապաշար ունի. 10 միավորանոց սանդղակով կարելի է գնահատել «6»: Բայց, ես ոչ մի դեպքում խորհուրդ չէի տա և թույլ չէի տա, որ իմ պետության ղեկավարը անգլերենի նման իմացությամբ ներկայանա BBC-ի լսարանին: Անգլերենին լիարժեք տիրապետող ընտիր թարգմանիչներ մեր երկրում շատ կան, և ամոթ չէ դիմել նրանց օգնությանը: Ինքնիշխանությունը նաև մայրենին է, այնպես որ՝ Հայաստանի վարչապետը հանգիստ կարող էր հայերեն պատասխանել հաղորդավարի հարցերին»,-ընդգծեց անգլերենի մասնագետը:

Լավ, ենթադրենք օտար լեզվին տիրապետելու հարցում Նիկոլ Փաշինյանի հետ պարապողը որոշ արդյունքի հասել է, և առաջխաղացման տեղ և ներուժ կա: Իսկ բուն «HARDtalk»-ն ինչպիսի՞ն էր:

Ցավով պետք է նկատել, որ այն ոչ միայն «հարդթոլք» էր, այլև կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ «ծանր խոսակցություն», ինչպես լուսահոգի անտառապահ Ավագը կասեր՝ «ծանդըր զըրից»: Երևում էր, որ հարցազրույցին ներկաներից միայն մեկ մարդ է մանրակրկիտ պատրաստվել և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանը չէր, ով տվյալ պահին ներկայացնում էր Հայաստանը՝ վարչապետի կարգավիճակով:

Հարցազրույցի՝ Արցախին վերաբերող հատվածը ենթակա է առանձին անդրադարձի ու կարոտ՝ քաղաքագիտական գնահատականի: Իսկ տողերիս հեղինակի ընկալմամբ՝ քոռ գրոշ չարժե Հայաստանի որևէ պաշտոնական ներկայացուցչի, առավել ևս՝ պետության ղեկավարի դերում հանդես եկող վարչապետի որևէ անդրադարձ Արցախի խնդրին, եթե հատուկ չի շեշտվում Արցախի ինքնորոշման իրավունքը ու այդ իրավունքի հստակ, նաև՝ միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի իրացումը: Ըստ որում, դա պետք է շեշտվի այնպես, որ դիմացինին հասնի, որքան էլ որ նա ակնհայտ հակահայկական կեցվածք դրսևորի:

Ինչ վերաբերում է մյուս արծարծումներին, ապա դժվար է ասել, թե օտար լսարանի համար որքանո՞վ համոզիչ հնչեցին Նիկոլ Փաշինյանի պատասխաններն ու հավաստիացումները կորոնավարակի դեմ պայքարում Հայաստանի կառավարության չձախողվելու, տնտեսական թռիչքի, մեր երկրում «ծովից ծով դեմոկրատիայի», ընդդիմաությանը չհետապնդելու մասին, բայց ներքին լսարանի համար դրանք ոչ միայն անհամոզիչ էին, այլև փուչիկ, ավելի շուտ՝ փոշի: Ոչ մի քննադատության չեն դիմանում:

Կորոնավարակի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակապես ձախողել են ու տապալվել այդ հարցում: Կասկածողները թող մի հատ էլ համեմատեն Հայաստանի ու հարևան Վրաստանի կորոնավարակային «վիճակագրությունը»: Բացի վիճակագրությունը, կա մեր ավելի քան 1000 հայրենակիցների մահը, որ ցավալի, ծանր ու ակնհայտ փաստ է:

Մենք բազմիցս ու փաստերով հիմնավորել ենք այս գնահատականը: Դեռ լավ էր՝ «HARDtalk»-ի հաղորդավարը միայն Արցախում հայտնի ճաշկերույթի ժամանակ անդիմակ լինելու մասին հիշատակեց: Չգիտեր կամ գուցե խնայեց ու ոչինչ չհիշեցրեց «կորոնավիրուսն ում շունն է»-ի ու «պինցետով, տնական արաղով...»-ի մասին:

«Տնտեսական թռիչք» ապրող Հայաստանի թեման ընդհանրապես ծիծաղելի է: Մեր երկրում եթե այս երկու տարվա մեջ ինչ-որ բան «թռել» է վեր, ապա՝ Նիկոլ Փաշինյանի «քայլակիցների» պարգևավճարվելու ծավալը, իշխանավորների եկամուտները և «ուտելիս բացված ախորժակն» են:

Գանք ժողովրդավարությանը կամ ինչպես ոմանք կոտրտելով ասում են՝ «ձիմակռածիային»:

Նիկոլ Փաշինյանն, օրինակ, այսպիսի պնդում է անում. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունն ազատ է արտահայտվել։ Եվ ես հիմա ուրախ եմ, որ Հայաստանում ընդդիմությունը կարող է գործել ավելի հեշտ, քան նախկինում՝ մինչ հեղափոխությունը»:

Հընթացս, նա, իհարկե, ջանում էր այնպես ներկայացնել, թե Հայաստանը 2018-ի «թավիշից» հետո է ժողովրդավարացել, ինչն, իհարկե, ծիծաղելի է: Հայաստանն այնքան ժողովրդավարական է եղել, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը հանգիստ կարող էր թերթ տպագրել, քաղաքական կարիերա անել, դառնալ ԱԺ պատգամավոր, կուսակցություն բացել, «քայլելով» հասներ իշխանության:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե՝ ընդդիմությունը կարող է ավելի հեշտ ու ազատ գործել, քան նախկինում, ապա սա ասում է մեկը, ում գլխավորած իշխանությունը և ում գլխավորած ոստիկանությունը, ցուցադրաբար անհամաչափ ուժ գործադրելով, ձերբակալում է ընդդիմադիր դիրքավորված անձանց, ասենք ասֆալտին «սուտՆիկոլ» գրելու համար, ցույց անելու համար, անգամ միայնակ պահանջ ներկայացնելու համար: Սա ասում է մեկը, ով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձրել է իր իշխանության ընդդիմադիրներին, քաղաքական հակառակորդներին հետապնդման ենթարկելու բութ գործիք:

Հա, ընդդիմության ազատ գործելու մասին: Խորհրդարանում մի այդպիսի կիսաընդդիմադիր խմբակցություն կա՝ «Լուսավոր Հայաստան»: Շատ ազատ էր գործում, երևի «բիբիսիներում» էլ տեսած կլինեն, թե ինչպես իշխող խմբակցության ներկայացուցիչները հարձակվեցին այդ կիսաընդդիմադիր խմբակցության ղեկավարի վրա:

Ընդհանուր տպավորությունն այդ «ծանր զրույցից». դժվար է ասել, թե ինչ կլինի Բելառուսում, բայց Հայաստանի դեպքում «Բի-Բի-Սի»-ի եթերից խոսում էր թեպետ իշխանություն «հաջողեցրած» պոպուլիստ գործիչ, բայց՝ իշխանության ղեկին ձախողված և հեռացող վարչապետ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը