Մեկնաբանություն

14.08.2020 21:30


Մնում է` պաշտոնապես ամրագրի միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու հեղինակային իրավունքը, և վե՛րջ

Մնում է` պաշտոնապես ամրագրի միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու հեղինակային իրավունքը, և վե՛րջ

Առիթ ունեցել ենք` արձանագրելու, որ «կիրթ և կառուցողական» Ալիևի՝ Տավուշի ուղղությամբ սանձազերծած հարձակումից Փաշինյանը վերջապես գլխի ընկավ, թե իրենից մեծ ի՜նչ «ղալաթ» է արել` Դուշանբեի վերելակային «պայմանավորվածությամբ» ջրելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հակամարտության գոտու մոնիտորինգի`ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորություններն ընդլայնելու և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ։

Եվ ուշացումով փորձեց... իրենով անել «հանուն ոչնչի»` ընդամենը քիչ կրակելու խոստման դիմաց հողին հավասարեցված դիվանագիտական կապիտալը՝ ի դեմս ԵԱՀԿ համանախագահների, միջնորդ երկրների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով ամրագրված գրավոր համաձայնության, որից Ալիևը խուսափում էր, ինչպես ժանտախտից, ու խուսանավում, ինչպես կարող էր։

Բայց, եթե Հայաստանի նիկոլացումից առաջ կիսաձայն էր խոսում այդ մասին` վախենալով միջնորդների սաստող հայտարարություններից, ապա ապրիլյան իշխանազավթումից հետո նույն Փաշինյանի «թույլտվությամբ» ընդհանրապես մոռացավ` ինչի տակ է ստորագրել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ապա «վավերացրել» Ժնևի պայմանավորվածությամբ. ձեռքերը լվաց, մի կողմ կանգնեց` թոթափելով քառօրյա պատերազմի «արդյունքում» իր ուսերին քարի պես ծանրացած միջազգային պարտավորությունների բեռը և 2016-ի ապրիլյան արկածախնդրությամբ սասանված բանակցային ստատուս-քվոն հեշտ ու հանգիստ շուռ տվեց Ադրբեջանի օգտին։

Միջնորդները «հաճույքով» ընդունեցին Ալիև-Փաշինյան կոնֆիդենցիալ շփումների «արդյունքում» հաստատված խաղի նոր կանոնները, գրողի ծոցը ուղարկեցին «կողմերից մեկի»` Ադրբեջանի համար «անընդունելի» գրավոր պայմանավորվածությունները։ Եվ, օգտվելով մյուս կողմի` «նոր» Հայաստանի անողնաշար, անհասկանալի, անհոդաբաշխ «քաղաքականությունից», սկսեցին անթաքույց ճնշում գործադրել մեր նկատմամբ` հորդորելով ձեռնպահ մնալ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի կարգի «ապակառուցողական» հայտարարություններից և օր առաջ անցնել «առարկայական բանակցությունների». այն, ինչի մասին Ադրբեջանը երազում է «անհիշելի» ժամանակներից։

Ի՞նչ ասել է «առարկայական բանակցություններ»` Ադրբեջանի, վախենանք` նաև միջնորդների պատկերացմամբ, գաղտնիք չէ։ Դա նշանակում է «ղազագիր ստորագրել», որ հայկական ուժերն «անհապաղ» դուրս են գալիս Ադրբեջանի «գրավյալ տարածքներից», ադրբեջանցի փախստականները վերադառնում են իրենց նախկին բնակության վայրերը, Ադրբեջանի չունեցած «տարածքային ամբողջականությունը» վերականգնվում է` Արցախը «հարակից տարածքներով» հանդերձ վերադառնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, և «բացականչական նշան»։ Այսինքն` կյանքի է կոչվում Արցախի փուլային հանձնման ծրագիրը, որի մասին բարձրաձայնեց ՌԴ արտգործնախարարը հայտնի հեռավար հեռուստահարցազրույցի ընթացքում` գաղտնազերծելով բանակցությունների սեղանին դրված (Փաշինյանի ասելով` գոյություն չունեցող) փաստաթղթի տրամաբանությունը։

Տավուշյան սրացումները դիվանագիտությունից բոբիկ մեր «գլխավոր բանակցողին» ստիպեցին վերանայել ոտքի վրա ընդունված «որոշումը» և «սեփական կետը», որից իբր սկսել էր բանակցությունները «կիրթ և կառուցողական գործընկերոջ» հետ, հարմարեցնել հին «նոր» իրողություններին. 7 կետանոց մի պահանջագիր հրապարակեց, որի հիմնական թեզերից մեկը լավ մոռացված հնին վերադառնալու` հրադադարի խախտումների հետաքննության «միջազգային մեխանիզմների ներդրման» հրամայական անհրաժեշտությունն էր։

Փաշինյանն, իհարկե, չասաց, որ խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին է. ո՛չ մի նման բան։ Դե, հո չէր կարող դրժել Դուշանբեի վերելակներից մեկում Ալիևին տված խոստումը կամ խոստովանել, որ ինքը սխալ էր, իր ընդդիմախոսները` ճիշտ, երբ ասում էին, որ անդառնալի հարված է հասցրել Արցախին ու ֆորա տվել Ադրբեջանին` ձայնակցելով Ալիևին, երկրորդելով ադրբեջանական վարկածը, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ չկան ու երբեք չեն եղել, և փոշիացրել ապրիլյան պատերազմում զոհված տղաների արյան գնով ձեռք բերված բանակցային առավելությունը։

Ինչպես «հին» Հայաստանից ժառանգած դիվանագիտական պոտենցիալն էր իրեն վերագրել` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովից սկսած, վերջացրած ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ընձեռած հնարավորություններով (որոնց չնչին մասն է օգտագործվել վերջին երկու տարիներին` հասկանալի պատճառով. այդ կառույցներն օրգանապես խորթ են սուտ արևմտամետ սորոսահպատակ թավշյա իշխանիկներին), այնպես էլ այդ պայմանավորվածությունները ներկայացրեց որպես իր «հեղինակային» հայտնագործությունը։

BBC-ի HARDtalk հաղորդման ընթացքում էլ, անդրադառնալով Ադրբեջանի տավուշյան սադրանքներին, վերահաստատեց 2 տարի առաջ իր թեթև ձեռքով «չեղյալ ճանաչված» դիվանագիտական կապիտալը` միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հեղինակային իրավունքն իրենով անելու մտադրությունը։ Թե բա` «մենք առաջարկում ենք ներդնել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Եվ սա միանգամայն հիմնավորված առաջարկություն է Հայաստանի կողմից»։

Մնում է` պաշտոնապես ձևակերպի «ռացիոնալիզատորական» այդ առաջարկը, որ ոչ մեկը` ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ 100 տարի անց, «ղալաթ չանի»` վիճարկելու դրա հեղինակային իրավունքը։ Ի՞նչ իմանաս, թե իր վարած անհոդաբաշխ քաղաքականության «արդյունքում» մի գեղեցիկ օր իր նման պատահական մեկը չի գա իշխանության և «իր կետից» չի սկսի մեր նորօրյա պատմությունը` ջնջելով այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։

Փանջունիների պակաս աշխարհից մոռացված մեր երկրում չի զգացվում, երկիրը կրկեսի վերածելու հայտ ներկայացրած հերթական «փրկչին» օվացիաներով ընդունելու պատրաստ «բերանբացներից» էլ տեղ ու դադար չկա...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը