Քաղաքական

11.04.2011 14:14


Ռուբեն Հակոբյան. «Իրական քաղաքական կոալիցիան Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան համագործակցության մեջ է»

Ռուբեն Հակոբյան. «Իրական քաղաքական կոալիցիան Տեր–Պետրոսյան–Սերժ Սարգսյան համագործակցության մեջ է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ներքաղաքական զարգացումների շուրջ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասել է, թե քաղաքական դաշտը լուրջ վերաձևումների շեմին է։

–Սպասվում  են նոր վերադասավորումներ, և  դրա սկիզբը դրվեց մարտի 17–ի ՀԱԿ–ի հայտնի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդի ելույթից հետո, երբ պարզ դարձավ, որ սկսվել է երկխոսություն Լևոն Տեր–Պետրոսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև։ Նաև պարզ դարձավ, նաև ինձ համար  ենթադրելի էր, որ այդ երկխոսությունը միջնորդավորված էր։ Եթե հիշում եք, այդ օրերին Հայաստանում էր գտնվում Պրեսկոտը։ Որոշակի  պայմանավորվածություններ կան, որոնք հրապարակվեցին ՀԱԿ առաջնորդի կողմից, իսկ մի մասն էլ  կարելի է ենթադրել։ Երկխոսություն սկսելու  համար  ի սկզբանե նախապայմանները եղել են հետևյալը՝ Ազատության հրապարակի այսպես ասած ազատագրում, քաղբանտարկյալների ազատարձակում և մարտի 1–ի հանցագործության բացահայտման համար իշխանությունների կողմից հավստիացումներ, և  այլն։ Պետք է ասել, որ  այս երեք նախապայմանները  հիմնականում կա՛մ իրականացվել են, կա՛մ գտնվում են իրականացման փուլում։ Ազատության հրապարակը, Րաֆֆի  Հովհաննիսյանի կողմից առանց ամպագորգոռ խոսքերի, արդեն ցուց տրվեց, որ  կարելի  է մտնել այնտեղ և ընդունել 20 հազ. քաղաքացիների, որոնք աջակցում էին, զորակցում էին հացադուլին։ Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, ապա շատ հասկանալի է, որ  արդեն ավարտում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու  փուլը, մի քանի քաղբանտարկյալներ կան, որոնք կարծում եմ՝ մոտ ապագայում ազատ կարձակվեն, և տա Աստված՝ ազատ  արձակվեն, որովհետև  այսօր, թերևս, ամենաշահարկելի  թեման ՀԱԿ–ի կողմից նախ և առաջ քաղբանտարկյալներն են։ Երրորդ հարցը մի քիչ ավելի լուրջ է՝ մարտի 1–ի բացահայտման հետ  կապված։ Ճիշտ է, իշխանությունները երբեք չեն հայտարարել, որ  չեն բացահայտելու ամբողջությամբ մարտի 1–ի հանցագործությունները, բայց այստեղ ավելի գործնական քայլերի մասին է խոսքը, որ պետք է բացահայտվի։ Ես էլ  եմ կարծում, որ  այդ պայմանավորվածությունը ինչ–որ չափով կիրականացվի, և իմ համոզմամբ՝ այստեղ պետք է հիմնականում պատասխանատվության ենթարկվեն ներքին գործերի համակարգի ինչ–որ չափով միջինից մի քիչ ավելի բարձր պաշտոնյաներ, և  կարծում եմ, որ  որոշակի  պատասխանատվություն կկրեն գործարարների այսպես ասած անվտանգության աշխատակիցները. հիշում եք, որ  բավական երկար ժամանակ և  այսօր էլ շրջանառության մեջ է, որ դիպուկահարները եղել են ոչ միայն պետական ուժային լծակներից։ Մի բան հստակ է՝ որ Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ  Սարգսյանը, ըստ էության, ինչ–որ տեղ կշրջանցեն  պատասխանատվությունից։ Քաղաքական առումով, կարծում եմ, որ  որոշակի պայմանավորվածություն կա ՀԱԿ–ի և իշխանությունների միջև արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու  մասին։ Որպես քաղաքագետ՝ պետք է ասեմ, որ  երկու կողմի համար էլ շահեկան է, որպեսզի  արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ ՀԱԿ–ի համար շահեկան է այնքանով, որ ի վերջո ՀԱԿ–ը զիջեց այն նշաձողը, որը մինչև այժմ զբաղեցնում էր։ Նկատի ունեմ արմատական ընդդիմության նշաձողը։ Պետք է նաև խոստովանել, որ,  այո՛, ՀԱԿ–ը ընդդիմադիր  դաշտի դոմինանտ ուժն է, գոնե մինչև այսօր, և ՀԱԿ—ի համար շատ շահեկան է,  որ կարողանա այս պահին արտահերթ ընտրությունների մասնակցել, և այդ դեպքում մոտավորապես այն քանակը, որը նախատեսվում է ՀԱԿ–ի համար, որը, իմ կարծիքով, նաև  իշխանությունների հետ  բանակցությունների արդյունք է, կարող ինքը ունենալ պառլամենտում։ Ես համոզված եմ, որ  եթե ՀԱԿ–ը այս պահին չմասնակցի ընտրություններին, այսինքն չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա այն բովանդակությամբ, որը ՀԱԿ–ն ընտրել է քաղաքական դաշտում, հերթական ընտրությունների ժամանակ, մի քիչ կոպիտ է հնչում, բայց ՀԱԿ–ից կմնա միայն կամուֆլյաժը, որովհետև նույնիսկ այս ժամանակահատվածում՝ մարտի 17–ի հանրահավաքից հետո, ապրիլի 8–ի հանրահավաքին մասնակից մարդկանց թիվը պակասեց, և այդ տենդենցը  շարունակվելու է առաջիկայում։ Արտահերթ ընտրությունները ձեռնտու են  նաև ՀՀԿ–ին։ Մի քաղաքական իրավիճակ էր, երբ ստորագրված չէր կոալիցիոն հուշագիրը, որովհետև  ներիշխանական պայքարը տեսանելի էր, և գոնե ինձ համար  մի քիչ  այդքան էլ հստակ չէր, որ կարող է ՀՀԿ–ն իշխանական դաշտում ավելի շատ  ձայն հավաքել, քան ԲՀԿ–ն։ Բայց այդ հայտնի հուշագրումից հետո ՀՀԿ–ն ապահովեց իր դոմինանտ դերը իշխանական կառույցում, և ըստ այդմ ՀՀԿ–ից է կախված, թե կոալիցիոն ուժերից ով ինչքան ձայն կունենա խորհրդարանում։ Այն պայմանավորվածությունը, որ  կա այսօր դաշտում միջնորդավորված, առայժմ ձեռնտու է երկուսին։ Բնականաբար հարց է առաջանում, թե ինչ վատ բան կա, կամ  նրանք իրավունք չունե՞ն պայմանավորվելու, երկխոսելու և այլն։ Այստեղ պախարակելի  ոչինչ չկա։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ում հետ բանակցի, ում հետ երկխոսի, ում հետ նախապատրաստվի  ընտրությանը և ինչ ստորագրություն ունենա քաղաքական դաշտում։ Ինչպես նաև բանկան է, որ  որևէ մեկի, այդ թվում նաև քաղաքական գործչի, քաղաքագետի իրավունքն է, որպեսզի  գնահատական տա այդ գործընթացին։ Այս առումով կարելի է ասել, որ  վերջին հանրահավաքները  եկան ապացուցելու, որ ընդդիմության միավորմանը խոչընդոտող միակ ուժն այս ընթացքում՝ այս երեք տարիների ընթացքում, եղել է ՀԱԿ–ն իր  առաջնորդով։ Ինձ համար՝ որպես ակտիվ քաղաքականության մեջ գտնվող մարդու, կարծես թե ցինիզմի  բացառիկ դրսևորում էր, որ հայտարարվեց, որ  ընդդիմադիր որոշ ուժեր  փորձում են խոչընդոտել այս երկխոսությանը։ Ես չգիտեմ, թե ում նկատի ուներ, բայց նկատի  ունենալով, որ  հիմնականում «Ժառանագություն»–ը այս վերջին ընթացում շատ ակտիվ հարձակման էր ենթարկվում ՀԱԿ–ի կողմից, ուզում եմ ուղղակի  պատասխանել։ Երբ որ ապրիլի 8–ի հանրահավաքին հայտարարվում է, որ պետք է պետության մեջ  ցնցումներ  չլինեն, որ ներքաղաքական լարվածությունից կարող է օգտվել Ադրբեջանը և  հարձակում գործել Ղարաբաղի վրա, որ իշխանությունների հետ  պետք չէ վերջնագրերի տեսքով խոսել, հարց է առաջանում՝ երբ 2008թ. փետրվարին այդ ամբողջ տասնօրյակի ժամանակ, երբ ամբողջությամբ կազմալուծվել էր հանրապետության կենսագործունեությունը, երբ հստակ էր, որ  ցանկացած շարունակության դեպքում բախումներ կլինեն, և Ադրբեջանը կարող է օգտվել այդ իրավիճակից, երբ տասնյակ հազարավոր  մարդկանց նախապատրաստում և հեղափոխական էներգիա էր փոխանցվում իշխանությունը վերցնելու  համար, այդ ժամանակ  Լևոն Տեր–Պետրոսյանը չէ՞ր մտածում, չունե՞ր այդ մտահոգությունը։ Կամ այս դեպքում ո՞ւմ խղճին է նստած այդ 10 զոհի արյունը։ Ես կարծում եմ, որ  Լևոն Տեր–Պետրոսյանը պետք է ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից այն պատճառով, որ  այն, ինչ  արեց Արթուր Բաղդասարյանը շատ հրապարակային, առանց թաքցնելու, առանց իր ընտրազանգվածից թաքուն պահելու,  այն, ինչ անում էր և գնաց իշխանությունների հետ երկխոսության՝ Արթուր  Բաղդասարյանը  դրաձավ դավաճան, «ախք» անվանվեց, իսկ Լևոն Տեր–Պետրոսյանը դա արեց երեք տարի հետո՝ 10 զոհից հետո, և այս ընթացքում, իր իսկ խոսքերով, բավական հստակ Հայաստանի վարկը միջազգային կառույցներում թուլացնելով և ըստ էության մշտական լարվածության մեջ  պահելով ՀՀ քաղաքականությունը։ Երբ հիշում եք՝ մի այսպիսի նշաձող էր դրված  ՀԱԿ–ի և բնականաբար  Լևոն Տեր–Պետրոսյանի  կողմից, թե ովքեր են դիտվում ընդդիմություն։ Այն բոլոր  ուժերը, ովքեր չեն ընդունում, որ  այս պետությունը ավազակապետություն է, ասել է  թե՝ պետության ղեկավարները ավազակներ են, այն ուժերը, որոնք իշխանության մասին խոսելիս չեն ասում, որ նրանք տականքներ են, սրիկաներ են, մոնղոլ– թաթարներ են, և որ  օր առաջ պետք է ազատվել  այդ իշխանություններից՝ արտահերթ ընտրություններ, Սերժ Սարգսյանի հրաժարական և այլն, այդ ուժերը կեղծ ընդդիմություն են, դհոլներ են, տարբեր նվագարաններ են, «ախք»–եր են և այլն։ Սա այն նշաձողն էր, որը դրված էր  ՀԱԿ–ի և Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից և ըստ էության քաղաքական  ահաբեկչության էր ենթարկում ամբողջ ընդդիմադիր դաշտը։ Հիմա հանկարծ պարզվում է, որ հրապարակավ մեղադրվում են ուժեր, որոնք կարող է հանակարծ խոչընդոտեն կամ խանգարեն Լևոն Տեր–Պետրոսյանի և  Սերժ Սարգսյանի երկխոսությանը։ Բարոյական հարթության մասին չեմ ուզում խոսել, որովհետև վերջին շրջանում անընդհատ ապացուցավում է, որ  բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց զուտ քաղաքական հարթության վրա ի՞նչն է նպատակը, որ այս ընթացքում պառակտվում է ողջ ընդդիմադիր  դաշտը։ ՀԱԿ–ը՝ որպես կուսակցությունների համախումբ, քաղաքական դիտարկումներով գոյություն չունի։ Կա եսակենտրոն մի կառույց, որը առաջնորդվում է ամբողջատիրական սկզբունքներով, այս թվերը միայն ֆոն են, որ ապացուցվի, որ համախումբ է, բայց կան թեկուզ ՀԱԿ–ից ինչ–որ տեղ մեկուսացված գործիչներ, օրինակ՝ Ալեքսանդր  Արզումանյան, Կարապետ  Ռուբինյան, որոնք ավելի  շատ  քաղաքական ներկայություն ու կշիռ ունեն նույն ընդդիմադիր  դաշտում, քան ՀԱԿ–ի այդ կուսակցություններից երկու–երեքը՝ իրենց ղեկավարներով միասին վերցրած։ Քաղաքական դաշտին փորձվում է պարտադրել ինչ–որ քանակ, որը պետք է ապահովի Տեր–Պետրոսյանի  եսակենտրոն գործունեությունը։ Ի դեպ, հանրահավաքի օրը ես առիթ եմ ունեցել զրուցելու ՀԱԿ–ի անդամ կուսակցություններից երեքի հետ, որոնք բացարձակապես տեղյակ չեն եղել, թե ինչի մասին է խոսելու Տեր–Պետրոսյանը, ինչպես պետք է ուղղորդի  ցուցարարներին։ Եվ այն թատերական ներկայացումը, թե իբր բանակցության արդյուքնում իշխանությունները թույլ տվեցին մտնել  Ազատության հրապարակ, կարծում եմ՝ բոլորի համար պարզ էր, որ դա նախապես գրված սցենար էր։ Դա նույնիսկ Տեր Պետրոսյանը  անուղղակիորեն խոստովանեց, երբ խոստացավ ցուցարարներին իր ելույթը կարդալ Ազատության հրապարակում։ Իսկապես, եկել է նոր շրջան քաղաքական դաշտում, մասնավորապես ընդդիմադիր դաշտում սպասվում են լուրջ տեղաշարժեր, և առաջացել է քաղաքական պահանջ, որ ընդդիմադիր դաշտը պետք է կարողանա համախմբվել և կարողնա հակակշռել այն դաշինքին, որ կայանում է Տեր-Պետորսյանի, ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի միջև։ Իրական քաղաքական կոալիցիան Տեր-Պետրոսյան–Սերժ Սարգսյան համագործակցության մեջ է՝ նկատի ունենալով այն փաստը, որ այս կոալիցիան շատ ավելի  գաղափարական է՝ հայ–թուրքական և Ղարաբաղի հարցում մոտեցումները նույնն են։ Կարծում եմ՝ շուտով այդ համագործակցությունը  շատ ավելի  տեսանելի  կլինի, և պարզ կլինի և՛ քաղաքական դաշտի, և՛ հասարակության համար,–հայտարարել է Ռուբեն Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը