Մեկնաբանություն

11.08.2020 23:35


«Աշխատում» են... իրենց չխնայելով կամ՝ պարգևավճարի «ստախանովականները»

«Աշխատում» են... իրենց չխնայելով կամ՝ պարգևավճարի «ստախանովականները»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձակուրդ է մեկնել: Ո՞նց, այսինքն, կներեք, ինչպե՞ս, նորի՞ց:

Ո՛չ, ոչ թե՝ նորից, այլ՝ կրկին: Անցած անգամ, հուլիսին մեկնածը կարճատև արձակուրդ էր, իսկ այս մեկը՝ մինչև օգոստոսի 25-ն է լինելու, այսինքն՝ երկարատև:

Դե հոգնել է մարդը, օրնիբուն աշխատում է: Ի վերջո, պե՞տք է գոնե մի քիչ արձակուրդվի, հանգստանա: Ի՞նչ է, ուզում եք մարդը Կորչագինի օ՞րն ընկնի, շատ էլ որ՝ իսկական «ստախանովական» է... Պարգևավճարի՛ «ստախանովական:

Երիտասարդ ընթերցողները, եթե հարցեր ունեն Կորչագինի ու Ստախանովի վերաբերյալ, կարող են դիմել «Գուգոյի» օգնությանը, իսկ մենք շարունակենք:

Այո՛, ինչպես Փաշինյանի ամբողջ կառավարությունը, ասենք, վարչապետ-ուզուրպատորն ինքն էլ, Երևանի ակամա քաղաքապետ Հայկ Մարությանը ևս աշխատում է իրեն չխնայելով:

Օրնիբուն ու անդադար: Հայկ Մարությանը, ասես մեր այ-թի դարաշրջանի մի նոր, մի «թավշյա» Հերակլես, ամեն օր, առավոտյան ժամը 9-ից մինչև 11:00-ն անձամբ բռնում ու ընդարձակում է Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի վերելակները: Այո, որը բռնում է, տեղում անխնա ընդարձակում է:

Թեթև նախաճաշից հետո, արդեն հետմիջօրեին, ժամը 13:30-ից մինչև 15:30 Հայկ Մարությանն անձամբ մասնակցում է Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքներին: Լինելով անխոնջ ու մեղվից էլ աշխատասեր՝ Հայկ Մարությանը 16:30-ից մինչև 19:00-ն շրջում է մայրաքաղաքի բոլոր արվարձաններում, անձամբ շնչադիմակներ է բաժանում, հետևում աղբահանության ու բակային ասֆալտապատման աշխատանքներին, բարեկարգման ընթացքին:

Թեթև ընթրիքից հետո (շաուրման-մաուրման՝ ոտքի վրա), օ՜, ո՛չ, նա տուն չի գնում, այլ բոլորից թաքուն շարունակում է անտառատնկման աշխատանքները Նորքում ու Ծիծեռնակաբերդում: Ոռոգման խողովակագծեր է քաշում...

Իսկ գիշերը: Չէ՛, էլի չի գնում հանգստանալու, մինչև անձամբ չի կարգավորոմ Երևանի բոլոր գլխավոր մայրուղիների, բոլոր փողոցների ու նույնիսկ բակային նշանակության ուղիների, բոլոր փոխադրամիջոցների համակողմանի ախտահանման աշխատանքները...

Բա, այ այդպիսի «ստախանովական» է Երևանի քաղաքապետը: Նա ձեզ համար Թբիլիսիի քաղաքապետ ինչ-որ թամբալ նախկին ֆուտբոլիստ չէ, որ ամբողջ օրը աշխատասենյակում կոմպի մկնիկով գնդակ տշի...

Մի՞թե այդքան աշխատող, տքնող, չարչարվող, գիշեր-ցերեկ Երևանի կանաչապատմանն ու բարեկարգմանը հետևող, վերջապես՝ մաքրությունն ապահովող Մարությանը մի 14 օր արձակուրդի իրավունք չունի՞: Ինչպե՞ս չեք ամաչում, ասում եք՝ չէ: Այդ ի՞նչ ծաղրական ակնարկներ եք անում: Դուք հո «սևակա՞ն» չեք...

Իսկ առհասարակ, արդեն ծիծաղելի էլ չէ: Իբր այն կողմն այս կողմ էին արել, մի հատ էլ՝ «քաղաքապետն արձակուրդ է մեկնում»: Իսկ ե՞րբ արձակուրդում չէր այդ քաղաքապետը: Կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում քանի՞ րոպե երևաց տեսադաշտում, բացի այն, որ դիմակ դնել-չդնելու աղմուկ էր դրել ավագանու նիստի ժամանակ: Ու հավեսով ինքնամեկուսացել էր՝ վարակից, մայրաքաղաքից, խնդիրներից...

Ու պարգևավճարվել ու պարգևավճարել:

Այս պարգևավճարներն, ընդհանրապես, ցինիզմի գագաթնեկատն են: Ոչ միայն քաղաքապետարանի դեպքում, այլ այս ամբողջ «թավշյա» ծույլիկների կոհորտայի: Ինչի՞ համար պարգևավճար: Որ ժողովրդի՞ն են ծառայում: Նման անքթածակ ու անձեռնահաս ծառաներ ո՞վ է պահում, որ մի բան էլ պարգևատրի՝ աշխատավարձի չափով կամ կրկնակի վճարելով:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը