Խմբագրական

10.08.2020 10:15


Յուրաքանչյուր խոհարարուհի կարո՞ղ է պետություն ղեկավարել. Բելառուսում, ինչպես Հայաստանում

Յուրաքանչյուր խոհարարուհի կարո՞ղ է պետություն ղեկավարել. Բելառուսում, ինչպես Հայաստանում

«Պողոսական» հատվածին դուր գալու համար հեղափոխականները բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում շրջանառության մեջ են դրել «Յուրաքանչյուր խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել» բանաձևը։

Այդ բանաձևը տարբեր տեղերում տարբեր ձևակերպումներ է ստացել, բայց էությունը նույնն է՝ ամբոխավարություն։

Բելառուսում նույն սցենարն է՝ օգտագործել ընտրությունները որպես առիթ փողոցային գործընթացներ տանելու համար։ Ինչպես որ եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում 2008թ. և 2018թ.։ Փողոց դուրս եկած ժողովուրդը բոլոր դեպքերում որպես հեղափոխության «մատերիալ» է օգտագործվում՝ հետագայում դեն շպրտվելու հեռանկարով։

Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի մրցակիցը տնային տնտեսուհի է՝ քաղաքական խոհարարուհի։ Հիմա Մինսկում ու մյուս քաղաքներում բախումները «Կարո՞ղ է արդյոք խոհարարուհին պետություն ղեկավարել» թեմայով են։ Դա առաջին հայացքից։ Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա հերթական գունավոր հեղափոխության փորձն է հետսովետական տարածքում։ Հեղափոխություն, որն ուղղված է Մոսկվայի դեմ։

Արևմտյան մոդերատորներն ուզում են Բելառուսից երկրորդ Ուկրաինա ստանալ՝ հակառուսական ևս մեկ երկիր ՌԴ արևմտյան սահմանների վրա։ Օգտվում են այն հանգամանքից, որ Լուկաշենկոյից «հպարտ բելառուսները» հոգնել են, քանզի նա «անհիշելի» ժամանակներից ղեկավարում է Բելառուսը։

Հետսովետական տարածքում բոլոր հեղափոխություններն ուղղված են Մոսկվայի դեմ և ունեն արտաքին մոդերատորներ կամ առնվազն արտաքին փայատերեր։ Այդ մոդերատորները կամ փայատերերն աշխատում են տվյալ տարածքին կցված իրենց օպերատորների միջոցով։ Բելառուսում, օրինակ, այդ օպերատորը Լեհաստանն է։ Հայաստանի դեպքում «թավշյա» հեղափոխությանը փայ մտան սորոսաթուրքական շրջանակները, քանզի մեր տարածաշրջանում հակառուսական վեկտորն ավտոմատ նշանակում է թուրքական գործոնի ուժեղացում այնպես, ինչպես Վրաստանում եղավ։

Ուշագրավն այն է, որ Բելառուսում էլ են շրջանառության մեջ դրել հպարտ քաղաքացու գաղափարը, թե բա պետք է ուղղակի դեմոկրատիա հաստատվի, ժողովուրդը հրապարակում պետք է որոշի երկրի ճակատագիրը՝ կառուցելով բելառուսական ագորան։

Բելառուսական տնային տնտեսուհին, որը նախագահի թեկնածու է, առանձնապես չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից՝ դատարկ, անծրագիր, դրսից կառավարելի։

Բայց մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ Բելառուսում կա օբյեկտիվ դժգոհություն Լուկաշենկոյից։ Նրանից պարզապես հոգնել են։

Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ փոփոխություններ պահանջող բելառուսները լճացումն ուզում են փոխարինել քաոսով ու փլուզումներով։

Եվ այսպես, ԵԱՏՄ ու ՀԱՊԿ տարածքում քաղաքական վիրուս է ներդրվել։ Թիրախը Մոսկվան է։ Այդ վիրուսը մեզանում Նիկոլ Փաշինյանն էր։ Եթե վիրուսը տարածվի և հարվածի գլխին, ապա վերջույթները կարող են փլատակների տակ մնալ։ Հեղափոխական վիրուսը, հետևաբար, պետք է փոխարինել բարեփոխումների դեղով և հակապետականությունը կանխող պատվաստանյութով, որպեսզի գործը չհասնի վիրահատական սեղանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը