Մեկնաբանություն

08.08.2020 23:35


Իմ տեսած ապագայում իմ պատմական հայրենիքի տարածքում Թուրքիա չկա

Իմ տեսած ապագայում իմ պատմական հայրենիքի տարածքում Թուրքիա չկա

Միամտություն կլիներ կարծել, թե թուրքական էքսպանսիան դրսևորվում է միայն Հայաստանում «Հայոց պատմության» չափորոշիչներ մշակող որոշների «մշակելով», մեր պատմության «ռևիզիոնիստական» նենգափոխումներ ու խեղաթյուրումներ դպրոցական ծրագրի մեջ խռճկելով: Պատկերավոր ասած՝ թուրքական «քրջուփալասը» Հայաստան լցնելու ընդհանուր ծրագիրը այլ շոշափուկներ էլ ունի:

Դա կոնկրետ ռազմավարույթուն է, դրանից արտածված ամենատարբեր դրսևորումներով: Ընդհանուրի թիրախային նպատակը Հայաստանի ոչնչացումն է, հայության՝ որպես պետականություն ունեցող ժողովրդի, հասարակության տարրալուծումը, հնարավորության դեպքում՝ ֆիզիկական բնաջնջումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մանկուրտացումը: Թուրքիայից եկող որևէ նախաձեռնություն, նույնիսկ ամենից անմեղ, «խաղաղասիրական» թվացողը կամ դիմակ դրածը ունի նույն նպատակը, բխում է նույն ընդհանուր՝ հայաջինջ ծրագրից, թշնամական բնույթից ու հակամարդկային էությունից:

Ժամանակակից թուրքական կառավարությունն ունի բավարար ֆինանսական և նյութական ռեսուրսներ, որպեսզի գնի ազգանվան «յան» վերջավորությամբ տարբեր սուբյեկտների, որոնք Հայաստանում կքարոզեն և քարոզում են թրքասիրություն, որոնք Հայաստանի տեղեկատվական ու հասարակական օրակարգեր կներմուծեն և ներմուծում են «Թուրքիային ներելու» թեմաներ, որոնք թուրքական կողմի հետ պատմական փաստերի, տեղանունների վերանայումներ կանեին, ասենք, Հայկական լեռնաշխարհը կֆիքսեին որպես Արևելյան Անատոլիա և այդպես շարունակ:

Կարճ ասած, Թուրքիան վստահ է, որ թուրքական ոսկով կկարողանա գտնել դավաճանների, որոնք ոչ միայն կբացես Հայաստանի դարպասները, այլև հաճակատար կծառայեն օսմանցիներին: Դարեր շարունակ թուրքական կառավարիչները այդ տակտիկայով գործել են ու այնպես չէ, թե դավաճաններ չեն գտել:

Հանրահայտ «Նեմեսիս» գործողության ընթացքում, միայն 1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանը, Արշակ Եզդանյանը ու այլ վրիժառուներ գնդակահարել, իսկ ավելի ճիշտ է ասել՝ շանսատակ են արել դավաճաններ Հարություն Մկրտչյանին (Պոլսում օսմանյան գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար), Վահե Եսայանին (1915-ին Պոլսի հայ մտավորականների ցուցակ կազմողը) և այլ սրիկաների: Սա՝ ի միջի այլոց, հիշեցման կարգով:

Ինչ վերաբերում է մեր օրերին և իրականությանը, ապա զուտ «դասագրքային» վերանայումների, Հայաստանի ներսում հակապետական, քայքայիչ գործունեություն ու քարոզչություն ծավալելու հովանավորում-ֆինանսավորումից բացի, Թուրքիան այլ տարբերակներ էլ է կիրառում:

Համենայն դեպս, ուշադրություն գրավեց «Անադոլու քյուլթուր» (հիմնված 2002-ին, որպես շահույթ չհետապնդող մշակութային և մշակույթի, արվեստի հանրահռչակման դեկլարատիվ նպատակներ հետապնդող) կազմակերպության մի նախաձեռնություն, որն իրենք անվանել են «Ապագայի ապագա»: Ըստ տարածված հայտարարության կամ այդ ծրագրում ներգրավվելու մրցութային հրավերի, դա «հետազոտական-ստեղծագործական նախագիծ է, որն իրականացվում է «Անադոլու Քուլթուր»-ի կողմից՝ համադրողներ Ռուբեն Արևշատյանի, Քևսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Մարինա Փափազյանի հետ համագործակցությամբ: Նախագծի նպատակն է՝ ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը»:

Իրենք, ինչպես նշված է այդ հայտարարության մեջ, փնտրում են «երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրդառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի»:

Հասկացա՞ք, թե՞ «թարգմանենք», թե ինչ են ասում: Հայ-թուրքական ընդհանուր ապագա: Հիմա պա՞րզ է:

Այսինքն, «ընդհանուր անցյալը» արդեն հորով-մորով արեցին, հերթը, բնականաբար, հասավ «ընդհանուր ապագային»: Դժվար չէ կանխատեսել, որ այս «նախագծի» հետևանքները լինելու են այն, որ թրքացվի, կներեք, թլպատվի և հակահայկականացվի Հայաստանի մշակույթը, սկսած նկարչությունից, վերջացրած թատրոնով ու կինոյով:

Վերջին անգամ, երբ 1908-ին հայերը Թուրքիայում թուրքերի հետ «ընդհանուր ապագայի» համար հեղափոխություն արեցին, դա ավարտվեց հայության սիստեմավորված Ցեղասպանությամբ և հայրենազրկմամբ: Հիմա, փաստորեն ուզում են 1915-ին ոչ իրենց ցանկությամբ լիովին չավարտածը հիմա իրականացնել: Քավ լիցի, Հայաստանում դրան նպաստող բոլոր պայմանները կան. Թուրքիային ծախվածներ, թրքասերներ, թուրքի հաճկատարներ, և կառավարույթուն, որը, այսպես ասեմ՝ «էշի ականջում քնած» է այդ սպառնալիքներին դիմագրավելու հարցում, եթե չնկատելու տանք, որ թրքասիրության քարոզիչներից ոմանք ընդգծված իշխանամետ սուբյեկտներ են:

Ասում են՝ «ապագայի ապագա»՝ ԱԱ: Դա կարելի է «բացել» նաև որպես առանց ապագա: Չգիտեմ, գուցե այս նախագծի հեղինակների երազած ապագան Հայաստանը Թուրքիայի կողմից ոչնչացված տեսնելն է, բայց իմ տեսած ապագայում, առնվազն իմ պատմական հայրենիքի տարածում Թուրքիա չկա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը