Մեկնաբանություն

07.08.2020 19:20


Նյու Վասյուկիի քաղաքագլուխը շնորհավորական ուղերձ է հղել «Խելացի քաղաքի» խալխին

Նյու Վասյուկիի քաղաքագլուխը շնորհավորական ուղերձ է հղել «Խելացի քաղաքի» խալխին

Գյումրու նավահանգստում ասեղ գցելու տեղ չկա: Ընձուղտակերպ կռունկները, դոկերները օրնիբուն աշխատում են:

Արարատի կոկորդիլոսապուրակում և Վայքի «Դինոզավրա-պարկում» մուտքի տոմսերի հերթեր են:

Սիսիանի տիեզերակայանում մեկը մյուսի ետևից երկինք են սլանում տիեզերական զբոսաշրջիկներին ու վերաբնակներին դեպի Մարս, Լուսին, Հայկի (Օրիոնի) համաստեղություն տեղափոխող հսկայական աստղաթիռները:

Երևանում օդը բյուրեղյա մաքրության է, ոչ մի ծուխ կամ արտանետում, չնայած խիտ ու լարված երթևեկությանը. հիմնականում երկրի մագնիսական դաշտին հակադրվող ուժի շնորհիվ և օդով շարժվող անձայն (եթե թեթև վզզոցը չհաշվենք) «բեթմոբիլակերպ» փոխադրամիջոցներ են, բնականաբար՝ «մադէ ին Արմենիա»: Ի դեպ, այդ մեքենաները թողարկում է Արմավիրում գտնվող «Թռիչք» ընկերությունը...

...Իսկ դիմացի մայթին ոստիկանական պարեկախումբը դիմակը ծուռ դրած անցորդին ոչ միայն տուգանել է, այլև փռել ասֆալտին ու «քացու տակ առել»:

Չէ, ուրախալի է, թեպետ ի՜նչ ենք ասում, հոյակապ է, իհարկե, որ նախօրեին Հայաստանի «ԱԴԿԱՐՍ» զարգացման և վերակառուցման գործակալության ու Չինաստանի Գիտությունների ակադեմիայի, չինական շինարարական կորպորացիաների, Չինաստանի բանկերի միջև աներևակայելի պայմանագիր է կնքվել՝ մեր երկրում «Խելացի քաղաք» կառուցելու և դրա վրա մի 10-15 միլիարդ դոլար ներդնելու (քիչ էր մնում ակամայից գրեի՝ «գըմփացնելու») վերաբերյալ:

Այլ բան է մտահոգում: Այն, որ այս հաղորդագրությանը տեղեկացած հայրենակիցների ճնշող մեծամասնությունը ծաղրի ու սարկազմի սուր բռնկում ունեցավ:

Մարդիկ, ավելի ճիշտ՝ շատ-շատերը միանգամայն լրջորեն սկսեցին խոսել այն մասին, որ իշխանական կամ իշխանամետ քարոզչությունը որոշել է իրենց ձեռ առնել: Բավականին սուր հարցեր հնչեցին առ այն, թե Փաշինյանն ու իր իշխանությունն ո՞ւմ տեղն են դրել մարդկանց: Եղան հայտնի «առակային» կենդանուն հասցեագրվող խոսքի տարբերակով ուղիղ արված արձագանքներ. «Ինչո՞ւ եք կարծում, որ բոլորը ձեզ ընտրած «պողոսի» նման միամիտ-դյուրահավատ (лох, goofy) են»:

Ինձ, օրինակ, ապագայի «Խելացի քաղաքի» համար կատարվելիք ներդրումների չափը գերեց: Այո, 10-ից 15 միլիարդ դոլար՝ 15 տարում, տարին՝ 1 միլիարդ, էլի: Դե, չինացիները, որ մի-մի դոլար դնեն, լրիվ կբավականացնի, դեռ «ատկատների» ու մերձիշխանական բարեսիրական ֆոնդերին մուծելու համար էլ բան կմնա:

Ո՛չ 10, ո՛չ 11,8, ո՛չ 13,4 միլիարդ, այլ հենց՝ 10-15 միլիարդ: Հրաշք է ուղղակի, դե մի 5 միլիարդ այս կողմ, մի 5 միլիարդ այն կողմ, ի՜նչ կարևոր է: Ավելի ճիշտ դա ինչ մի գումար է, չէ՞... Եթե չինական կողմի համար խնդիր է, ապա Փաշինյանի համար մի 5 միլիարդ դոլարն ընդհանարապես խնդիր չէ:

Մի՞թե մարդն իր անձնական միջոցներից 8 միլիարդ չդրեց Երևանի մետրոյի Աջափնյակ ու «Նորքի զանգվածներ» կայարանների շինարարության գործում: Կամ մեծն քաղաքապետ Հայկ Մարությանը մի՞թե իր պարգևավճարներից խնայված միջոցներից 1,2 միլիարդ չնվիրաբերեց Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների ընդարձակմանը:

Չէ՞, չեն նվիրաբերել... Բայց ի՜նչ երախտամոռն եք...

Ի դեպ, քաղաքապետերի մասին: Ասում են, որ այս ներդրումային ծրագրի մասին տեղեկանալուց հետո Նյու Վասյուկիի քաղաքապետ Լոխ Պրոստոֆիլովն առանձնացել է «Ոսկե Օստապ» 20 աստղանի հյուրանոցի իր առանձնասենյակում և նախանձից եղունգներն է կրծել: Ապա վերագտել է իրեն ու մի ջե՜րմ, շնորհավորական ուղերձ է հղել անձամբ Նիկոլ Փաշինյանին և «Խելացի քաղաքի» բնակչությանը:

Ինչ վերաբերում է բուն «Խելացի քաղաքին», ապա նախատեսվում է, որ ֆուտբոլի ազգային հավաքականը 2050 թվականին հենց այդ քաղաքի «Թավշափուչիկ» մարզադաշտում է եզրափակիչ մրցամարտում հանդիպելու Բրազիլիայի հավաքականի հետ: Մարզադաշտն ինքին մի յուրօրինակ հրաշք է, քանզի Փաշինյանի «կախարդական փայտիկի» օգնությամբ կարողանում է տեղավորել 20 միլիոն հանդիսատեսի, որոնց թվում՝ Հայաստանի բոլոր 5 միլիոն բնակիչներին ու 15 միլիոն զբոսաշրջիկների:

Իսկ եթե լուրջ, ապա նման ֆանտաստիկ ծրագրեր տարփողելը ոչ մի լավ բան չի հուշում:

Երբ հացին արդեն կակա ասող ժողովրդին նման «1000 ու մի գիշերներ» են պատմում, ուրեմն իշխանության ու երկրի գործերը իսկապես շատ լուրջ են:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը