Կարծիք

09.04.2009 20:31


I said, baby, you're out of time (մաս 1)

I said, baby, you're out of time (մաս 1)

            Քաղաքապետարանի ընտրություններում Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ կապված պատմությունը նորից առաջ բերեց մի գործոն, որը առկա էր նաև վերջին նախագահական ընտրությունների ժամանակ: Խոսքն անկանխատեսելիության գործոնի մասին է, որի վերլուծությունը թույլ է տալիս հետաքրքրիր ընդհանրացումներ անել: Կարծես ակնհայտ է, որ իշխանությունը չէր կանխատեսում առաջին նախագահի առաջադրումը, որի պատճառով էլ հայտնվեց գոնե ժամանակավոր ցայտնոտի մեջ: Նույն պատմությունը նախագահական ընտրությունների ժամանակ էր' իշխանությունը ի զորու չեղավ հնարավոր սցենարների մեջ կանխատեսել ո՛չ Լևոնի վերադարձը, ո՛չ էլ դրան հետևած զանգվածային շարժումը, ու կրկին հայտնվել էր ցայտնոտի մեջ: Իհարկե, կարելի է ասել, որ չնայած այս ամենին, վարչակարգը միևնույն է, կարողանում է ամեն անգամ տակից դուրս գալ, և քաղաքապետի ընտրություններն, այս առումով, գուցե, բացառություն չլինեն: Բայց դա տվյալ դեպքում էական չէ: Ավելի կարևոր է փորձել հասկանալ նման իրավիճակների կրկնության պատճառները' արդյո՞ք այստեղ գործ ունենք օրինաչափության հետ: Իհարկե, կարևոր պատճառներից մեկն ակնհայտ է' վերլուծականության և հասարակագիտական պատրաստվածության պակասը, իշխանությանը սպասարկող փորձագետների և իշխանության բուն ներկայացուցիչների մոտ: Դա հետաքրքրիր թեմա է, բայց դա էլ տվյալ դեպքում կարևոր չէ: Ուրեմն ի՞նչ: «Իրավիճակների կրկնություն» արտահայտությունը հուշում է մտքի ընթացքը' «կրկնությունը» պատկանում է ժամանակի ոլորտին, վերջինիս կարևոր տարատեսակներից մեկն է: Հետևաբար խոսքը գնալու է քաղաքականության և ժամանակի գործոնի առնչության մասին, որը պակաս կարևոր չէ, քան աշխարհաքաղաքականության ուսումնասիրման առարկա' քաղաքականության և տարածության առնչությունը: Մեզանում այն ակտուալ է, քանի որ Հայաստանի կառավարությունը գտնվում է պատմական ժամանակից դուրս, չի վերահսկում ժամանակի ընացքը, հետևաբար' պատմականորեն իռացիոնալ, իրականությունը կեղծող, ստախոսության դատապարտված, և ուշ թե շուտ ձախողման ու հեռացման ենթակա համակարգ է:

            Իշխանություն ունենալը' իշխելն ու կառավարելը, եթե խոսքը ռազմավարական, այլ ոչ թե զուտ վարչարարական կառավարման մասին է, նշանակում է նաև իշխել ժամանակին: Իշխելու լավագույն փոխաբերությունը (մետաֆորը)' որևէ բարձրակետից հեռանկարի դիտարկումն ու հսկումն է: Իշխելու' հսկելու հաջողության կարևոր նախապայմանը հեռանկարի և տեսադաշտի հնարավոր մեծությունն է, իսկ կարևոր գործիքներից' սրատեսությունն է: Սա իշխանության տարածական փոխաբերություն է, բայց անշուշտ պարունակում է իր մեջ նաև ժամանակի տարր' որքան մեծ է տեսադաշտը, այնքան մեծ է կանխատեսման վերածված սրատեսության' առջևում ընկածի տեսանելիությունը: Կանխատեսումն արդեն վերաբերում է ժամանակի, այլ ոչ թե տարածության, իսկ առջևում ընկածը' թե՛ տարածության, թե՛ ժամանակի ոլորտներին: Միաժամանակ «առջև»-ի հիմքում ընկած «առաջ» բառը նշանակաում է թե՛ այն ինչ առջևում է, կամ դեպի առաջ ուղությունը, թե՛ այն ինչ առաջ էր' անցյալում էր: Այսինքն հեռանկարի վերահսկումը կամ ժամանակին իշխելը ենթադրում է և՛ ապագայի, և՛ անցյալի տեսադաշտն աչքի առաջ ունենալը: Ժամանակի հոսքը հոսում է ոչ միայն անցյալից դեպի ներկա և ապագա, այլև հակառակ ուղղությամբ' ապագայից դեպի ներկա և անցյալ: Այսինքն ներկան ձևավորվում է ոչ միայն անցյալից, այլև ապագայից: Այլ կերպ ասած, ներկան գալիս է ապագայից' գալիքից, իսկ ապագան' ներկայանում է կամ ներկայացվում է, այսինքն ներկա է դառնում: Ներկան ապառնուց ապառիկով վերցված առարկա է: Քանի որ ապագան ի տարբերություն ներկայի բաց է, այսինքն իր մեջ պարունակում է մի քանի տարբեր հնարավորություններ և պոտենցիալ իրականություններ, ապա հենց ապագայի բացահայտումը' կանխատեսման և կանխագործման միջոցով հնարավոր մի քանի ապագաներից լավագույն ներկա ձևավորելը, ռազմավարական կառավարման կարևորագույն մասն է կազմում: Մեծ քաղաքականությունը' ապագայի ձևավորումն է, ապագային ուղված ժեստերն են ներկայի մեջ, ապագայի հայտնությունը:

            Սակայն հենց թեկուզ ապագայի հնարավորինս արդյունավետ կանխատեսման համար կարևոր է նաև ճիշտ դիտակետ ունենալը, այսինքն ներկայի ճիշտ կետում գտնվելը: Ավելի ստույգ' ներկան դա հենց ճիշտ դիտակետն է, և հակառակը' ճիշտ դիտակետում գտնվելը, որտեղից բացվում է ամենալայն տեսահորիզոնը, նշանակում է հենց բուն ներկայի մեջ գտնվելը: Երբ դիտակետը շեղված է, դիտողի «ներկան» չի համապատասխանում «իսկական» ներկային, կամ ժամանակի հոսքի մայրուղային կետին: Այսինքն, այդ դեպքում դիտարկող սուբյեկտը բուն ներկայից, և առհասարակ ժամանակից դուրս է, կամ գտնվում է նրա ծայրամասին' ճամփեզրին: Օրինակի համար, նա կարող է այդտեղ ասֆալտ փռելով զբաղված լինել, և չնկատել ժամանակի հոսքը, չտիրապետել դրա ընթացքին' շփոթելով ռազմավարական կառավարումը ծառայողական վարչարարական գործառույթի հետ: Գտնվելով ժամանակից, հետևաբար և պատմությունից դուրս, այդպիսի դիտողը դուրս է նաև մեծ քաղաքականությունից: Նրա ճակատագիրը նրա փոխարեն որոշում են ուրիշները:

Հրանտ Տեր-Աբրահամյան

(վերջը հաջորդիվ)

Այս խորագրի վերջին նյութերը