Լրահոս

06.08.2020 15:17


Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ նիստին ներկա չէին ներկայացել մեղադրյալներից երկուսը՝ Սերժ Սարգսյանը և Գևորգ Հարությունյանը։ Նիստի ժամանակ նախագահող դատավոր Վահե Միսակյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի դիմումը, որով վերջինս հայտնում է, որ հանձնել է կորոնավիրուսի թեստ, ինչի պատճառով էլ ներկա չի կարող գտնվել դատական նիստին։

«Հայտնում եմ, որ ինքնազգացողության վատթարացմամբ պայմանավորված, թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր առավոտյան «Նաիրի»ԲԿ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը չեմ ստացել, ուստի նիստին չեմ կարող ներկայանալ»,-փաստաբանի դիմումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։

Ամրամ Մակինյանը միջնորդել էր նաև երկրում համավարակի աճի ցուցանիշները հաշվի առնելով հետաձգել դատակա նիստը։ Դատավոր Վահե Միսակյանը չհամաձայնեց պաշտպանների հետ՝ նկատելով, որ համավարակի աճի տեմպն արդեն նվազել են։

Դատավարության կողմերը չառարկեցին նիստը հետաձգելու հետ կապված միջնորդությունը։ Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը։ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը