Մեկնաբանություն

06.08.2020 08:40


Բեյրութի մղձավանջային պայթյունից, բնականաբար, Հայաստանն էլ է ցնցվել

Բեյրութի մղձավանջային պայթյունից, բնականաբար, Հայաստանն էլ է ցնցվել

Այն, ինչ օգոստոսի 4-ին կատարվեց բարեկամական Լիբանանի մայրաքաղաք ու նաև հայերիս համար հարազատ Բեյրութում, ասես ինչ-որ աղետ-ֆիլմի արտապատկերում լիներ: Բայց ավելի ահավոր ու մղձավանջային: Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ահավոր ուժգնության պայթյունը, ինչպես պարզորոշ երևաց բազմաթիվ բեյրութցիների նկարահանած տեսաբեկորներում, հաշված վայրկյանների ընթացքում խորշակի վերածեց այդ հրաշալի քաղաքի առնվազն նավահանգստին մերձակա թաղամասերը: Բազմաթիվ զոհեր, հազարավոր վիրավորներ, հարյուր հազարավոր անօթևան մնացածներ...

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մղձավանջային պայթյունից տուժել են նաև մեր ազգակիցները, հայկական Բուրջ Համուդ թաղամասը, Կիլիկիո կաթողիկոսի նստավայր Անթիլիասը, պայթյունից, բնականաբար, Հայաստանն էլ է ցնցվել...

Այլ կերպ չէր էլ կարող լինել, այլ կերպ անհնար էլ էր պատկերացնել: Ու այնքան պարզ է, թե՝ ինչո՛ւ է այդպես, որ բացարձակապես ավելորդ է դա նշել կամ բացատրել:

Նույնքան բնականաբար, մեր հայրենակիցների մեծ մասը, տեսած զարհուրելի պայթյունի հաղորդած շոկային վիճակը հաղթահարելուց հետո, իր մեջ կամ բարձրաձայն արտահայտվեց, որ պետք է անհապաղ օգնության ձեռք մեկնել Լիբանանի բարեկամական ժողովրդին ու, հասկանալի է, մեր ազգակիցներին:

Նույնքան բնական ու հասկանալի է նաև, որ Հայաստանի իշխանությունները, պետական կառույցները արձագանքեցին տեղի ունեցած ողբերգությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ, ցավակցելուց բացի, Հայաստանի աջակցության պատրաստակամությունը հայտնել, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ է զրուցել: ԱԳՆ-ն ևս հայտարարույթուն է արել: Բոլորը չթվարկենք:

Այդ ամենը, անկասկած ճիշտ է, անհրաժեշտ է, անքննարկելի է: Բայց, անկեղծ ասած, ես մի փոքր այլ կերպ էի պատկերացնում մեր պետության արձագանքը: Գուցե հուզական ընկալման խնդիր է, դժվար է ասել: Սակայն ինձ թվում էր, որ արդեն օգոստոսի 5-ի առավոտյան պաշտոնական հաղորդագրույթուն կլինի՝ Երևանից Բեյրութ հատուկ չվերթի մասին: Հասկանալի է՝ բժիշկների, ԱԻՆ մասնագետների, փրկարարների խմբով, անօթևանների համար անհրաժեշտ պարագաներով, օգնությամբ, մի խոսքով, և Բեյրութից Հայաստան անօթևան մնացած կամ ծանր կացության մեջ հայտնված մարդկանց Հայաստան տեղափոխելու և թեկուզ ժամանակավոր ապաստան տրամադրելու նպատակով:

Այսինքն, մի փոքր ավելի գործուն, ավելի արագ, ավելի քիչ խոսքերով ու ավելի շատ գործնական արձագանք կարելի էր ակնկալել: Չեմ ցանկանա ասել, ինչպես, օրինակ, Ֆրանսիան արձագանքեց, որովհետև մենք, հասկանալի է, ո՛չ ռեսուրսներով, ո՛չ հնարավորություններով համեմատելի չենք Ֆրանսիայի հետ: Իսկ սրտո՞վ...

Հուսով ու վստահ եմ, որ անհրաժեշտ օգնություն էլ Հայաստանից կցուցաբերվի, ուզում եմ հավատալ, որ կկազմակերպվի նաև Հայաստանում ապաստանելու ցանկություն ունեցող հայրենակիցների տեղափոխությունը: Եվ նմանօրինակ այլ հարցերին էլ ուշադրություն կդարձնեն ոչ միայն անհատ-բարերարները, այլ Հայաստանը՝ որպես պետություն: Բայց մեծ հաշվով հենց նման դեպքերում և արձագանքելու արագությունից է երևում որևէ համակարգի կազմակերպվածությունն ու արդյունավետությունը:

Ի դեպ, երեկվա ընթացքում ուշադրություն դարձնողներ եղան, թե ո՞ւր է, ինչո՞վ է զբաղված «Սփյուռքի նախարարը», նկատի ունեմ, իհարկե, հանձնակատարին: Բայց նա, որքան հայտնի է, արձակուրդ էր մեկնել ավելի վաղ, իսկ դրանից քիչ անց իր գրասենյակի 10 առաջատար աշխատակիցների ազատել էին զբաղեցրած պաշտոնից: Այնպես որ, Երևանում էլ լիներ, գրեթե առանց աշխատակազմ հազիվ թե ինչ-որ բան կարողանար կարգավորել կամ խնդիրներ լուծել:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը