Մեկնաբանություն

04.08.2020 15:55


Իր «հեղափոխական պրյոմի» տակ մնացած կառավարչապետը և Ամուլսարի ոսկին

Իր «հեղափոխական պրյոմի» տակ մնացած կառավարչապետը և Ամուլսարի ոսկին

Ամուլսարի մատույցներում «իրավիճակ է փոխվել»: Լրահոսում արագ տարածվեց «Հայաստանի բնապահպանական ճակատի» հաղորդագրությունը, որ «Լիդիանի» պահնորդական նոր ծառայույթունը տարածքից հեռացրել է հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստների վագոն-տնակները, փոխարենը տեղադրել են իրենց վագոն-տնակները:

Աղմուկը, իհարկե, երաշխավորված է: Եվ՛ խնդիրն է բազմիցս արծարծված, և՛ Ամուլսարի հանքավայրի շահագործման փաստացի արգելափակումն է արդեն ավելի քան երկու տարի ձգվում, և՛ այլ ցույցեր ու ակցիաներ են բազմիցս եղել այս ընթացքում և այլն, և այլն: Բայց՝ իրավիճակ է փոխվել: «Լիդիան-Արմենիա» ընկերությունը կարծես ամեն կերպ փորձում է հասկացնել, թեկուզ նման գործողությամբ, որ ներդրումային ծրագիրը շարունակելու և հանքավայրը շահագործելու համաձայնության է հասել Նիկոլ Փաշինյանի հետ:

Համենայն դեպս, թեկուզ այս թարմ զարգացումը հուշում է, որ առանց իշխանության, վերջինիս կարգադրությամբ՝ ոստիկանության գիտության հազիվ թե ամուլսարյան ակտիվիստների վագոն-տնակները դուրս հանվեին պայմանագրով ընկերության տնօրինմանը տրված տարածքից:

Ի դեպ, սա էլ է հետաքրքիր հարց. կա չեղյալ չճանաչված (նույնն է, թե՝ գործող) պայմանագիր, կան պայմանագրով մասնավոր ներդրողին հատկացված տարածքներ, և եթե զուտ օրենքի տառի տեսանկյունից դիտարկես, մասնավոր ընկերությունն իրեն տրամադրված տարածքից հեռացրել է այլ անձանց կամ կազմակերպության պատկանող գույք (այսպես ասենք):

Բայց այստեղ բազմաթիվ այլ ու շատ ավելի գունագեղ նրբերանգներ կան, որոնք ևս, որքան էլ որ արծարծված են, բայց թեթևակի հիշեցնել կամ թարմացնել արժե:

Մի նրբերանգի վրա, օրինակ, նաև մեր կայքն է ուշադրություն հրավիրել, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլ չտալու հիմնավորումներից մեկը այն է, որ Սևանա լիճն այդպիսով կարող է վտանգվել: Բայց հետաքրքիր է, որ Սևանա լճի առկա «կանաչում» ճահճացումը չի արժանանում նույնպիսի ակտիվ ու բորբոքված բնապահպանական դրսևորումների, պահանջների, ակցիաների և այլն:

Բուն Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի հետաքրքրական է: Այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը քայլում էր դեպի վարչապետի պաշտոնաթոռը, նրան Ամուլսարի հանքավայրի դեմ հանդես եկող ակտիվիստները պետք էին, այլ բան որ չլինի՝ որպես այն շրջանի իշխանության համար լրացուցիչ խնդիր ստեղծող: Այդ ակտիվիստները Նիկոլ Փաշինյանին պետք էին, երբ փողոցներ էին փակվում, ճանապարհներ՝ «թավշյա հեղաշրջում» իրականացնելու նպատակով:

Իսկ հիմա, ավելի ճիշտ՝ այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը վայրէջք կատարեց վարչապետական պաշտոնաթոռին, այդ ակտիվիստներն ու նրանց աղմուկը նրան այլևս պետք չեն: Պարզ ասած՝ նա, ըստ իր տվյալ պահի շահերի, օգտագործել է այդ մարդկանց, իսկ երբ տվյալ շահը բավարարված է, կարող է և անտեսել նրանց: Ու միայն նրանց չէ, որ օգտագործել է՝ խաղալով օգտագործվողների զգացմունքների, տրամադրությունների, դժգոհությունների վրա, նաև բորբոքելով դրանք՝ իր թերթոնով տարածած ստերով: Բայց սարից հեռու չգնանք:

Զավեշտն այն է, որ արդեն վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանը կողմնակից է Ամուլսարի շահագործմանը, և դրա պարզորոշ միտումները կամ շորշոփները ավելի վաղ էլ են արդեն դրսևորվել: Բայց հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողները հենց Փաշինյանի «հեղափոխական պրյոմն» են օգտագործում: Եվ այդ իմաստով, կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մնացել է իր իսկ «հեղափոխական հնարքի» տակ (ըմբշամարտի և ձյուդոյի սիրահարները լավ գիտեն՝ դա ինչ է):

Ամենից կարևորը, Նիկոլ Փաշինյանը ձգտում էր և՛ պոպուլիզմով դիվիդենտներ շահել, և՛ պոպուլի-ին, այսինքն՝ «ժողովրդին» «ֆռռացնել», տվյալ դեպքում «փողոց-ճամփա փակող» ակտիվիստներին, գումարած՝ այս խնդրով հետաքրքրված մարդկանց: Այսինքն, անել այնպես, որ Ամուլսարի հարցի լուծումը բավարարի և՛ շահագործման դեմ պայքարող ժողովրդին, և՛ շահագործման հետևանքներից անհանգստացող ժողովրդին, և շահագործման պայմանագիր ունեցող «Լիդիանի» ժողովրդին: Դա, իհարկե փուչիկ էր և անիրատեսական:

Հիմա Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող է իր ֆեյքենֆելդֆեբելների միջոցով հայտարարել, թե Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողները «հակահեղափոխական դիշովկաներ» են ու նման բաներ: Բայց բացի նրանից, որ այս երկու տարվա մեջ հասարակությունը որոշակի իմունիտետ է ձեռք բերել Փաշինյանի կեղտակոլոլ բառապաշարի հանդեպ, կարող է նաև հակառակ շեղում ստացվել, այսինքն, իրեն էլ հակադարձեն, որ այն ինքն է... Մի խոսքով, հասկանալի է, թե ինչ կհակադարձեն և ուր «կուղարկեն»:

Այն, որ «նոր Նիկոլը» լիովին հասունացել է «հին Նիկոլի» թքածը լիզելու և կոնկրետ Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլ տալու, կանխատեսելի էր, իսկ շրջակա միջավայրի նոր նախարարի նշանակմամբ դարձավ պարզորոշ տեսանելի, ինչի մասին էլ, ի դեպ, ընդամենը օրեր առաջ «7 օր»-ը շատ պարզ գրել էր «Ամուլսարի նախարարը» հրապարակման մեջ:

Այնպես որ, «պողոսներ և պողոսուհիներ», հեղափոխությունը խժռում է ոչ միայն «իր զավակներին», այլև այն գաղափարներն ու կարգախոսները, որոնք ձեր քթի տակ ծածանելով այդ հեղափոխականները հասել են իրենց խմբակային, թայֆայական նպատակին, այսինքն՝ իշխանության: Այնպես որ, դուք շարունակեք գովերգել ու պաշտել ձեզ տուգանքներով կլպող Փաշինյանին:

Ինչ վերաբերում է հանքին, ապա դրա հետ կապված պատմությունը, որը պայմանավորված էր կառավարության անգործությամբ ու որոշում կայացնելու անկարողությամբ, լրջորեն հարվածել է Հայաստանի ներդրումային իմիջին ու բիզնես միջավայրին։ Ո՞վ է սրա համար պատասխան տալու։

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը