Մեկնաբանություն

03.08.2020 20:30


«Կարգին Հայկոյից» միայն Հայկի «ստվերն» է մնացել (տեսանյութ)

«Կարգին Հայկոյից» միայն Հայկի «ստվերն» է մնացել (տեսանյութ)

Կհիշեք, այդպիսի մի մանրապատումային դերասանություն անող կար: Դե՝ սքեթչիստ, էլի: Իրեն «սքեթչային» անունով էլ հաճախ դիմում էին՝ «կարգին Հայկո» (մանրապատումային հաղորդման անվանման պատճառով): Հիմնականում միջին, «արագ-մարսողական» կատակներ էին անում, անեկդոտներ վերափոխում-ներկայացնում, նման բաներ: Շատերին դուր էր գալիս: Որոշ համարներ, չթաքցնեմ, ես էլ եմ հավանել: Բայց ամենից շատ պատանիները, երիտասարդներն էին հավանում և... ընդօրինակելով աղավաղում, գռեհկացվցվացնում իրենց խոսքը: Ինչևէ:

«Կարգին Հայկոն» լա-ա-ա՜վ տղա էր, ու այս «երգը» հաստատ նաև իր մասին է: Մանավանդ, որ նա հեռուստաէկրաններին ծամածռություններ անելով չէր միայն զբաղվում: Աշխատանքից ազատ ժամանակ համ էլ ակտիվիստություն էր անում, կապ չունի՝ «ոչ 150 դրամին» շարժում էր, թե, ասենք՝ «Մաշտոցի պուրակի»՝ Արամի ու Բուզանդի, Մաշտոցի պողոտայի ու Կողբացու փողոցի միջակայքում ծվարած զբոսայգու պահպանման դիմակայությունը:

Եվ մի «սև-սպիտակ» օր էլ «կարգին Հայկոն», «կախարդական փայտիկի» նուրբ, իսկ գուցե՝ ոչ էլ նուրբ շարժումով դարձավ Երևանի քաղաքապետ՝ Հայկ Մարության: Ասում են՝ մինչ օրս էլ քաղաքապետ է: Այսինքն՝ այսօր էլ է քաղաքապետը ինքը: Երևանի: Այն, որ քարագիր վկայություն կա, որ Արգիշտի արքան է հիմքը դրել, Մենուայի որդին:

Պետք է հիշել ու հիշեցնել նաև, որ «Մաշտոցի պուրակի» համար մղված պայքարին «կարգին Հայկոյի»՝ ներկայիս քաղաքապետի ակտիվ մասնակցությունը վավերագրված է ժամանակակից «սեպագրերով», որոնց տեսանյութ են ասում, և որը հաճույքով կցում ենք մեր այս շարադրանքին:

Հա, ինչո՞ւ ենք թիվ 33 երթուղու ավտոբուսի նման ասելիքը պտտում-պտտում, ապա էլի բերում Մաշտոցի պողոտա, կներեք՝ պուրակ: Թերևս կռահեցիք, և Հայկ Մարությանն էլ կռահեց: Դե, եթե կուզեք՝ Երևանի քաղաքապետը, էլի:

Բանն այն է, որ մի երկու օր է, ինչ տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ բիրտ «բուտիկատերերից» 2013-ին հերոսաբար փրկված «Մաշտոցի պուրակում» էլի ծառերի դեմ ուղղված գործողություններ են արվում, սրճարան է ընդլայնվում ծառային տարածքի հաշվին և նման բաներ:

Բայց դե, հասկանում եք, իրավիճակ է փոխվել: Նախ, հիմա արդեն դա սովորական մի բան է, և դրական երևույթ է, թերևս, որովհետև դրա դեմ իրենց «կոտորելով», Սերժ Թանկյանի նկարով շապիկն իրենց վրա պատռող և կապտաներկ մազերը պոկելով «Մաշտոցի պուրակի» բազալտե սալահատակին անկանոն շարժումներ անող «պայքարիստներ» չկան: Չէ, ֆիզիկապես նրանք կան, իհարկե: Ուղղակի նաև նման «պայքարիստությունների» հետևանքով, ինչպես, օրինակ, նույն Հայկ Մարությանը (նա մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ), նրանք «թավշյա հեղաշրջման» շահառուներ են: Նրանց մեծ մասը, առնվազն: Ու այդ «պայքարիստները» հիմա իշխանամերձ են, իշխանամետ, իշխանապաշտ, իսկ ոմանք նաև պարգևավճարամանի կողքը վեր ընկած, վայելում են: Պա՜հ, մեծ բան է, էլի, մի երկու ծառ են տակռահան անում հրաշալի սրճարանի տարածքը «ավելի բարեկարգ Երևան» դարձնելու համար:

Չկա նաև այն պետական բարձրաստիճան պաշտոնյան, որ գա ու քաղաքապետին կանչի «դեպքի վայր» և ասի՝ «հեչ կարգի չի, Հայկո ջան, կարգին չի...»:

Սիրուն բան չստացվեց: Չնայած, անկախ սիրունությունից, լավ էլ բնութագրական և օրինաչափ բան է: Բնութագրական «բան է»: Այն իմաստով է բնութագրական, որ երեսպաշտությունը, փարիսեցիությունը և կեղծավորությունը մեր օրերի ամենից ցայտուն հատկանիշն են, որով օժտված են թե՛ օրվա իշխանություններն ու իշխանավորները, թե՛ նրանց ընտրող, գովերգող, նրանց, կներեք՝ «պուպուլակերները»:

Երեսպաշտությունը սրանց կրեդոն է: Այն, որ ոչ մի գործ չեն կարողանում անել՝ քանդելուց և փչացնելուց բացի, բայց փանջունիաբար ասում են՝ «շինեցի», խոսում են այլոց քանդելու մասին: Այն, որ ինչ լինում է, «նախկիններն են մեղավոր»՝ անձրևի, ձյան, շոգի, ալկաշ ամուսին կամ թեթևաբարո հարազատ ունենալու համար (բա էլ՝ ո՞վ է մեղավոր, չէ): Այն, որ անում էն այն ամենը, ինչի դեմ, իբր, ժամանակին պայքարում էին: Երեսպաշտություն է: Մի որևէ երևույթից նախկինում ձայները գլուխները կգցեին, կարծես մուրճով ճկույթին հարվածեցին, հիմա... արդարացնում են նույն բանը ու անիծում, այո՛, խնդիրներ բարձրացնողներին ու քննադատողներին:

Իսկ «կարգին Հայկո՞ն»: «Կարգին Հայկոն»՝ ի՞նչ: Նրանից միայն «ստվերն» է մնացել: Ի դեպ, կարգին կինո է՝ «Ստվերը», լուրջ ասելիքով, համ էլ՝ կարգին դերասաններ են խաղում: Նայեք, եթե բացի «պուրակապայքարիստների» տեսանյութից, դա էլ գտնեք «Յութուբի» անծայրածիր տափաստաններում:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը