Լրահոս

03.08.2020 16:30


Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ

Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ

2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձիք` ապօրինի ձեռք բերած և կրած զենքերով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող դանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող ոսկյա զարդերի խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել վերջինիս բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները՝ մեկ անգամ կրակոց են արձակել, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդերը՝դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը