Քաղաքական

09.04.2009 18:27


Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց ԵԽԽՎ–ի և ՆԱՏՕ–ի իր մանդատներից

Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց ԵԽԽՎ–ի և ՆԱՏՕ–ի իր մանդատներից

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը նախ հրաժարվեց կուսակցության վարչության նախագահի պաշտոնից՝ այն փոխանցելով Անահիտ Բախշյանին, հետո էլ՝ խմբակցության ղեկավարի պարտականություններից՝ այն հանձնելով Արմեն Մարտիրոսյանին։ Սակայն, սա դեռ ամենը չէր։ Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, հատկապես Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրից Րաֆֆի Հովհաննիսյանի մեկնելու, իսկ հետո նաև ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին մամուլում հրապարակված տեղեկությունից հետո, «Ժառանգություն» կուսակցությունը հանկարծ հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվում է ԵԽԽՎ-ի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակության իր մանդատից։ Այսուհետ, ԵԽԽՎ-ում հայաստանյան ընդդիմությունը ներկայացնելու է Զարուհի Փոստանջյանը, իսկ ՆԱՏՕ-ի վեհաժողովում՝ օրեր առաջ Անգլիայից վերադարձած Ստյոպա Սաֆարյանը։

«Ժառանգության» ներկայացուցիչները վստահեցնում են, որ սա քաղաքականությունից հեռանալու հետ կապ չունի, և ընդհանրապես, ինչպես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ա. Մարտիրոսյանն ասաց, Րաֆֆի Հովհաննիսյանը ցանակացած կարգավիճակով մնալու է «Ժառանգությունում», նրա պայքարի կիզակետում և լինելու է այդ կուսակցության առաջնորդը։

-Ցավոք, Հայաստանում արևելյան վատ նախադեպ կա, երբ որ կուսկացության հիմնադիրը դառնում է կուսակցության նախագահ և հավերժ մնում անփոխարինելի նախագահ։ «Ժառանգությունը դասական կուսակցություն դառնալու մղում ունի, երբ որ ղեկավարները փոխարինելի են և փոխարինվում են, երբ որ նոր կադրեր են աճեցվում, երբ որ կուսակցության վարկանիշը բարձրանում է և սկսում է մոտենալ իր հիմնադրի վարկանիշին,- սա էլ ասում է կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

Հիշեցնենք, որ դեռևս 2008թ. հունիսին Ր. Հովհաննիսյանը մեկ անգամ արդեն հրաժարվեց ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին մասնակցելուց՝ «քանի դեռ Հայաստանը և Եվրոպան չեն համապատասխանում իրենց հռչակած չափանիշներին և սկզբունքներին»։

-Այս մեկ տարին ցույց է տալիս, որ դա, ցավոք, տեղի չունեցավ,- նշեց Հ. Խուրշուդյանը։

«Այդ դեպքում ինչ իմաստ ուներ մանդատից նրա հրաժարվելը, եթե ԵԽԽՎ-ում, միևնույն է, «Ժառանգությունը» ներկայացնող անձ է լինելու»,- հարցրինք, ինչին ի պատասխան Հ. Խուրշուդյանն ասաց.

-Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պետք է ներկայացված լինի Եվրոկառույցներում և ԵԽԽՎ-ում։ Այս բոյկոտը չէր կարող երկար տևել, և սա միակ լուծումն էր, որը բխում էր ընդդիմության շահերից։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի խոսքերով էլ՝ այժմ ՀՀ-ում տիրող իրավիճակն իրենց համար անընդունելի է, և որ ԱԺ-ի ընդունած Քր. օր.-ի 300 և 225 հոդվածների փոփոխությունների առարկայական կիրառումն այդպես էլ չեն տեսել։

-Իմ գործընկեր պատգամավորներն ինչպես ձերբակալված կային, այդպես էլ մնում են, դատապարտված անձինք, ադպես էլ մնում են։ Սա մեզ համար մերժելի է,- ասում է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ժամանակն է, որպեսզի ՀՀ-ն իսկապես սկսի բարեփոխումներին ուղղված քայլերը, որի արդյունքում մենք կունենաք քաղաքական և տնտեսական դաշտերի տարանջատում, տնտեսական ազատ մրցակցություն և ՀՀ քաղաքացու շահերի գերակայություն։

Արեգնազ Մանուկյան

 

Այս խորագրի վերջին նյութերը