Մեկնաբանություն

02.08.2020 22:45


Արամ Զ. Սարգսյանը Քոչարյանի ինտերվյուն չէր նայել... անգիր էր արել

Արամ Զ. Սարգսյանը Քոչարյանի ինտերվյուն չէր նայել... անգիր էր արել

Շուստրի գեղցի Արամ Զավենի Սարգսյանը, ում մասնագիտությունը Վազգեն Սարգսյանի եղբայր լինելն է, սիրում է երկու բան անել՝ Աստծո անունը տալ և ստել։

Նա նաև «արևմտամետ» է աշխատում։ Վայ էն «արևմտամետությանը», որի կարկառուն ներկայացուցիչը Արամ Զ. Սարգսյանն է: Անձ, որ քաղաքական ասպարեզում հայտնվեց Հայաստանի պետության դեմ 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված վայրագ հարձակման ու ողբերգության հետևանքով ու զուտ այն պատճառով, որ զոհված Վազգեն Սարգսյանի եղբայրն է: Այն Վազգեն Սարգսյանի, որ համարվում և ընկալվում էր որպես Հայաստան-Ռուսաստան սերտ համագործակցության համոզված կողմնակից:

Արամ Զ. Սարգսյանը, ինչպես խոստովանեց լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, սկզբունքորեն, հասկանո՞ւմ եք՝ սկզբունքորեն, նույն ինքը՝ «պրինցիպիալ» չի՛ նայում (լսում, կարդում) Արցախի հերոս, Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները: Ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն էլ սկզբունքորեն չի նայել, չի ծանոթացել արծարծված թեմաներին:

Այո՛, շատ, սաստիկ սկզբունքային է Արամ Զ. Սարգսյանը. «պրինցիպի ընկած», չի՛ նայել (լսել, կարդացել) Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, բայց սկզբունքորեն անգիր է արել՝ ծայրից ծայր և շտապել է պատասխանել Քոչարյանի հայտնած մտքերին, ինչից պարզ է դարձավ, որ ոչ միայն նայել է հարցազրույցը, այլ նաև առաջադրանք ստացել՝ իր հաճախորդական էությունն ի ցույց դնելու: Արամն անգիր է արել 2–րդ նախագահի խոսքերը և անգիր անելուն պես հապշտապել է մոտակա իշխանամետ լրատվամիջոցի տաղավար՝ հարցազրույց տալու և ռազմաքաղաքական իր հանճարեղ դատողություննեով փայլատակելու:

Չէ, բայց անձը, նկատի ունենք Արամ Զ. Սարգսյանին, ով բավականին անտաղանդ ու «տեղում բռնվող» մանր խորամանկություն է անում (դե՛, ստում է, էլի՛), խոսում է հավատի՞ց, եկեղեցուց և խաչը համբուրել-չհամբուրելո՞ւց: Դո՞ւք եք քրիստոնյա-հավատացյալը, դո՞ւք, որ մաղձից ու ատելությունից թունավոր գոլորշի եք արտաշնչում ամեն բառի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես դիվահար եք լինում: Ինչևէ:

Չնայած Արամ Զ. Սարգսյանի հարցազրույցի պարուրակ-շղարշը թուրք-ադրբեջանական զորավարժություններն էին, Նախիջևանում զորք ու ռազմատեխնիկայի կուտակումները և այլն, բայց պարզից էլ պարզ էր, որ նրա ելույթի հիմնական, եթե ոչ՝ միա՛կ նպատակը Ռոբերտ Քոչարյանի իսկապես շատ տպավորիչ հարցազրույցին ու գնահատականներին հակադարձելն էր: Բայց խղճուկ տրավորույթուն թողեց, քանզի ակնհայտ է, այսպես ասենք՝ «քաշային կարգերի», մտահորիզոնի ու ընկալման տարբերությունը, և Արամ Զ. Սարգսյանը ուղղակի կատաստրոֆիկ թույլ է, ավելի թույլ, քան նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Ուստի միանգամայն բնական էր, որ չկարողանալով բովանդակային որևէ բան ասել, Արամ Զ. Սարգսյանը ընդամենը կրկնեց անցած 20-22 տարիներին ինչպես Նիկոլի, Տեր-Պետրոսյանի, այնպես էլ հենց իր հորինվածքների վրա հյուսված քարոզչաստակույտը՝ «Մեղրին ծախելուց» մինչև «միլիարդների թալան»:

Արամ Զ. Սարգսյանի հարցազրույցի պարուրակ-շղարշի մասին: Անձը, ով համարվում է 20 տարվա մեջ «քաղաքական զրո»-ից գոնե փորձով աճած կուսակցապետ («Հանրապետություն»), ասում է, թե՝ Նախիջևանում շատ լուրջ ռազմական տեխնիկա է կուտակված, ապա անմիջապես հայտարարում է, թե՝ «Նախիջևանի կողմից լուրջ վտանգներ չեմ տեսնում»: Դա ասում է մի մարդ, ով Նախիջևանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ է ապրում (դեռ մի կողմ դնենք հանգամանքը, թե ում եղբայրն է), որ անգամ, պարզվում է իրենց բոստանում 90-ականներին Նախիջևանի կողմից արձակված «Գրադ» կայանքի հրթիռ է տեսել, որ հիմա էլ տեսնում է սահմանը պաշտպանող ՀՀ ԶՈՒ զինվորներին ու նաև ճանաչում է նրանց:

Իսկ միգուցե Արամ Զ. Սարգսյանը գնա, օրինակ, Խաչիկ գյուղո՞ւմ էլ հայտարարի ու համոզի սահմանապահ մեր հայրենակիցներին, թե՝ ժողովո՜ւրդ, մի անհանգստացե՛ք, Նախիջևանի կողմից ես մեծ վտանգ չեմ տեսնում:

Արամ Զ. Սարգսյանը ոչ միայն դա չի տեսնում, այլև իր ասածների սկզբունքային հակասականությունն ու անտրամաբանականությունը: Իսկ ինչո՞ւ է Նախիջևանում «շատ լուրջ ռազմական տեխնիկա կուտակվել»: Միգուցե դրանով Նախիջևանի ադրբեջանցիները նախատեսում են Թուրքիայի վրա՞ հարձակվել կամ Իրանի, օրինակ: Դե, ո՞վ չի հասկանում, որ Նախիջևանում կուտակված «շատ լուրջ սպառազինությունը» ոչ Հայաստանին, ասենք, Վայքի ուղղությամբ հարվածելու համար է, ոչ էլ՝ Երևանին, որը Նախիջևանից 8759 մղոն հեռու է, էլ չենք խոսում բանախոսի հարազատ գյուղի մասին:

Ո՜չ, Արամ Զ. Սարգսյանը, չեք պատկերացնի, թե ինչո՞ւ «լուրջ վտանգ չի տեսնում» Նախիջևանի կողմից: Նա դա բերում-կապում է 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի (Մոսկվայի, Կարսի) ու Նախիջևանի հարցը դրանցով կարգավորված լինելու հետ: Այն իմաստով, որ եթե Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժը Հայաստանին հարվածի, դա արդեն կլինի Ռուսաստանի պրոբլեմը, եթե Ռուսաստանը չխառնվի, ապա կկորցնի մեր տարածաշրջանում ներկայության իմաստն ու, դե պարզ է՝ ռազմավարական դաշնակից Հայաստանը: Կարճ ասած, Նախիջևանի կողմից լուրջ վտանգ չտեսնելու ամբողջ հաշվարկն ու հույսը (Արամ Զ. Սարգսյանի) այն է, որ եթե մի բան լինի, Ռուսաստանը կխառնվի, իսկ եթե չի խառնվի կամ ինչպես ինքն է սիրում ասել՝ «երեք օրով ուշանա», նախ՝ շատ ավելի վատ Ռուսաստանի համար, և հետո, մեր բանակը այդ «երեք օրը» կդիմակայի:

Հարցը, թե այդ դեպքում Նախիջևանի հետ սահմանն ինչո՞ւ են Հայոց բանակի դիրքապահները պաշտպանում, ընդհանրապես շրջանցվում է:

Հա, այս կողմից վտանգ չտեսնելու արամսարգսյանական մյուս հույսն էլ Իրանն է, որն, Արամ Զ. Սարգսյանի խոսքով «Ղարաբաղի խնդրում ՊՐԻԱՐԻՏԵՏ է պահում, իսկ ահա Նախիջևանի պահով դա չի անի»: Պարո՛ն, «պրիարիտետ» չէ, «պարիտետ» է: Գոնե բառերը սովորիր, նոր օգտագործիր։

Բայց ամենից տխուրն այն է, որ Հայաստանի վարչապետ եղած, արդեն երկու տասնամյակ քաղաքականության մեջ մտած, կուսակցություն ղեկավարող հայ քաղաքական գործիչը Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղակիորեն վերաբերող խնդիրը տանում կապում է... 1921 թվականի բոլշևիկա-քեմալական պայմանագրերի հետ: Պայմանագրեր, որոնք երրորդ երկրները կնքել են առա՛նց Հայաստանի լիազորված ու իրավասու իշխանության մասնակցության կամ անգամ ներկայության: Պարոն Արամ Զ. Սարգսյան, դուք ճանաչո՞ւմ եք, հա՞ «Կարսի պայմանագիրը», կամ այսպես հարցը դնենք. Դուք որ Հայաստանի ղեկավար դառնաք, ճանաչելո՞ւ եք այդ պայմանագրերը: Ու դուք խոսում եք «Մեղրին ծախելո՞ւց»:

Ըստ երևույթին, հենց Արամ Զ. Սարգսյանն է եղել Փաշինյանի հիմնական խորհրդատուն, երբ ադրբեջանական զինուժը Նախիջևանի կողմից բարելավում էր դիրքերը: Փաշինյանը երևի հետաքրքրվել է, թե ի՞նչ անենք, Արամ Զ. Սարգսյանն էլ բացատրել է, որ «Նախիջևանի կողմից լուրջ վտանգ պետք չի տեսնել»:

Մակերեսայիններով լավ էլ իրար գտել են:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը