Լրահոս

01.08.2020 10:53


Ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի․ «Ազգ»

Ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի․ «Ազգ»

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես գյուղատնտեսության ցուցանիշներին է վերաբերում:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը գտնվում է անկման մեջ: 2018 թ.-ի առաջին ամիսներին այն աճի նշաններ ցույց տվեց, բայց «թավշյա հեղափոխության» բացասական հետեւանքները այն կրկին թաղեցին շատ ավելի խորը ճգնաժամի մեջ: Ոլորտն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ գործնական քայլեր ներկայիս կառավարությունը չի իրականացնում: Ավելին, դադարեցվեցին գյուղացիներին վառելիքով, պարարտանյութով սուբսիդավորման, սերմացուների տրամադրման նախորդ իշխանության ծրագրերը եւ փակվեց գյուղատնտեեսության նախարարությունը: Եվ այս ամենից հետո, վիճակագրական կոմիտեն «հանկարծ» գյուղատնտեսության մեջ այս տարվա առաջին վեց ամիսներին «ֆեյք» (կեղծ)՝ 1,7 տոկոս աճ է ցույց տալիս: Սա այն դեպքում, երբ այս տարվա բերքն էապես ավելի քիչ է, քան նախորդ տարվանը՝ մոտ կրկնակի ավելի քիչ է արտահանվել, իսկ Հայաստանում էլ միրգն ու բանջարեղենը շատ ավելի թանկ գներով են վաճառվում, քան անցյալ տարի այս ժամանակահատվածում: Այսինքն, ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի: Նպատակը նույնն էՙ հնարավորինս ցածր տնտեսական անկում «ստանալ»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մյուս ճյուղերից արդյունաբերությունում արձանագրվել է 1,5 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ: Սակայն արդյունաբերությունում աճի տեմպն աստիճանաբար նվազում է:

Շինարարությունում ամենամեծ անկումն է՝ 23,4 տոկոս: Սա այն ոլորտն է, որտեղ վարչապետ Փաշինյանը անցյալ տարվա սկզբին «բում» էր խոստանում: Հիշեցնենք, որ այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է 2 տոկոս տնտեսական անկում: Տարվա առաջին կիսամյակում այն արդեն 4,7 տոկոս է: Ակնհայտ է, որ անկման անգամ ներկայիս տեմպի պահպանման դեպքում տարեկան տնտեսական անկման ցուցանիշը կգտնվի առնվազն 8-10 տոկոսի սահմաններում, դժբախտաբար:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը