Մեկնաբանություն

01.08.2020 08:05


Ժողովրդավարության հովհարային պաշտպանություն՝ ամերիկյան ձևով

Ժողովրդավարության հովհարային պաշտպանություն՝ ամերիկյան ձևով

Զարմանալի չէ, բայց փաստ է` «ժողովրդավարության ֆորպոստ» Միացյալ Նահանգները թքած ունի, թե ինչ է կատարվում Նիկոլի թվի «նոր» Հայաստանում` ի՜նչ կացնային մեթոդներով է ամենայն հայոց «թավշյա բռնապետը» փորձում ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին, բայց սրտին շա՜տ մոտ է ընդունում հայ-ադրբեջանական վերջին սրացումներից հետո Ադրբեջանում «գլուխ բարձրացրած»` Ղարաբաղը վերցնելու կարգախոսներով սեփական խորհրդարանը «գրաված» ընդդիմության նկատմամբ «բռնաճնշումները»։

Մասնավորապես, Washington Post-ն է իր խմբագրականում զայրացած մատ թափ տալիս Ադրբեջանի սուլթանի վրա` ներկայացնելով որպես «անզուսպ բռնապետի» (ինչը, իհարկե, 100 տոկոսանոց ճշմարտություն է), որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ պետք է մտահոգեն «յուրաքանչյուրին»։ «Իլհամ Ալիևն ափերից դուրս է եկել»,-գրում է թերթը և հիշեցնում փետրվարյան խորհրդարանական ընտրությունները, որոնք, ըստ միջազգային դիտորդների, անցել են «իրական քաղաքական մրցակցության լիակատար բացակայության» պայմաններում (կարելի է կարծել՝ Հայաստանի դեկտեմբերյան գըմփ-գըմփ-հու ընտրությունների ժամանակ մրցակցությունից տեղ ու դադար չկար)։

Washington Post-ը խիստ մտահոգված է, որ «կորոնավիրուսի համաճարակի, նավթի գնանկման ու Հայաստանի հետ լարվածության ֆոնին պարոն Ալիևը հանկարծ բացահայտել է թշնամիների «հինգերորդ շարասյունը»` ի դեմս ընդդիմության, ու սկսել են նրանց բանտերը նետել», և «Ալիևի զայրույթի նոպաները սպառնում են հողին հավասարեցնել Ադրբեջանի անկախ քաղաքական ուժերի վերջին մնացորդները», բայց Փաշինյանի «զայրույթի նոպաներից», չգիտես ինչու, չի անհանգստանում։

Միացյալ Նահանգները հասցրել է պաշտոնապես` պետդեպի մակարդակով էլ արձագանքել Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին, հորդորել համաճարակը պատրվակ չդարձնել ընդդիմադիր ձայներն ու հանրային քննարկումները լռեցնելու համար: Բայց ունքն էլ չի շարժում, երբ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով անընդհատ երկարաձգում է արտակարգ դրությունը`բացառապես մի նպատակով. արգելել հավաքները, ասֆալտին փռել և բնում խեղդել բողոքի ցանկացած դրսևորում, անգամ` մեկ հոգանոց ակցիա թույլ չտալ, բերման ենթարկել «անբարեհույսներին» և գործ կարել վրաները։

Համեստորեն լռում էին, երբ, առանց ձևականությունների ոտնահարելով օրենքները և Սահմանադրությունը` իշխանությունն ասֆալտին էր փռում դատական իշխանության բարձրագույն մարմինը` Սահմանադրական դատարանը, կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով անհեթեթ մեղադրանքներ առաջադրում ընդդիմախոսներին, կամայականորեն վերաձևում օրենքները` հող նախապատրաստելով սեփականության վերաբաշխման համար։ Ավելին` պարբերաբար թփթփացնում են ուսերին, թե բա` «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին»։

Երկրորդ խորհրդարանական խմբակցության`ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լիդերի, կուսակցական ակտիվիստների նկատմամբ կիրառվող շանտաժի մարտավարության, բացահայտ ճնշումների, «մարդագողության» մասին`բնականաբար, ոչ մի խոսք։

Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև Ալիևի կռիվը, ինչպես նշված է Washington Post-ի խմբագրականում, «դրսի ֆինանսավորմամբ աշխատող ներքին թշնամիների» հետ է։ Այսինքն`«հինգերորդ շարասյան»։ Որովհետև «հինգերորդ շարասյունն» Ադրբեջանում ընդդիմություն է, և ուրեմն, անձեռնմխելի է, Հայաստանում` իշխանություն։ Այ, դրա համար էլ Հայաստանի նորօրյա բռնապետը «թավշյա» է` նրա «գործողությունները» մտահոգիչ չեն, իսկ ահա Ալիևը «անզուսպ բռնապետ» է, ու նրա բռնապետական նկրտումների վրա ոչ մի դեպքում չի կարելի աչք փակել։

Ամերիկացիներն անհանգստացած են ընդդիմության դեմ Ալիևի գործողություններով, բայց հայերի, Հայաստանի, ՀՀ զինված ուժերի, խաղաղ բնակչության, սահմանի նկատմամբ նույն Ալիևի սադրիչ գործողություններին մատների արանքով են նայում։ Համենայն դեպս, չենք հիշում, թե Ադրբեջանի սուլթանին իր տեղը ցույց տային, ասեին` հանգի՛ստ նստի տեղդ, քանի՞ գլուխ ունես, որ խախտում ես Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նույնիսկ Ադրբեջանի Պաշտպանության փոխնախարարի մակարդակով հնչեցված ահաբեկչական հայտարարությունը`Մեծամորի ատոմակայանը խոցելու սպառնալիքը բանի տեղ չդրեցին. ոչինչ չասող մի չեզոք հաղորդագրություն տարածեցին, և վե՛րջ` դատապարտող ոչ մի հայտարարություն։

Ամերիկյան «իսթեբլիշմենթին» դուր չի գալիս, որ Ալիևը թիրախավորում է ընդդիմադիրներին, սպառնում «գնալ կուսակցության կեղտոտ ու կոռումպացված առաջնորդների, վախկոտների ու դասալիքների հետևից», ձերբակալում ընդդիմադիր կուսակցության անդամներին և աջակիցներին, իսկ Հայաստանում ընդդիմադիր գործիչների սովորական դարձած ձերբակալությունները, քրեական հետապնդումներին օժանդակում են` ընդհուպ «հատուկ խորհրդական» գործուղելով կառավարություն «կոռուպցիայի դեմ պայքարն» ավելի արդյունավետ դարձնելու համար։

Ասում են, որ «երկաթյա բռունցքով ընդդիմախոսներին ոչնչացնելու Ալիևի քաղաքականությունը հակասում է ժողովրդավարությանը», բայց ընդդիմադիրներին «թավշյա բռունցքով» ոչնչացնելու Նիկոլի քաղաքականությանը «փիլիսոփայորեն» են վերաբերվում. «ռուսամետ» ընդդիմություն է` ինչ էլ անեն, քիչ է։ Հո դրսից ֆինանսավորվող հինգերորդ էշելոնը չէ, որ անմիջապես արձագանքեն, ինչպես առաջներում, երբ իշխանությո՛ւնն էր «ռուսամետ», այսինքն` հայաստանակենտրոն, իսկ ընդդիմության այն հատվածը, որ հիմա իշխանություն է, անհաշտ պայքար էր մղում Ռուսաստանի դեմ, ռուսական ռազմաբազան հանելու համար։

Խաղի կանոնները թույլ չեն տալիս...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը