Մեկնաբանություն

31.07.2020 19:00


Փաշինյանի վիճակն իրոք շատ լուրջ է, եթե նրան ջատագովող է գրանցվում Շիրինյանը (տեսանյութ)

Փաշինյանի վիճակն իրոք շատ լուրջ է, եթե նրան ջատագովող է գրանցվում Շիրինյանը (տեսանյութ)

Խոսքը, իհարկե, որպես քաղաքագետ ներկայացող Լևոն Շիրինյանի մասին է: Զավեշտն այն է, որ նա մասնագիտությամբ քաղաքագետ է: Բայց սույն քաղաքագետը վերջին 15-20 տարում այնքան կտրուկ շրջադարձեր է կատարել իր «քաղաքագիտական կողմնորոշումներում», որ ոչ միայն արժեզրկել է իր որևէ հաջորդող մեկնաբանություն, գնահատական, վերլուծություն, այլև նախ՝ «զրոյացրել» է նախկինում ասածները, հիմա ասածը, ապա նաև «զրոյացրել» է ինքն իրեն՝ որպես քաղաքագետ:

Մեկը, ով մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի «կողմից» էր, հետո՝ Սերժ Սարգսյանի, հիմա էլ, պարզվում է, կամ ինքն իրեն համար պարզել է, որ պողոսից ավելի նիկոլապաշտ է, կածես ուզում է ապացուցել, որ ավելի Ստյոպա Սաֆարյան է, քան Արման Բաբաջանյանը...

Պարոն Փաշինյան, մեղք է մարդը, մի ալարեք, պաշտոնից-բանից տվեք, թող հանդարտվի, մի՞թե չեք տեսնում, թե ինչպես է իրեն մեջտեղից պատառոտում, գրական ասած՝ ջանքեր գործադրում, չեք տեսնո՞ւմ, ինչպիսի ջանասիրությամբ է առաջարկում իր ծառայությունները: Նշանակեք, օրինակ, մանկավարժականի ռեկտոր, մանավանդ, որ մանկավարժականում, ասում են, ինքը շատ հարգված, ուսանողների անվիճելի համակրանքը վայելող, արդարամիտ ու արդարակյաց, միայն գիտելիքների հիման վրա ուսանող գնահատող պրոֆեսիոնալ քաղաքագետ է:

Լավ, է՛լ ի՞նչ անի, որ գնահատեք: Թեպետ... Գուցե արդեն գնահատե՞լ են, ի՞նչ իմանաս: Ի վերջո, հո հենց այնպե՞ս չէ, որ այդքան արժանիքների տեր քաղաքագետը «քրջի բազարին», ավելի շուտ՝ «ֆեյքաբազարին» հարիր պատկերացումներով ու բնորոշումներով անարգանքի սյանն է գամում ոչ այնքան վաղուց իր գոված Ռոբերտ Քոչարյանին: Այն նույն Քոչարյանին, ումից Լևոն Շիրինյանը դեռ 2012-ին համարյա պահանջում էր վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության (տես՝ կից տեսանյութ-ապացույցը), հիմնավորում էր այդ վերադարձի քաղաքական անհրաժեշտությունը:

Գիտեք, Ռոբերտ Քոչարյանն այդ առումով խնդիր չունի, և նրա վերադարձը չէ խնդիրը, ոչ էլ նման «գովիչ-հորդորիչների» կարիք ունի երկրորդ նախագահը: Խնդիրը նման քաղաքագետներն են, իրենց դյուրաթեք կողմնորոշումներով: Քամին որ կողմից փչի, ըստ այդմ էլ կխոնարհվեն, իսկ տարրական քծնախառն «գովերգությունը» (ժողովուրդը դա ավելի կոպիտ է բնորոշում՝ գործածելով նաև «օճառ» բառը) կհրամցնեն որպես «ուրույն վերլուծություն» և, հասկանալի է՝ ծառայություն:

Մյուս կողմից, երբ ի պաշտպանություն «թավշյա» ռեժիմի, Նիկոլ Փաշինյանի հանդես է գալիս Լևոն Շիրինյանը, ակամայից, զուտ մարդկայնորեն Փաշինյանն ու իր իշխանությունը մեղքդ են գալիս, մի քանի վայրկյան անգամ կարեկցում ես: Փաստորեն, որքա՜ն ծանր և անհույս է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ նրան «քաղաքագիտական ծառայություններ» է առաջարկում և նրա ռեժիմը պաշտպանում է Լևոն Շիրինյանը: Մյուս կողմից, նաև բնութագրական է, որ Փաշինյանի ամբողջ «ֆեյքաբազարից» հենց Շիրինյանին են խոսափողի մոտ հրել, թե՝ Քոչարյանի հարցազրույցի մասին մի բան ասա: Դե նա էլ հենց «մի բան ասում է»: Չնայած, անկախ այն բանից թե ինչ «մի բան» է ասում, ավելի անհամոզիչ, ավելի խոցելի «բանախոս» դժվար թե կարողանային գտնել:

Բայց «հուժկու» եռյակ է: Միայն անունները նշես, բավարար է, որ բոլոր չուզողները տապալվեն: Ծիծաղի՛ց:

Ստյոպիկ Սաֆարյան, Արման Բաբաջանյան ու Լևոն Շիրինյան: Պատկերի ամբողջության համար Գասպարին է պակասում՝ բնական վիճակով, նկատի ունենք՝ պառկած (արդեն կոմունալ հարմարություններով՝ հովացման համակարգով քնապարկ, բարձ, սառը հյութ...):

Ի դեպ, նման «քաղաքագիտական դրսևորումներին» տեղյակ և անգամ Լևոն Շիրինյանի վերլուծություններն ընթերցելու նյարդեր ունեցող փորձագետները նկատում են, որ անվանի քաղաքագետը «թավշափոխության» հետ նաև ավելի ընդգծված հակառուսական գիծ է բռնել: Սա էլ է հետաքրքիր՝ նկատի ունենալով, որ Լևոն Շիրինյանը բավականին ինտենսիվ համագործակցում է այդքան մերժելի Ռուսաստանի պետական հաստատության, մասնավորապես՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ, օրինակ, քննությունների շրջանում քննական հանձնաժողովում է հայտնվում: Չնայած, Հայ-ռուսական համալսարանի դեպքում դա երևի ընդունված է. ռուսական ֆինանսավորում, հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված տրամադրություններ: Ախր շատ սկզբունքային են, էլի, նման անվանի քաղաքագետները ու ոչ միայն իրենք, հո զոռո՞վ չէ:

Ի դեպ, դիտարկվող պարոնի թարմ «ռեակցիայից» մի փոքրիկ մեջբերում: Շիրինյանը, մուննաթախառը հանդիմանանքով Ռոբերտ Քոչարյանի հասցեին արտաբերում է այսպիսի ֆրազ. «Տղամարդ է, թող կանգնի դատարանի առաջ ու պատասխան տա»...

Ահա այն ամենը, ինչ արժե իմանալ դիտարկված անվանի քաղաքագետի, նրա քաղաքական «տեսողության», փաստերը, օբյեկտիվ իրականությունն ընկալելու ունակության, իսկ որ ամենից կարևոր է՝ իրականությունը գլխիվայր նենգափոխելու հատկության մասին:

Այդ երևի անվանի քաղաքագետն է վերադարձել Հայրենիք՝ համոզված լինելով, որ կարող է կալանավորվել, օրվա իշխանության տարածած մաղձի և ատելության, դրան զուգակցված քաղաքական հետապնդման թիրախ դառնալ: Երևի այդ բոլորովին այլ պետական գործիչ է տղամարդավայել դիմագրավել թե՛ նախկին, թե՛ ընթացիկ փորձություններին: Ըստ Շիրինյանի, միգուցե բոլորովին այլ Ռոբերտ Քոչարյան է արդեն երկու տարի դատարանի առաջ արժանապատվորեն կանգնած ու ոչ միայն պատասխան է տալիս, այլև ամեն պատասխանով ավելի ու ավելի ընդգծում իր դեմ իրականացվող հետապնդման ու հետապնդողների սնանկությունն ու ներկայացված մեղադրանքների բարբաջանքայնությունը:

Հաջորդ իշխանափոխությունից հետո Լևոն Շիրինյանի բուռն «վերլուծություններին» ծանոթանալու անկեղծ ակնկալիքով՝

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը