Մեկնաբանություն

30.07.2020 19:00


Դիմակ, դիմակ, մինչև... ե՞րբ

Դիմակ, դիմակ, մինչև... ե՞րբ

Հետաքրքիր է, բայց պաշտոնական աղբյուրները, տվյալ դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է կորոնավարակի թեստավորման ընդհանուր թիվը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ ամիսներ առաջ, օրինակ, հաղորդվում էր, թե ամեն օր քանի՞ թեստավորում է կատարվել: Ըստ այդմ, հնարավոր էր մոտավոր պատկերացում կազմել, թե ստուգված կամ թեստավորված քաղաքացիների որ մասն է վարակված կամ վարակի թեստի դրական պատասխան ստացել:

Ընդհանուրն՝ ընդհանուր, իհարկե, դժվար չէ վերցնել ու համեմատել ենթադրենք հունիսի 30-ին արձանագրված թեստավորման ընդհանուր թիվը՝ 111844, օրինակ այսօրվա՝ հուլիսի 30-ին հրապարակված նույն ցուցանիշի հետ՝ 161754: Այստեղից մաթեմատիկական շատ պարզ հանման գործողությամբ պարզ է դառնում, որ հունիսի 30-ից հուլիսի 30-ը ընկած ժամանակահատվածում կատարվել է 49910 թեստավորում կամ, անցած 30 օրվա ընթացքում միջինը կատարվել է 1664 թեստավորում:

Վարակվածների ընդհանուր ցուցանիշը այսօրվա դրությամբ կազմում է 38196 դեպք, իսկ հունիսի 30-ին այդ տվյալը 25542 էր, այլ կերպ ասած, անցած 30 օրվա կամ մեկ ամսվա ընթացքում վարակի նոր դեպքերի քանակը կազմում է 12654 կամ օրական միջինը՝ 421,8, կլորացնենք՝ 422 դեպք:

Մյուս կողմից պարզ է, որ եթե թեստավորման ընդգրկումն ու ծավալները նվազեցնես, ինքնաբերաբար՝ ավելի քիչ վարակի հաստատման դեպքեր կստանաս: Դա շատ հասարակ է: Ինչպես հայտնի բժշկական սրախոսության մեջ. չկան կատարելապես առողջ մարդիկ, կան չհետազոտվածներ: Եթե քիչ ես թեստեր անում, քիչ էլ վարակվածներ ես հայտնաբերում: Եթե ոչ մի թեստ չարվի, ոչ մի վարակված այդ տարբերակով չի հայտնաբերվի: Ով էլ գանգատներ ունենա, կարելի է ասել՝ թոքաբորբ է ձերը, ու մարդն իրեն միանգամից լավ կզգա, որ «էն անտեր վարակից չի կպել»: Ինչևէ:

Քի՞չ է, թե՞ շատ է օրական միջինը 1600-1700 թեստը, դա մասնագետները կարող են ասել: Բա՞րձր ցուցանիշ է, երբ միջին հաշվարկով թեստավորվածների մոտ ¼-ի կամ 25 տոկոսի դեպքում հաստատվում է կորոնավիրուսով վարակված լինելը, էլի թողնենք բժիշկ-մասնագետներին:

Փոխարենը հայտնի է, որ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը նկատելով, որ արդեն 6 օր անընդմեջ գրանցվում է 400-ից պակաս վարակի հաստատված դեպք (քանի՞ թեստից)՝ անցավ նորից կորոնավիրուսի համաճարակին ծանր վնասվածքներ պատճառելու բառապաշարին: Այսինքն ասաց, թե՝ «շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը»:

Այդ անտեր համավարակի ողնաշարը «Ձյունիկ» սառնարանի շենքի պես մի բան է դարձել: Բայց «Ձյունիկի» շենքը գոնե պարբերաբար պայթեցնում են ու չի քանդվում, իսկ համավարակի ողնաշարը հայրենի կառավարդապետը միայն լեզվով է ջարդում, այս էլ երևի երկրորդ, թե երրորդ անգամ:

Թեպետ, զուտ սուր արտահայտություններից բացի, կառավարության ու կառավարչապետի հիմնական հակահամաճարակային զենքը, ինչպես ասում են՝ անկյունաքարը, եթե կուզեք՝ «գրաալը» եղել ու մնում է համատարած դիմակապատումը, դիմակաֆիկացումը, դիմակավորումը, դիմակակրումը, դրա պարտադրումը: Ոչինչ, որ իշխանական լողափնյա տժժիկների ժամանակ այդ պարտադրանքը ոչ մեկի դիմակին չէ:

Կարևորը, որ այն կայուն տուգանային պետեկամտի աղբյուր է:

Հա, ու մեկ էլ ասում է, թե՝ ուրախ կամ տխուր առիթներով հավաքվելիս, ծայրահեղ ուշադիր եղեք, պահպանեք հակահամաճարակային կանոնները: Չէ, ամեն ինչ ճիշտ է, պետք է ուշադիր լինել, կանոններն էլ պահել, ձեռքերն էլ ախտահանել և ոչ միայն: Բայց դրանք արդեն ինքնապատասխանիչից լսվող ստանդարտ պատասխանի տպավորություն են թողնում: Իսկ թե ով պետք է պատասխան տա ընդհանուր առմամբ, ավելի քան 900 հայրենակիցների՝ վարակով ուղղակիորեն ու անուղղակիորեն պայմանավորված մահերի համար, երևի առանց ասելու էլ է հասկանալի:

Բայց բնութագրական է, որ վարակի դեմ պայքարի երկրորդական, երրորդական ու զուտ պրոֆիլակտիկ նշանակություն ունեցող պարագան (դե դիմակը, էլի) Փաշինյանի կառավարության համար հակահամաճարակային պայքարի անկյունաքարն է (ինքն է ասում): Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա դա ավելի շուտ քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» դիտարկելու և ոստիկանական տեռորի ենթարկելու անկյունաքարն է:

Վարակը, նկատի ունենանք, վաղ թե ուշ, իր ընթացքով կանցնի: Իսկ այ, կանցնի՞ երկիրը համակած այս «կառավարավարակը» ու երբ կանցնի, դա ավելի կարևոր հարց է, որի հնարավորինս անցնցում պատասխանը գտնելու վրա արժե, որ մտածեն պատասխանատու քաղաքական ուժերը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը