Կարծիք

30.07.2020 16:29


Կարծես հրահանգ կա Թուրքիային որպես «փափուկ խաղալիք» ներկայացնել

Կարծես հրահանգ կա Թուրքիային որպես «փափուկ խաղալիք» ներկայացնել

Երկու օր առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, այսօր էլ նույն խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը բառացիորեն նույն կարծիքն են հայտնել, որ Թուրքիան «չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին»: Հետաքրքիր է, որ տավուշյան իրադարձություններից հետո, երբ հայկական դիվանագիտությունը իրական հնարավորություն և ծանրակշիռ փաստարկներ ունի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները միջազգային հարթակներում դատապարտելու և հնարավորինս չեզոքացնելու նրա մասնակցությունը անդրկովկասյան տարածաշրջանում, մեր խորհրդարանական ընկերուհիները լծվել են այդ երկիրը «փափուկ խաղալիք» ներկայացնելու գործընթացին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին հրապարակվում, որ Ջորջ Սորոսը իր հետ առընչություն ունեցող բոլոր կազմակերպություններին հրահանգել է սատարել Թուրքիայի իշխանություններին և նրանց նպատակներին: Հրահանգը բառացի չեմ հիշում, բայց բովանդակությունը դա էր: Դեռ այն ժամանակ մեր լրատվական և փորձագիտական հանրության մոտ արդարացի հարց ծագեց, թե ինչպե՞ս են իրագործելու կենտրոնի «դիրեկտիվները» հայաստանյան սորոսականները: Սրանից էլ լավ օրինա՞կ: Թիմը կարող է Թուրքիայի Ադրբեջանին անվերապահ օժանդակելու կոչերն ընդամենը արձանագրել, դրա գնահատականը թողնելով միջազգային միջնորդների և ստրատեգիական դաշնակիցների ուսերին, իսկ սեփական կարծիքներում լինել կա՛մ շատ զուսպ, կա՛մ անլրջացնել իրավիճակը: Չեմ կարող ասել, թե ի՞նչպես են ընկալում թուրքական ուղերձները կամ նրա անմիջական մասնակցությունը մեր քաղաքական իշխանություններն ու նրա որոշ խոսնակներ, բայց մեր սահմանների անմիջական հարևանությամբ թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալուն զորավարժությունները բոլորովին այլ իրավիճակ են սահմանում փոքր տարածաշրջանում:

Տաթև Հայրապետյանն ավելի է խորացել իր մեկնաբանություններում, դրանք հիմնավորելով հետևյալ թեզով. «Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»: Ամենայն հավանականությամբ պատգամավորը նկատի ունի, որ Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տա Թուրքիային շոշափուկները տարածել Անդրկովկասում, մասնավորապես արցախաադրբեջանական հակամարտության մեջ, որն արդեն հայ-ադրբեջանական երանգավորում է ստանում: Նույն կարծիքին է նաև քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, երբ HTB հեռուստաալիքին տված հարցազրույցում ասում էր, որ այստեղ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի կենսական շահերն են վտանգված:

Հաստատվում է փորձագիտական շրջանակների այն կարծիքը, թե Հայաստանի իշխանություններն իրենց պասիվությունը կամ կրավորականությունը պայմանավորում և արդարացնում են տարածաշրջանի անվտանգության մեջ բացառապես այլ ուժերի շահագրգռվածությամբ: Վտանգը սակայն այն է, որ այդ ուժերը, որքան էլ որ դիրքավորվեն ընդդեմ Թուրքիայի, պարտավոր չեն բռնել Հայաստանի կողմը, եթե Հայաստանը հավատարիմ մնա «ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու» իր ֆանտազիաներին: Թուրքիան նույն ապակայունացնող դերակատարումն ունի Սիրիայում ու Լիբիայում, բայց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը չկարողացան զսպել Էրդողանին, իսկ թուրքական զորքերը հիմա նույն Սիրիայում և Լիբիայում են:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը