Մեկնաբանություն

30.07.2020 09:32


Փնտրվում են ՍԴ դատավորների «փոխարինիչների» թեկնածուներ

Փնտրվում են ՍԴ դատավորների «փոխարինիչների» թեկնածուներ

Նորություն հայտնած չենք լինի, եթե ասենք, որ թավշյա «ուզուրպատորներին» ՍԴ-ում պրոֆեսիոնալներ պետք չեն։

Ավելին` պրոֆեսիոնալները սրանց հակացուցված են ի սկզբանե։ Հակառակ դեպքում Լևոնի վկա, Նիկոլի կամակատար Վահեն, որ ընտրվելու հաջորդ օրն իրեն ՍԴ նախագահ հռչակեց, ի՞նչ գործ ուներ Սահմանադրական դատարանում. կյանքում թեկուզ մեկ օր դատավոր չաշխատած, ՀԱԿ-ին միջինից թույլ «փաստաբանական» ծառայություններ մատուցող այդ անհասկանալի սուբյեկտը նորմալ պայմաններում (երբ Հայաստանը դեռ վերջնականապես «շողուլից չէր ընկել»` քչից-շատից նորմալ պետություն էր, «բուդկի» պես չէր սեփականաշնորհվել առանձին վերցրած մեկ պուճուր մարդու կողմից, Սահմանադրությունը լավ թե վատ գործում էր և իշխող «սահմանափակ պատասխանատվության ընկերության» ոտքի չուլը չէր դարձել), ծոծրակը կտեսներ, դատավորի պաշտոնի երես չէր տեսնի։

Մեծ հաշվով, կարևոր չէ` իշխող ՍՊԸ-ն ում կառաջադրի ՍԴ դատավորի թեկնածու և ում «կգործուղի» Նիկոլի սրտի Սահմանադրական դատարան` դակելու Նիկոլի սրտի որոշումները։ Ով էլ լինի, ինչ էլ լինի` Վահեի նման մե՞կը, որ «վերևից ներքև, աջից ձախ» անհամատեղելի է օրենքի, օրինականության, սահմանադրականության հետ, թե՞ դատավորի առաքելությանը արժանի իրավաբան, սահմանադրագետ, մեկ է` լեգիտիմ չի լինելու, որովհետև չար ծառը բարի պտուղ չի տալիս. ցանկացած մեկը, ով համաձայն է Սահմանադրության, օրենքների կոպիտ ոտնահարմամբ աշխատանքից հեռացված դատավորների «փոխարինիչ» աշխատել, չի կարող լեգիտիմ լինել։

Բայց «թավշյա» վերնախավը նրա համա՛ր չի ազատվել պրոֆեսիոնալներից, որ Նիկոլի սրտի որոշումները դակելու պատասխանատու գործը վստահի «հեղափոխության արժեքներին» անմնացորդ աջակցություն և հավատարմություն ցույց չտված, հեղափոխական բոլոլաներում չթրծված, սորոսական շկոլաներով չանցած «պատահական» մարդկանց։ Դրա լավագույն ապացույցը ՍԴ դատավորի «փոխարինիչների» առաջադրման շուրջ ստեղծված ինտրիգային իրավիճակն է։

Ինչպես հայտնի է, ՍԴ «բռնազավթման արդյունքում» թափուր մնացած տեղերի թեկնածուներից մեկին առաջադրել է կառավարությունը։ Դա ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանն է, որին դժվար է կասկածել քաղաքականացված լինելու մեջ։ Մեր նախորդ հրապարակումներից մեկում արձանագրել էինք, որ Ավետիսյանը չի տեղավորվում «թավշյա ստանդարտների» մեջ, և փաստ չէ, թե Նիկոլի սրտի մեծամասնությունը հավանություն կտա նրա թեկնածությանը։

Իհարկե` սա չի նշանակում, թե քայլարածներն առյուծի սիրտ են կերել և այնքան կան, որ կարող են «չէ» ասել Նիկոլի առաջադրած թեկնածուին. մանկապարտեզի երեխան էլ հասկանում է` նման բան չի կարող լինել, որովհետև չի կարող լինել երբեք և ոչ մի պարագայում։ Երևի եվրոպաներից, օրինակ, Վենետիկի հանձնաժողովից, «իշմար» են տվել, որ նոր դատավորները չպետք է ընդգծված նիկոլական «զակալկա» ունենան, Նիկոլն էլ, «անաչառության» պատրանք ստեղծելու համար, առաջադրել է Ավետիսյանի թեկնածությունը, բայց «Ոսկե ցլիկի» հերոսի հանգույն սեղմել է իր գրպանային մեծամասնության «ոտքը»` հասկացրել է, որ վերջինիս առաջադրում է ոչ թե ընտրվելու, այլ չընտրվելու համար` «երկրորդ մոտեցմամբ» պողոսներին արժանի թեկնածու առաջադրելու պայմանով։

Քայլարածներն էլ, «ժանրի» կանոններին համաձայն, ձևացնում են, թե թեկնածուն այնքան էլ իրենց սրտով չի` «հին» է, այնքանով, որքանով հայրը «կասկածելի»` շա՜տ կասկածելի անցյալ ունի. «նախկինների» օրոք դատական համակարգում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Եվ որ «ամենակարևորն» է` չի վայելում «Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչվածների վստահությունը (դե, դրա համար պետք է Գագիկ Ջհանգիրյան, Տիգրան Եգորյան կամ, ծայրահեղ դեպքում, Սեդա Սաֆարյան լինել)։ Նախկինների սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վայելում է, նախկիններից ներկաներին փոխանցված նախարարները վայելում են, իսկ Ավետիսյանը, ավելի ճիշտ` Ավետիսյանի հայրը, չի վայելում այդ վստահությունը, և վե՛րջ։

«Լավատեղյակ աղբյուրներն» ասում են` Նիկոլի առաջադրած թեկնածուի նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ մեծամասնությունը չի ուզում ընդհանրապես քննարկման առարկա դարձնել նրա թեկնածությունը. որոշել են էս գլխից «արգելափակել», որ չմտնի Ազգային ժողով։

Իրավիճակը ոչ պակաս «ինտրիգային» է ՍԴ դատավորի երկրորդ «փոխարինիչի» դեպքում, որին պետք է առաջադրի դատավորների խորհուրդը։ Ամենագո «իրազեկ աղբյուրներին» հայտնի է դարձել, որ դատավորների խորհուրդը ոչ մի կերպ չի կողմնորոշվում թեկնածուի հարցում. ոչ այն է` ընդհանուր հայտարարի չեն գալիս, ոչ այն է դատավորներն իրենք են հրաժարվում անշառ գլուխը շառի տակ դնել` առաջադրվել այդ պաշտոնում։

Կա՛մ հասկանում են, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է ապօրինաբար պաշտոնանկ արված դատավորների օգտին լինել, և չեն ուզում մտնել այդ խաղի մեջ, կա՛մ այդ լուրերն իրենք` թավիշներն են տարածում. որպես թափանցիկ ակնարկ, որ դատավորների խորհուրդը պետք է յոթ անգամ չափի, հետո կտրի` ընտրի այնպիսի մեկին, ով բավարարում է Նիկոլի սրտի ՍԴ-ի չափանիշներին։ Այլապես կհայտնվեն մեխի գլուխ նախագահի վիճակում, որի առաջադրած թեկնածուներին հերթով մերժելով` ստիպեցին մոռանալ հին վիրավորանքները և երկրորդ անգամ առաջադրել մեկ անգամ արդեն մերժված Վահեի թեկնածությունը։

Դե, իսկ ՍԴ դատավորի երրորդ «փոխարինիչի»` նախագահի թեկնածուի դեպքում հաստա՛տ «չէպեներ» չեն լինի. տառապանքը փորձ ունի, կառաջադրի այնպիսի մեկին, որին ԱԺ մեծամասնությունը միաձայն կանցկացնի ու սուրը փառքով կդնի պատյան։

Իսկ թե ինչ կլինի դրանից հետո` Եվրոպական դատարանն ինչ որոշում կկայացնի, գլուխը քարը...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը