Մեկնաբանություն

29.07.2020 22:30


Փաշինյանը մեկուսացրել է Հայաստանը

Փաշինյանը մեկուսացրել է Հայաստանը

Մեր շուրջ բոլորը, մեղմ ասած՝ անհանգիստ է: Դա չի կարող չմտահոգել: Ավելի ճիշտ, դա երեկ էր մտահոգիչ: Այսօր արդեն նաև տագնապահարույց է:

Հարցն այն չէ միայն, որ անմիջականորեն մեր սահմաններին մոտ, լինի Նախիջևանում, թե Արցախի հայ-ադրբեջանական շփման գծի մոտակայքում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրականացվում: Դա խնդիր է, բայց ամենամեծ խնդիրը չէ: Ի վերջո, թուրք-ադրբեջանական զորավարժություններ նախկինում էլ են եղել: Ոչ այն ցուցադրականությամբ, ինչ հիմա, բայց եղել են: Նպատակներն էլ են ակնհայտ: Օրինակ, ահաբեկել Հայաստանը, ու թուրքերը (կարևոր չէ, թե ո՛ր կողմի) դա չեն էլ թաքցնում:

Բայց «մկանների ցուցադրության» այդ խնդիրը դեռ մի կողմ:

Տեսեք, Ալիևն ու Էրդողանն են իրար հետ կապվում (դե դա՝ ինչպես միշտ): Հետո Պուտինն է Էրդողանի հետ հեռախոսազրուցում: Իրար հետ հարցեր են քննարկում: Ու ոչ թե ինչ-որ հարցեր, այլ անմիջականորեն մեզ, մեր երկրին վերաբերող խնդիրներ:

Հայաստանի ղեկավարության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսացող չկա: Ո՛չ Պուտինն է զանգում, ոչ էլ, ասենք, Մակրոնը: Դե, Թրամփն զբաղված է: Հա, էն Կանադայի վարչապետից էլ ձայն չկա:

Այնպիսի զգացողություն է, որ Հայաստանի ղեկավարության կարծիքը, տեսակետը, դիրքորոշումը ոչ մեկին հետաքրքիր չէ ու պետք էլ չէ:

Ճիշտ է, որ իրենց հարցնես, ներքին լսարանի առաջ առյուծ կկտրեն կամ առնվազն՝ հովազ, ու կսկսվի նույն «քամի-փոթորիկը», թե՝ մե՜նք, թավշյա բարեփոխումներո՜վ, հասել ենք այն բանին, որ աշխարհը մեր շուրջն է պտտվում կամ առանց մեր ասելու չի պտտվում ու նման բաներ: Օրինակ, վկայակոչում են ՌԴ վարչապետի հետ Փաշինյանի՝ Մինսկյան հավաքի «լուսանցքում» եղած հանդիպումը: Բայց իրենք էլ են, իհարկե, հասկանում, որ դա այն չէ: Պարզապես այլ բան չկա:

Ակամայից մտաբերում ես Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի 99 տարի առաջվա պատմությունները: Այն, որ առանց Հայաստանի Հայաստանի հարցերը բոլշևիկյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան լուծեցին իրար մեջ:

Զուգահեռներ տանելու ոչ մի ցանկություն կամ տրամադրություն չկա, բայց մտաբերում ես: Հիմա Պուտինն ու Էրդողանը ինչ են իրար հետ ասել-խոսել, իրենք գիտեն, մեկ էլ՝ «կապավորները»:

Երբ գործող «թավշյա» ռեժիմի քննադատները դիտողություններ էին անում, ահազանգում էին միջազգային մեկուսացման մասին, նման վիճակը նկատի ունեին նաև:
Տեխնիկապես ու ձևական առումով կապ, իհարկե, կա: Բայց կապակցություն չկա, օրինակ, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Իրանի նախագահի միջև: Փաշինյանի և Վրաստանի ղեկավարի միջև: Դե, Պուտինի հետ կապակցության մասին արդեն նշվեց՝ չկա:

Ու մեկ էլ այդ խորապատկերում լրահոսում «բսնում» է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հայտարարությունը, թե բա գիտե՜ք, Հայաստանը կորոնավարակի համաճարակն օգտագործել է, որ հարձակվի Ադրբեջանի վրա: Ինքնին հասկանալի է, որ Չավուշօղլուի հայտարարությունը կոչված է առնվազն ֆոն ապահովել թուրք-ադրբեջանական ագրեսիվ զորավարժությունների, եթե ոչ՝ ուղիղ ագրեսիայի համար: Դա հին թուրքական «դիվանագիտական» մարտավարություն է:

Ու սա այն դեպքում, երբ գոնե մեզ պարզ է, թե ով է նախահարձակ եղել, ու ընդհանուր առմամբ՝ ինչու:

Եվ երբ այս հարցերը բարձրաձայնում ես, հետևում է արձագանք, թե՝ մեր բանակը իր տեղում է... Բանակը, այո՛, իր տեղում է, ու փառք և պատիվ թրծված սպայակազմին ու մարտունակ, իրենց գործին քաջատեղյակ զինվորներին: Տավուշյան դեպքերն էլ ապացուցեցին, որ բանակն իր տեղում է: Բայց այստեղ միայն բանակի հարցը չէ:

Իսկ ո՞ւմ տեղում են կամ ի՞նչ բանի են պետության արտաքին-քաղաքական պատասխանատուները. վարչապետ, ԱԳ նախարար:

Լրի՞վ արձակուրդային վիճակ է:

Թե՞ էլի՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ...» տարբերակն է:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը