Լրահոս

29.07.2020 15:19


Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել

Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Haise-ն, որը հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում, կողաշրջվել է, իսկ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։ Նշված վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայր է ժամանել նաև ԱԻՆ հոգեբանը, ով վթարի հարևանությամբ գտնվող կրպակի աշխատակցուհուն հոգեբանական օգնություն է ցուցաբերում, քանի որ վթարը տեղի է ունեցել նրա աչքի առաջ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված են եղել։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվելու ընթացքում բախվել է նաև կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի ավտոմեքենային։

Այս խորագրի վերջին նյութերը