Մեկնաբանություն

29.07.2020 10:05


Լա՛վ էլ գիտես` ի՛նչ ես անում, պարո՛ն մեծն մանիպուլյատոր

Լա՛վ էլ գիտես` ի՛նչ ես անում, պարո՛ն մեծն մանիպուլյատոր

Փաշինյանը լո՜ւրջ, շա՜տ լուրջ «ճեղքում» է գրանցել հայ-ռուսական հարաբերություններում` հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին և իր կոտրատված ռուսերենով հակադարձել Մարգարիտա Սիմոնյանի հայտնի գրառմանը, որի մասին իբր լսել էր, բայց սեփական աչքով չէր տեսել։

Ի պատասխան Սիմոնյանի «մեղադրանքի», թե ինքը, այսինքն` Փաշինյանը, ցուցադրաբար «թքել» է ռուս բարեկամների երեսին` բանտարկելով Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին, իրեն «շլանգի» տեղ է դրել. ձևացրել է, թե տարբերություն չի տեսնում Ռուսաստանի և «ռուս բարեկամների», կոնկրետ` նախագահ Պուտինի հետ անձնական հարաբերությունների միջև։

Ամերիկա է հայտնաբերել, թե, բա չե՛ք ասի. «Ռուսաստանում պետք է հասկանան, որ Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանում ո՛չ Փաշինյանն է, ո՛չ Պետրոսյանը, ո՛չ Պողոսյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Քոչարյանը` Ռուսաստանի դաշնակիցը և գործընկերը հայ ժողովուրդն է։ Հասկանո՞ւմ եք, դա շատ կարևոր նյուանս է։ Շատ գործիչներ երկար ժամանակ իրենց դիրքավորում էին որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից, բայց Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանն է, հայ ժողովուրդը, ոչ թե կոնկրետ անձինք, կոնկրետ ընտանիքներ, կոնկրետ գործարարներ, կոնկրետ քաղաքական գործիչներ։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Ոչ թե` որովհետև ինչ-որ մեկն ավելի կամ պակաս է սիրում կամ չի սիրում Ռուսաստանը կամ Հայաստանը, այլ որովհետև մենք ունենք ընդհանուր ռազմավարական շահեր` անկախ Փաշինյանից, Պողոսյանից, Պետրոսյանից, Իվանովից, Պետրովից, Սիդորովից։ Հասկանո՞ւմ եք` ունենք միասնական շահեր»։ Կարծես ինչ-որ մեկը երբևէ հակառակն է պնդել։

Ափսոս, չի բացել փակագծերը` ովքեր են, էլի, էդ «շատ գործիչները»։ Եթե`Ռոբերտ Քոչարյանը, ե՞րբ է տեսել կամ որտե՞ղ է լսել, որ Քոչարյանն իրեն «դիրքավորեր որպես Ռուսաստանի միանձնյա դաշնակից»։

Քոչարյանի օրո՞ք չէր, որ Հայաստանը դարձավ ԵԽԽՎ անդամ, Ֆրանսիայի նախագահն առաջին անգամ պետական այցով ժամանեց Հայաստան, և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մակարդակը հասավ «պատմական մաքսիմումին»։ Միացյալ Նահանգներն էլ ներառեց մեզ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում անհատույց ֆինանսական աջակցություն ստացող սակավաթիվ երկրների ցանկում, որոնք համապատասխանում էին արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների և ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին, Քոչարյանից հետո դադարեցրեց մեր մասնակցությունն այդ ծրագրում և մինչև օրս չի վերանայել այդ որոշումը։

Ինչ վերաբերում է նրան, որ, ինչպես արձանագրել էր Մարգարիտա Սիմոնյանն իր հրապարակման մեջ, հակառուսական տրամադրություններ հրահրող սորոսահպատակ կազմակերպությունները, որ Նիկոլի «նոր» Հայաստանում իրենց զգում են, ինչպես ձուկը` ջրում, իրենց «շահառուներին» սովորեցնում են` ինչպես տապալել Ռուսաստանի օրինական իշխանություններին, Փաշինյանն օգտագործել է իր գեղջկական խորամանկության ողջ զինանոցը` չքմեղանալով ու հերքելով անհերքելին։

Ինչպես Կապանի (թե՞ Վանաձորի` լավ չեմ հիշում) ասուլիսում «ֆռռացրեց» «Իրավունք» թերթի թղթակցին, այնպես էլ ռուս լրագրողին է փորձել «մատի վրա պտտացնել», թե բա` «դրանք ստեղծվել են այն ժամանակներում, երբ Ռուսաստանում ոչ մեկը չէր կասկածում Հայաստանի կառավարության ռուսամետ (ձեռքով ցույց տալով` «չակերտավոր» ռուսամետ) ձգտումներին։ Բոլոր այդ կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ։ Եթե այդքան հակառուսական էին, ինչի՞ նրանք չեն փակել բոլոր այդ կազմակերպությունները`որևէ մեկը կարո՞ղ է բացատրել։

Այդ կազմակերպությունները, կարելի է ստուգել` նույն գործունեությամբ էին զբաղվում և՛ այն ժամանակ, և՛ այսօր։ Ես չեմ հասկանում, ինչո՞ւ այդ կազմակերպությունների գոյությունը և գործունեությունը պրոբլեմ չէր մեր հարաբերությունների համար 2018 թ. առաջ, իսկ 2018թ. հետո հանկարծ (ձեռքը աղմուկով «շրխկացնում» է ծնկին) դարձավ պրոբլեմ։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել»։

Լրագրողի դիտարկմանը, թե գուցե այս հարցազրույցից հետո ինչ-որ մեկը կտա՞ այդ հարցի պատասխանը, ասաց. «Գիտե՞ք, եկեք չպատասխանենք այդ հարցին, որովհետև այստեղ ընդհանրապես հարց չկա»։

Պետք չէ միամիտ ձևանալ, պարո՛ն Փաշինյան։ Այդ հարցի պատասխանը տրվել է, և ոչ մեկ անգամ։ Եվ այդ պատասխանը մակերեսի վրա է։ Բայց քանի որ հարցնում եք, պատասխանում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք օտարածին ՀԿ-ների «գործունեությունը» խնդիրներ չէր առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում, որովհետև այն ժամանակ այդ կազմակերպություններն իշխանության փայատեր չէին. եղանակ չէին ստեղծում, «քաղաքականություն թելադրողի» դերում չէին, «տիրոջ» իրավունքով չէին թելադրում Հայաստանի արտաքին, անվտանգային, հակակոռուպցիոն ռազմավարությունը, դատաիրավական «բարեփոխումների», վեթինգի, անցումային արդարադատության իրենց «տեսլականը» պնդերեսաբար չէին փաթաթում մեր հասարակությանը։

Իհարկե` էլի՛ փորձում էին իրենց երկար քիթը խոթել Հայաստանի ներքին գործերի մեջ, սեփական գործակալական ցանցի միջոցով, ինչքան կարողանում էին` ջուր էին պղտորում, թունավորում, ուղղորդում հասարակական կարծիքը` պատրաստվելով այսօրվան։ Ոտնձգություններ էին գործում Հայ Առաքելական Եկեղեցու, ընտանիքի, ավանդույթների, պատմական «կարծրատիպերի» դեմ, բայց, մեծ հաշվով` չէին հաջողում, որովհետև իշխանության մեջ չէին և չէին կարող լուրջ ազդեցություն գործել, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա. մոսկաների պես հաչում էին, բայց բանը կծելուն չէր հասնում։

Այսօր նրանք ամենուր են` և՛ խորհրդարանում, և՛ կառավարության վերին էշելոններում, և՛ ուժային համակարգում։ Նրա՛նք են «ռուլիտ անում» պետությունը, կազմում Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության, կրթական հայեցակարգերը, որոշում՝մեր երեխաներն ինչ սովորեն, ինչ ծավալով, ռազմագիտություն անցնե՞ն, թե՞ չանցնեն, Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն ուսումնասիրե՞ն, Նարեկացի կարդա՞ն, թե՞ չկարդան։

Այնպես որ, լա՛վ էլ գիտես` ինչ ես անում, ուր ես տանում երկիրը, պարո՛ն մեծն մանիպուլյատոր։ Իսկ եթե չգիտես, բայց անում ես` ավելի վա՛տ քեզ համար...

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը