Կարծիք

08.04.2011 09:00


Ժամանակի հետ չի կարելի կատակ անել

Ժամանակի հետ չի կարելի կատակ անել

Հայաստանը փոփոխությունների, այն էլ` արմատական փոփոխությունների կարիք է զգում: Այս անգամ մեր երկրին խաբել չի լինի: Եթե փոփոխություններն ուշանան, ապա կործանումն անխուսափելի կլինի: Ընդ որում` փոփոխություններ ձևացնելը կարող է միայն արագացնել կործանումը:

Հիմա այնպիսի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, որ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մի մասն է մասնավոր զրույցներում խոստովանում, թե այսպես այլևս շարունակվել չի կարող: Ասում են, գիտակցում, որ իրավիճակը բավական ծանր է, բայց նյութապաշտությունն իրենց ստիպում է պաշտոններից կառչած մնալ:

Մոտենում է մայիսը: Տիգրան Սարգսյանի համար այս ամիսը մոտենում է չափազանց արագ. նույնիսկ Երևանի կենտրոնում կազմակերպվող ցուցադրական զբոսանքները չեն դանդաղեցնում մայիսի գալուստը: Իսկ մայիսին, կամ ծայրահեղ դեպքում՝ հունիսին, ՀՀ քաղաքացիները, ինչպես խոստացվել է, պետք է շոշափեն դրական տեղաշարժեր: Առայժմ ՀՀ քաղաքացիները դրական փոփոխությունները ոչ միայն չեն շոշափում, այլևս չեն տեսնում: Իսկ մամուլի որոշ միջոցների հրապարակումները հուշում են, որ մեկ կամ երկու ամիս հետո կառավարությունում արմատական, բայց՝ միայն ձևական, փոփոխություններ են լինելու: Այլ կերպ ասած՝ հնարավոր է՝ փոխվեն պաշտոնյաները, բայց համակարգի էությունը չի կարող փոփոխվել: Չի կարող, քանի որ վարչախմբի ղեկավարները չեն հրաժարվել երկիրը նախկին ձևերով կառավարելու մեխանիզմներից ու եղանակներից, և առավել ևս՝ չեն հրաժարվել Հայաստանը Թուրքմենստանի վերածելու տխրահռչակ ծրագրից:

Այսուհանդերձ, մայիսին կամ հունիսին, հնարավոր է, պաշտոնանկ արվի Տիգրան Սարգսյանը: Նայելով նրա դեմքին, հետևելով խիստ պատասխանատու և երկրի կայունությունն ապահովող մամուլի հրապարակումներին՝ հասկանալի է դառնում, որ գործող վարչապետի պաշտոնանկության հարցը գրեթե լուծված է:

Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները վստահ են, որ կառավարությունում կատարվող փոփոխությունները կարող են ժողովրդի մի մասին համոզել, թե իշխանությունները լրջորեն ցանկանում են փոխել իրավիճակը և արդեն սկսել են մտածել շարքային քաղաքացիների մասին: Չմոռանանք, որ առաջիկայում մեզ սպասում են խորհրդարանի ընտրությունները, իսկ ընտրություններից առաջ ցուցադրական պաշտոնանկությունները և հուզիչ ելույթներն արդեն սովորական երևույթ են: Ամբողջ հարցն այն է, որ գործող վարչախումբն այնքան հեղինակազրկված է, որ ժողովուրդը կամ ժողովրդի մի զգալի մասը պարզապես չեն հավատա վարչախմբին:

Այստեղ արդեն վարչախմբին օգնության ձեռք կարող է մեկնել երկրի կայունությամբ խիստ շահագրգիռ և «Ժառանգության» հետ լուրջ խնդիրներ ունեցող Հայ ազգային կոնգրեսը: Իսկ այս դեպքում ինչո՞վ կարող է Կոնգրեսն օգնել վարչախմբին: Առաջին հայացքից թվում է, թե ոչնչով, բայց եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կհասկանանք, որ ինչ–որ պահի «հեղափոխություն» անող Կոնգրեսը կսկսի ավելի խրոխտ ձևով պահանջել վարչապետի և այս տարվա մարտի 1-ին հրապարակված ցուցակում նշված պաշտոնյաների հրաժարականը: Քիչ հավանական է, բայց անգամ կարող են լինել շուրջօրյա գործողություններ, որից հետո էլ պաշտոնանկ կարվեն Տիգրան Սարգսյանը և մի քանի այլ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:

Կարելի է չկասկածել, որ այս դեպքում արդեն Կոնգրեսի առաջնորդները կհայտարարեն, թե վարչապետը պաշտոնանկ արվեց իրենց ճնշումների ներքո: Իսկ եթե ժողովուրդը հավատա, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվել ժողովրդի ճնշման ներքո, ապա անկախ իրենից կսկսի հավատալ, որ վարչախումբը նույն այդ ճնշման ներքո ստիպված է գնալ արմատական փոփոխությունների: Այնպես որ, ամեն ինչ շատ ավելի պարզ է:

Ամբողջ հարցն այն է, որ ժողովուրդը և նույնիսկ հանրահավաքներին ակտիվորեն մասնակցողները ինչ–որ պահի կհիշեն, որ իրենց գերագույն նպատակը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությունը չէր, այլ «հեղափոխությունը» կամ, ավելի ճիշտ,  իշխանափոխությունը, իսկ վարչապետի պաշտոնանկությունը հաստատ իշխանափոխություն անվանել չի կարելի: Ահա այստեղ էլ սկսվելու է Կոնգրեսի ճգնաժամը: Եվ ճգնաժամի հաղթահարմանն արդեն չեն օգնի Սերժ Սարգսյանի հրաժարականի համառ պահանջները: Չեն օգնի, քանի որ Կոնգրեսն արդեն շուրջօրյա գործողությունների չի դիմի, իսկ երբ պահանջում ես նախագահի հրաժարականը և շուրջօրյա գործողությունների չես դիմում, ապա արդեն որևէ մեկը քեզ լուրջ չի ընդունի:

Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞ւ Կոնգրեսը շուրջօրյա գործողությունների չի դիմի: Չի դիմի, քանի որ երբ անցնում ես շուրջօրյա գործողությունների, պետք է մնաս այնքան, քանի դեռ պահանջները չեն բավարարվել, իսկ այսօր և նույնիսկ վաղը Կոնգրեսը չի պատրաստվում նման առճակատման գնալ: Կոնգրեսը գնում է բոլորովին այլ ճանապարհով:

Շատ շուտով բոլորն էլ հասկանալու են, որ Կոնգրեսի գերխնդիրն իշխանափոխությունը չէ, այլ իշխանությունում ներկայացված լինելը: Բնականաբար, երբ տասնյակ հազարավոր մարդիկ սա հասկանան, արդեն իսկ բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվելու, իսկ այս նոր վիճակում արդեն պարտադիր է դառնում քաղաքական այն ուժի առկայությունը, որը կկարողանա արմատապես փոխել մեր երկրի քաղաքական կեղտոտ դաշտը: Իսկ ամենակարևորն այն է, որ այս անհրաժեշտությունը շատ շուտ է զգացվելու, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, և ճշմարտությունը բոլորին կհասնի շատ ավելի վաղ, քան կարծում են ոմանք:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը