Քաղաքական

28.07.2020 18:53


Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես 88 պատգամավորներն են. Ավետիք իշխանյան

Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ  պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես 88 պատգամավորներն են. Ավետիք իշխանյան

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության առաջադրումը սահմանադրությամբ է ամրագրված: Փաստորեն գործադիր մարմինը բարձր դատարանի թեկնածու է առաջադրում, որն իմ կարծիքով անընդունելի է. Tart.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստում հավանության արժանացած ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության առաջադրման հանգամանքին:

«Այն, ինչ կատարվեց ՍԴ դատարանի հետ այս մեկ տարվա ընթացքում, հակաօրինական և հակասահմանադրական է: ՍԴ նախագահի և դատավորների նկատմամբ սպառնալիքների ու քաղաքական հետապնդումներից հետո, իմ կարծիքով իրեն հարգող որևէ իրավաբան՝ ունենալով մասնագիտական արժանապատվություն, չպետք է համաձայնվեր ՍԴ-ի դատավոր դառնալ, առնվազը՝ մինչև ՄԻԵԴ-ի երեք դատավորների նկատմամբ որոշում ընդունելը, սա իմ սկզբունքն է: Սակայն իշխանությունները, կարելի է ասել՝ իրենց կարծիքով հասել են իրեց նպատակին, և հիմա ընթանում է երեք թափուր տեղերի առաջադրումը»,-նշեց նա: Ավետիք Իշխանյանը նշում է, որ ՍԴ դատավորի պաշտոնում բազմաթիվ այլ թեկնածուների անուններ էին շրջանառվում, և Նիկոլ Փաշինյանի որոշումն անսպասելի էր.

«Հանկարծ, բոլորի համար անսպասելի Նիկոլ Փաշինյանը առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, ես դժգոհողներին մի հարց կտամ՝ եթե ոչ թե Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը առաջադրեր, այլ ձեր նախընտրած թեկնածուններից որևէ մեկին, այդ ժամանակ դուք հարց կբարձրացնեի՞ք մրցույթի թափանցիկության համար, հավանաբար՝ ոչ, ուղղակի բոլորի համար անակնկալ եղավ, որ իրենց նախընտրած թեկնածուն և իրենց թիմից չեղավ: Եվ հետևյալ հարցն է առաջանում. Ինչո՞ւ Վահրամ Ավետիսյանը և ոչ թե թիմից որևէ մեկը, ես այս հարցում ունեմ մի վարկածը:

Ամեն դեպքում, եթե շրջանառվող անուններից որևէ մեկը նշանակվեր դրա համար ոչ միայն շնորհակալ կլինեին Նիկոլ Փաշինյանից, այլև կհամարեին, որ իրենք արժանի են այդ տեղին, քանի որ իրենք այդ թիմի հետ պայքարել են և ով գիտի՝ ինչպիսի՞ դիրք կգրավեին՝ թիմային տեսակետից: Իսկ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանի որևէ թիմի անդամ չպետք է մտածի, որ ինքն իր արժանիքների շնորհիվ է դարձել դատավոր: Նիկոլ Փաշինյանը նախընտրել է մեկին, ով անվերապահ պարտական կլինի իրեն՝ ՍԴ-ի դատավոր լինելու համար, ինչպես որ 88 պատգամավորները, որոնք պարտական են մեկ հոգու, որ դարձել են պատգամավոր և դրա համար նրա ասածները կատարում են»,-ընդգծեց Ավետիք Իշխանյանը:

Անդրադառնալով Վահրամ Ավետիսյանի հոր՝ դատավոր լինելու հանգամանքին և այս առթիվ հնչող տարաձայնություններին, Ավետիք Իշխանյանը նշեց. «Այն, ինչ ասում են, նրա հոր դատավոր լինելու և այլ հանգամանքների հետ կապված ինձ համար առանձնապես ընդունելի չէ, որովհետև այդ դեպքում ցանկացած առաջադրվողի ամբողջ ազգությունը պետք է ստուգեն, տեսնեն հեղափոխության նվիրյալ է, թե նախկին է, դա կլինի Խորհրդային միության ստալինյան շրջանը, որ մարդիկ կեղծում էին իրենց կենսագրությունը, որպեսզի չճշտեն, որ բանվորական կամ գյուղացիական ընտանիքից են սերած: Մյուս կողմից էլ, թերևս, այդ անձնավորության խոցելի լինելը, նրան Նիկոլ Փաշինյանի համար կդարձնի հպատակ»: Դիտարկմանը՝ թե թեկնածուի բարեվարքությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ստուգել, Ավետիք Իշխանյանը նշեց.

«Ես էլ կարող եմ կատակով ասել՝ ի՞նչ բարեվարքություն, հեղափոխության առաջնորդը ուզում է, անում է, էլ ինչի՞ հետևից են ընկել՝ բարեվարքություն և այլն: Ինչ է, չե՞ք վստահում վարչապետին»:

Այս խորագրի վերջին նյութերը